Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը վկայում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի համատեղ ջանքերի հաղթանակի մասին՝ ուղղված Իրանի, Սիրիայի, «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի ռազմավարական առանցքի կոտրմանը, չնայած ՀԱՄԱՍ-ը մի քանի հովանավոր պետություններ ուներ։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Արաքս Փաշայանը։

Լուսանկարում` արաբագետ Արաքս Փաշայանն է
Ասադի իշխանության սրընթաց փլուզումը
Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվել է մարտական գործողությունների լայնածավալ վերսկսման հետևանքով, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանության արագընթաց փոփոխություն։
Թուրքիայի հովանավորյալ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամական խմբավորումը, որը կազմում է ապստամբների հիմնական կորիզ, նախկինում կրում էր «Ջեբհաթ ան-Նուսրա» անվանումը և համարվում ահաբեկչական «Ալ-Կաիդայի» տարածաշրջանային ճյուղավորումը: Խմբավորումը, հաջող հարձակում իրականացնելով կառավարական ուժերի դեմ, հաշված օրերի ընթացքում հասել է նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացմանը իշխանությունից՝ հաստատելով վերահսկողություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում։
Առանձնապես լարված իրավիճակ է ստեղծվել երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, որտեղ թուրքամետ խմբավորումներն ուժեղացրել են ռազմական ճնշումը քրդական ուժերի վրա։ Զուգահեռաբար այս իրադարձություններին՝ հաճախակիացել են իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայի տարածքում գտնվող իրանական ռազմական օբյեկտների վրա, ինչը էականորեն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Թեհրանը լուրջ մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ զգուշացնելով հակամարտության՝ հարևան պետություններ, առաջին հերթին Իրաք տարածվելու վտանգի մասին։ Իր հերթին, Սիրիայի հայ համայնքը, որը բնակվում է նաև ակտիվ մարտական գործողությունների շրջաններում, հայտնվել է խոցելի վիճակում, թեև այս պահին բացակայում են տեղեկություններ նրա անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքների մասին։
Ասադի վարչակարգի տապալման պտճառները
«Արևմուտքը երկար ժամանակ պայքարում էր այսպես կոչված «չարի առանցքի» դեմ, ինչպես իրենք էին անվանում Իրանին և նրա դաշնակիցներին», - նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Իրանի պրոքսիները` հովանավորյալ ուժերը, տարածաշրջանում երկար տարիներ պաշտպանում էին Թեհրանի ռազմավարական շահերը։
Արաքս Փաշայանի խոսքով, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո երկրի արտաքին քաղաքականության իսլամական ուղղվածությունը լուրջ մարտահրավերներ էր ստեղծում արաբական երկրների, հատկապես Ծոցի միապետությունների համար։ «Այս երկրները ի դեմ Իրանի տեսնում էին իրենց ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք, իսկ անվտանգությունը Մերձավոր Արևելքի ամենակարևոր հարցն էր», - ընդգծել է փորձագետը։
Ըստ արաբագետի, Սիրիայում իշխանափոխությունը և Ասադի վարչակարգի հեռացումը տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի միջև լիակատար համաձայնության արդյունք է։ «Ասադն այլընտրանք չուներ», - նշել է Փաշայանը՝ հավելելով, որ իսլամիստական ընդդիմադիրները, խախտելով 2020 թվականի դեէսկալացիայի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնությունը, դուրս եկան դեպի M-4 մայրուղի և առանց որևէ դիմադրության գրավեցին Հալեպի նահանգը։
«Էսկալացիայի շարունակումից հետո պարզ էր, որ հաջորդը Դամասկոսն է ընկնելու։ Հատկապես հաշվի առնելով, որ երկրում կային խիստ արտահայտված հակաասադական տրամադրություններ սուննի բնակչության մեծամասնության շրջանում», - բացատրել է փորձագետը։
Արաքս Փաշայանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկիրն իրոք աղետալի վիճակում էր։ «Հազարավոր փախստականներ էին ապրում արաբական երկրներում, Թուրքիայում և այլուր, որոնց մի մասն իսկապես ցանկանում էր վերադառնալ և ապրել Սիրիայում։ Այսպիսով, ներսից էլ կար իշխանափոխության պահանջ», - նշել է նա։
Իսրայելի գործոնը
Փորձագետը կարևորել է նաև Իսրայելի գործոնը։ «Իսրայելը մեծապես հետաքրքրված էր Սիրիայից թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի դուրսմղմամբ, քանի որ ՌԴ-ն փաստացի պաշտպանում էր Ասադի վարչակարգը, որը համարվում էր Իսրայելի դեմ հակազդելու շղթայի կարևոր բաղկացուցիչ մասը», - ընդգծել է Փաշայանը։
«Ասադի վարչակազմի հեռացումը պատահական չէր։ Իսրայելին հաջողվել էր ռազմական հաղթանակներ տանել թե՛ ՀԱՄԱՍ-ի, թե՛ «Հեզբոլլահի» դեմ։ Կարելի է ասել, որ այս գործընթացի սկիզբը Գազայի դեպքերն էին», - նշել է արաբագետը՝ հավելելով, որ Ասադին թուլացնելու հիմքերն ակնհայտ էին։
Ըստ փորձագետի, Ռուսաստանի ներգրավվածությունն Ուկրաինայի պատերազմում հանգեցրել էր նրան, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը հայտնվել էին խոցելի դիրքերում։ «Ինչպես Հարավային Կովկասից, այնպես էլ Սիրիայից Ռուսաստանը ստիպված եղավ նահանջել՝ չնայած հսկայական ռեսուրսների, մարդկային զոհերի և մեծ ներդրումների։ ՌԴ-ն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ցանկանում էր վերականգնել իր փառքը Միջերկրական ծովի ափին, տանուլ տվեց», - ընդգծել է Փաշայանը։
Հիմնական շահողը Թուրքիան է
Արաբագետը նշել է, որ ստեղծված իրավիճակում հիմնական շահողը Թուրքիան է։ «Թուրքիան անմիջական լծակներ ունի Սիրիայում, վայելում է ընդդիմադիրների մեծ մասի համակրանքը։ Նրանց մի մասի վրա ունի ուղղակի վերահսկողություն, մյուսների հետ համագործակցության եզրեր կան։ Այնպես որ ապագայում թուրքական կառավարությունը նշանակալի ազդեցություն կունենա սիրիական գործընթացների վրա», - բացատրել է նա։
Փորձագետը հատուկ անդրադարձել է քրդական գործոնին, որը, ըստ նրա, ուղղակի հարված է միասնական Սիրիային։ «Դեռ պարզ չէ՝ ԱՄՆ-ն կշարունակի՞ աջակցել քրդերին՝ ինքնավարություն ստանալու հարցում, թե՞ քրդական խաղաքարտը կշարունակի խաղարկվել այլ կերպ։ Առաջիկայում կպարզվի նաև, թե Թուրքիան ինչ քաղաքականություն կմշակի Սիրիայի քրդական հարցի վերաբերյալ», - նշել է Փաշայանը։
Արաբագետը մատնանշել է, որ Սիրիայի քարտեզն այսօր լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած։ «Հարց է առաջանում՝ Սիրիան կկարողանա՞ վերականգնել իր միասնականությունը, թե՞ կփլուզվի։ Հյուսիսային և հարավ-արևմտյան հատվածները գրավված են Թուրքիայի կողմից, արևելյան նահանգները քրդական ինքնավարության տակ են, իսկ Գոլանի շրջանում Իսրայելն ավելացրել է բուֆերային գոտին», - ընդգծել է նա։
Հայկական համայնքի ապագան
Ինչ վերաբերում է հայ համայնքին, Արաքս Փաշայանը նշել է, որ այն ստացել է անվտանգության երաշխիքներ իսլամիստ ընդդիմադիրների կողմից։ «Ներկայումս իրավիճակը բավական խաղաղ է, վերջին իրադարձությունները չեն վնասել էթնոդավանական փոքրամասնություններին։ Ավելին, մարդիկ նույնիսկ տոնում են հաղթանակը, շատերն ուրախ են իշխանափոխության համար», - հավելել է փորձագետը։
Փաշայանի խոսքով, արտերկրում կան բազմաթիվ սիրիացի ընդդիմադիր գործիչներ, որոնք ժամանակին ստացել են Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի աջակցությունը և գործել են Սիրիայի սահմաններից դուրս։ «Ժամանակը ցույց կտա, թե այդ վտարանդի գործիչներից ովքեր կվերադառնան Սիրիա և տեղ կգտնեն նոր կառավարության կազմում», - եզրափակել է արաբագետը։
«Եթե Արևմուտքն իսկապես աջակցում է իսլամիստ ընդդիմադիրներին և կա քաղաքական կամք Սիրիայում իրավիճակը կայունացնելու, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, ապա դա դրական կազդի Սիրիայի կայունացման վրա։ Սակայն եթե տարբեր կենտրոնների շահերը շարունակեն բախվել, ինչպես առաջ, ապա խնդիրները կարող են շարունակվել։ Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա», - ամփոփել է Արաքս Փաշայանը։