Մարգարայի անցակետը բացվեց՝ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար
madiamax.am
Քիչ առաջ բացվեց հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Այս մասին հայտնում է NEWS.am–ը։
Առավոտյան Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկից 4 բեռնատարներ ուղեւորվեցին դեպի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ, որտեղից էլ ուղղություն կվերցնեն դեպի Սիրիա: Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաեւ առաջին անհրաժ-եշտության այլ իրեր:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։