Անհետ կորած հայ զինծառայողների ծնողները լուռ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հայցերի հնարավոր հետ կանչման հետ:
Ապրիլի 7-ին Հայաստանի կառավարության շենքի առջև տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների ծնողների լուռ բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ, «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը հայտարարել է, որ ոչ վարչապետը, ոչ որևէ մեկը իրավունք չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) հետ կանչել անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հայցերը։
«Եվրոդատարանում մենք այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցված են, որ այդ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասքյարների կողմից և հիմա այդ հայցերը դրված են հարցականի տակ։ Եթե այս կառավարությունը հետ է կանչում նաև այդ հայցերը, այս մարդիկ մնում են ձեռնունայն և որևէ մեկից ոչինչ պահանջել չեն կարող», — ասել է նա։
Ստեփանյանի խոսքով, վերջին շրջանում որոշակի առաջընթաց է նկատվել. Եվրամիությունում բանաձև են ընդունել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը վերջին ակտիվության ֆոնին կարծես թե ինչ-որ բան սկսել է ձեռնարկել, «և հանկարծ կառավարությունն այստեղից հայտարարեց, որ այս ծնողների երեխաների հայցերը հետ են կանչելու»։
«Ես կարծում եմ՝ որևէ մեկը, լինի երկրի վարչապետ, թե մեկ այլ անձ, իրավունք չունի հետ կանչել հայցերը։ Դա մարդու իրավունքի կոպիտ խախտում է որևէ մեկի հայցը Եվրոպական դատարանից հետ բերելու, որովհետև այդ տղաները առաջին հերթին այս ընտանիքների անդամներն են եղել, մեր պետության զինվորներն են եղել», — ընդգծել է նա։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանի դեմ նմանատիպ հայցերի առկայության մասին, որոնք անհրաժեշտ է հետ կանչել խաղաղության պայմանագիր կնքելու համար, Ռուզաննա Ստեփանյանը նշել է. «Ադրբեջանը այդպես հստակ չի ասել, թե իրենք վերջին պատերազմից հետո քանի անհետ կորած ունեն, որովհետև մենք տեսանք, որ հայկական կողմը ամենավերջին մարդասպանին էլ հանձնեց Բաքվին։ Ի՞նչ անհետ կորածների մասին է խոսքը, որևէ այնտեղ տեսե՞լ եք նման ակցիաներ, տեսե՞լ եք դժգոհության ալիք, այնտեղ կարծես թե այդ հարցը վերջնականապես լուծված է։ Ադրբեջանը ամեն օր կարող է նոր պահանջներով դիմել և մերոնք փաստացի ուզում են, որ ընդամենը այդ սողացող խաղաղության թուղթը կարողանան ստորագրել»։
Անդրադառնալով այսօրվա ակցիայի նպատակին, նա ասել է. «Ծնողների հետ պայմանավորվեցինք, որ լռության ակցիա ենք իրականացնելու, որովհետև այս ծնողները այսօր ուզում էին փարվել իրենց տղաներին, գրկել, ստանալ իրենց տղաների ծաղկեփունջը։ Այս մարդիկ այս օրով ուզում էին իրենց տղաներին գրկեին պարզապես։ Նամակներ հանձնել ենք, շատ ենք հանձնել՝ ՄԱԿ, դեսպանատներ։ ՄԱԿ-ում որոշակի աշխատանքներ կատարվել է, առաջիկայում նաև հանդիպում կլինի, մնացածը ավելի բաց կխոսենք, նաև ԵՄ գրասենյակի մոտ ենք լինելու առաջիկայում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԽՄԿ տվյալներով, ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած Հայաստանում 2020-2022 թթ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո: