Փոքր բիզնեսի ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 13-ին, բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը շրջանառության հարկի՝ 5%-ից 10% բարձրացման հետ։
Բողոքի առիթ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ տարեկան 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը վճարում են «անթույլատրելի ցածր» հարկեր` ակնարկելով ստվերային շրջանառության առկայության մասին:
«Հինգ օրում մեկ դամաշնիկ եմ վաճառել՝ 1500 դրամով։ Ի՞նչ օրական 27 հազար դրամի մասին է խոսքը»,- վրդովվում է ձեռնարկատերերից մեկը՝ մեկնաբանելով վարչապետի հաշվարկները փոքր բիզնեսի միջին օրական շրջանառության մասին։ «Մեզ մեծ բիզնեսի հետ են համեմատում, բայց հարկերը բոլորի համար են բարձրացնում»,- ավելացնում է ակցիայի մեկ այլ մասնակից։
Ակցիայի մասնակիցները մտահոգված են նաև առցանց խանութների հետ աճող մրցակցությամբ, որոնք, ըստ իրենց, աշխատում են ավելի նպաստավոր հարկային պայմաններում։ «Նրանք գրեթե ոչինչ չեն վճարում, իսկ մեր հարկերը շարունակ աճում են։ Այսպիսի պայմաններում մենք չենք կարող մրցակցել առցանց առևտրի հետ»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Նախօրեին Ազգային ժողովում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շրջանառության հարկով աշխատող ձեռնարկատերերի 61,7%-ը ցույց է տալիս մինչև 10 միլիոն դրամ տարեկան շրջանառություն։ «Ստացվում է, որ մեր հայրենակիցները օրական 27 հազար դրամի առևտուր են անում։ Մենք դրա համար չենք արել հեղափոխությունը, որ խրախուսենք ստվերային տնտեսությունը։ Մենք գնում ենք մեր հեղափոխական պարտավորությունները կատարելու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կանոններով, շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացվել է 5%-ից 10%՝ չփաստաթղթավորված գործարքների համար։ Միևնույն ժամանակ, փաստաթղթավորված գործարքների համար այն իջեցվել է 1,5%-ից 1%։ Փոփոխությունները վերաբերում են մինչև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկություններին։
«Մեր նպատակը ոչ թե ինչ-որ մեկին վնասելն է, այլ՝ հակառակը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ հեռանկարում նախատեսվում է ամբողջությամբ հրաժարվել շրջանառության հարկի համակարգից։