22.02.2025
Որո՞նք են ամենաշատը ոսկի արդյունահանող երկրները
prev Նախորդ նորություն

Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է. Մյունխենում անվտանգության համաժողովին անպտուղ մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը: Սակայն ինքը ձեւացնում էր, թե իբր չի նկատում Քոչարյանին եւ իր էջում մանկապարտեզների հիմնանորոգման, 2010 թ. էժանագին «Ռենջ Ռովեր» մեքենա հետ բերելու մասին գրառումներ էր անում, ինչը դաժան ծաղրի էին ենթարկում իր հետեւորդները։ Իսկ ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից եւ մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արեւմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը: Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի եւ այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ։


«Հրապարակը» գրում է ․ Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել եւ նոր խորհուրդ ձեւավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել եւ վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով եւ ուղղորդումներով ձեւավորել կուսակցական խորհուրդը։ ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրությունից հետո, երբ մարտի 27-ին այցելի Կապան՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ կրկին կլուծարի կառույցը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մարտի 1-ի» գործը եւ սպանությունները բացահայտելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մինչ օրս չի բացահայտել այդ գործը եւ միայն արձան է դրել «Մարտի 1-ի» խորհրդով, այլեւ նրա ԱԳ նախարարը պարգեւատրել է մի պաշտոնյայի, որը մարտի 1-ի քաղաքական էջը փակել է նախորդ իշխանությունների համար: Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ եւ նրան պարգեւատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ եւ նոր պրակտիկա ստեղծելու, եւ այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը:


«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար էր Հայաստանի համար ծանր ժամանակներում, երբ ՀՀ-ում արտակարգ դրությունից հետո վտանգված էր խոսքի ազատությունը, տասնյակ քաղբանտարկյալներ կային ՀՀ բանտերում, երբ Երեւանի կենտրոնում սպանվել էր 10 քաղաքացի, իսկ ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը խոսում էր նոր պրակտիկա ստեղծելու, եւ դա Եվրոպայի կանոններին հարմարեցնելու մասին: Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի ժամանակ նրան Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վանկարկումներով ու բողոքի ակցիաներով էին ընդունում, քանի որ նրա գործողություններից օրվա ընդդիմությունը դժգոհ էր: Դժգոհ էր, որովհետեւ նույն Թյորնբորն Յագլանդը եւ նրա ղեկավարությամբ ԵԽԽՎ մյուս ներկայացուցիչները փաստացի փակեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քաղաքական էջը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Անահիտ Ավանեսյանը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ: Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից: Այսպիսով, նախ տեղեկացանք, որ քիչ թվով ՔՊ-ականներ են ներկա եղել հանդիպմանը, որոնք խայթող հարցեր են ուղղել Ավանեսյանին, եւ նպատակ են ունեցել ցույց տալու, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: Փակ հանդիպմանը հիմնականում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը, բայց իրական նպատակը եղել է «նեղը գցել» Ավանեսյանին ու Փաշինյանի մոտ ցույց տալ, որ Ավանեսյանը անարդյունավետ նախարար է ու պետք է հեռացվի:


Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները: Չնայած սրան` ՔՊ-ից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ հակված չէ հեռացնելու Ավանեսյանին, քանի որ նրան համարում է «հնազանդվող ու ենթարկվող» նախարար, որը երբեք չի հակաճառում իրեն: Բայց Արսեն Թորոսյանը, կարծես թե, երազում է վերադառնալ նախարարի աթոռին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ «Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:


«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել։


«Հրապարակը» գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը թեպետ շաբաթներ առաջ ԱԺ տնտեսական հանձնաժողովում կենաց-մահու քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ, սակայն այն անհետացել է «ռադարներից» եւ ընդգրկված չէ ԱԺ հաջորդ նիստերին նախորդող մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի օրակարգում։ Խոսքը, հիշեցնենք, բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկ ու տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։ Մենք գրել էինք, որ չնայած Հայկ Սարգսյանը թիմակիցների հետ թեժ բանավեճից հետո հասավ նրան, որ նախագիծը հանձնաժողովում ընդունվեց, սակայն անցած շաբաթ մեկնարկած հերթական նիստերի օրակարգում չէր ընդգրկվել։


Պատգամավորը հայտնել էր, որ անցած չորեքշաբթի քննարկում է սպասվում` վարչապետի աշխատակազմից են խնդրել հավելյալ քննարկել նախագիծը։ Չնայած Սարգսյանը չի պատասխանում մեր զանգերին, սակայն տեղեկություններ կան, որ նախագծի դեմ պայքարող ՔՊ-ականներին հաջողվել է համոզել Փաշինյանին, որ դրա ընդունումը հարված է լինելու խաղային բիզնեսին, մանավանդ որ խոսքն իշխանության սրտի բիզնեսմենների մասին է: Եվ չնայած չորով չեն մերժել, սակայն ասել են, որ լրացուցիչ քննարկման, փոփոխությունների կարիք կա` ժամանակ ձգելու եւ նախագիծը ջրելու նպատակով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը: Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեեւ կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:


«Ժողովուրդ» օրաթերթը մասնագիտական հանրույթից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրականում դատախազությունը իրավական ճանապարհով չի կարողանալու բռնագանձել որեւէ ապօրինի գույք: Իսկ եթե նույնիսկ բռնագանձի, ապա քաղաքացին, ումից որ բռնագանձել են, այդ գույքի արժեքից մի քանի անգամ ավելի փոխհատուցում է ստանալու հետագայում ՀՀ պետբյուջեից իր բողոքարկումներով: Իսկ ռեգրեսիվ հայցով այդ վճիռը կայացրած դատավորից ու հայցը պաշտպանած դատախազից քաղաքացին կարող է ստանալ նաեւ իր գույքը խլելու փոխհատուցումը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է: Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:


Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:


Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:


Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:


Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ, քաղաքականացվածությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նաեւ Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը եւս մտադիր է մտնել ընտրապայքարի մեջ, իսկ առաջնորդող թեկնածուն կլինի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սակայն ինքը՝ Բարսեղյանը, լսելով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անմիջապես ասաց, թե զբաղված է` հնարավորություն չտալով իրենից մեկնաբանություններ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ, ով ասաց, թե Գյումրու ընտրությունների հարց դեռ չեն քննարկել, երբ վերջնական որոշում ունենան՝ կհայտարարեն այդ մասին: Բայց եւ չհերքեց, որ մտադիր են մտնել ընտրապայքարի մեջ:


Այսպիսով, եթե ամփոփենք, Գյումրիում կայանալիք ընտրություններին ոչ միայն տեղական նախկին ու ներկա իշխանություններն են պայքարելու, այլեւ տարբեր կուսակցություններ են հայտ ներկայացրել քաղաքական ներկապնակը Գյումրիում փոխելու համար: Հիշեցնենք, որ հայրաքաղաքում ավագանու խմբակցություն ու նաեւ քաղաքապետ ունենալու համար պայքարելու են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թեւանյանի եւ Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շարքը էլի կհամալրվի թեկնածուներով: Բայց առայժմ նկատելի է, որ ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ: Ընդ որում` ե՛ւ քրեական ե՛ւ քաղաքական դաշտում»: