11.02.2025
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում զարգացումներ չկան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։


Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։


«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:


Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:


Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:


ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։


 

Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»