Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի պատրաստակամությունը երկխոսելու Միացյալ Նահանգների հետ, այնուամենայնիվ, ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է ցուցաբերի անկեղծ ձգտում բանակցությունների։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Իր հայտարարության մեջ Փեզեշքիանը նշել է, որ չնայած Իրանը հավատում է բանակցությունների կարևորությանը, երկիրը չի մասնակցի դրանց «ցանկացած գնով»։
«Մենք չենք ձգտում պատերազմի, լարվածության կամ միջուկային զենքի, մենք ձգտում ենք բանակցությունների։ Սակայն ամերիկացիները նույնպես պետք է ապացուցեն, որ իրականում ցանկանում են երկխոսություն վարել», - հայտարարել է Իրանի նախագահը։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ Իրանի պարտավորությունը չօգտագործել իր միջուկային հնարավորությունները «ոչ խաղաղ» նպատակներով, պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը հիմնված է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ֆեթվայի (կրոնական հրամանագրի) վրա։ Այս կրոնական հրամանագիրն արգելում է միջուկային զենքի արտադրությունը, տիրապետումը և պահեստավորումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին սկսել ուղղակի բանակցություններ նոր համաձայնագրի ստեղծման համար, որը կփոխարինի այն պայմանագիրը, որից նա միակողմանիորեն հրաժարվել էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդը սպառնացել է հարվածել Իրանին համաձայնություն ձեռք չբերելու դեպքում։
Թեհրանը բացառել է Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցությունները սպառնալիքների և ճնշման պայմաններում, սակայն չի մերժել անուղղակի երկխոսության հնարավորությունը։
2015 թվականին Իրանն ու միջազգային «վեցնյակը» (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության էին հասել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ ԱՄՆ-ը դուրս եկավ այս համաձայնագրից 2018 թվականին։