VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ: Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին պաշտոնապես չհաղորդեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Հանդիպման մասին ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել: ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։ Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։ Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել եւ ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված: «Համլետ Գեւորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը: Ի դեպ, Համլետը, մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր (լուսանկարը 2019 թվականին է արված)»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խմորումները շարունակվում են, եւ 15 հոգանոց վարչության նիստերից արտահոսքերը շարունակվում են անգամ Հովիկ Աղազարյանի անփառունակ հեռացումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ ՔՊ-ականներ շարունակում են մանրամասներ ներկայացնել ՔՊ ներքին գզվռտոցներից: Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի նախաձեռնող նիստը, որը Նիկոլ Փաշինյանն անվանեց «ինքնաքննադատության օր», խոր արմատներ ունի: Պարզվում է, որ վերջերս՝ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ, իշխանականները փորձել են սեւացնել մեկը մյուսին ու իրար մասին բացահայտումներ անել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արփի Դավոյանը, երկրորդելով Անդրանիկ Քոչարյանին, հայտարարել է, որ թիմը թաթախված է կոռուպցիայի մեջ, որ «նախկիններից» ավելի վատ բարքեր են հաստատվել ՔՊ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է անուններ հնչեցնել, փաստերով խոսել: ՔՊ-ական տիկնանց օգնության է եկել Անդրանիկ Քոչարյանը ու անուններ տվել. Սյունիքի ՔՊ-ական նախկին փոխմարզպես Նարեկ Բաբայան, որը 2022 թվականի փետրվարից նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ: Շարունակվել է ցանկը՝ փոխքաղաքապես Արմեն Փամբուխչյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան: Անդրանիկ Քոչարյանը հերթով հիշեցրել է ԶԼՄ-ների հրապարակումները Ավինյանի վերաբերյալ, Դավոյանն էլ ասել է, թե նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում Ավինյանը, եթե կոռուպցիոն հակումներ չունի, ապա ինչու է դա անում:
Նիկոլ Փաշինյանն էլ խիստ բարկացել է ու ասել, որ հատ-հատ գնալու է բոլոր ահազանգերի հետեւից, իսկ այն ՔՊ-ականները, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհաստատվեն, ոչ միայն հեռացվելու են թիմից, այլ օրենքով պատժվելու են: ԲԱՅՑ, տարօրինակ կերպով, մինչ օրս որեւէ մեկը պատժված չէ: ԱՎԵԼԻՆ՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ավինյանը սպառնալից մեսիջներ է ուղարկել Դավոյանին, թե՝ «Ոչնչացնելու եմ քեզ…»: Շարունակելի….»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց եք տվել, սակայն այն գրեթե եթեր չի գնացել: Սրբազանը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մոտ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին, Известия լրատվամիջոցն իրեն հրավիրել է հարցազրույցի: Այն տեւել է գրեթե 40 րոպե, սակայն եթեր է գնացել ընդամենը մեկ րոպեանոց տեսանյութ: «Ես Մոսկվայում էի, իմացել են, որ այնտեղ եմ, հարցազրույց են վերցրել: Ոչ այնքան իրենց հաճելի պատասխաններ եմ տվել երեւի, դրա համար 40 րոպե տեսագրեցին՝ մեկ րոպեն էլ ցույց չտվեցին»,- ասաց Միքայել արքեպիսկոպոսը։
Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր հատվածն են հրապարակել. պարզվեց՝ հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների՝ խաղաղություն հաստատելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին խոսքն են միայն հրապարակել: Իսկ ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ է Սրբազանը պատասխանել, որ ռուսական լրատվամիջոցի դուրը չի եկել։ «Ամեն ինչի մասին էլ խոսել ենք, Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Հայաստան, ամեն ինչ էլ խոսել ենք: Որոշ քննադատական բաներ ասել եմ, բայց միայն քննադատություն չի եղել: Իրենք իրենց հարցերին ուզած պատասխանները չստացան՝ չհրապարակեցին»։ Բայց դժվարացավ հիշել, թե կոնկրետ ինչ հարցեր էին: Ասում են՝ Անդրանիկ Թեւանյանն է միջնորդել, որ իրենից հարցազրույց վերցնեն։ «Կարող է եւ միջնորդել է, ես տեղյակ չեմ` ով է միջնորդել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, եւ շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել եւ հանձնել ՔՊ խմբակցությանը` կարդալու։
Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր եւ ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը: Ինչպես նաեւ՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել եւ դիմել են Գլխավոր դատախազություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երեւանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար: Չանդրադառնալով բուն հրապարակմանը, նշենք միայն այն, որ մայր բուհը, որը հսկա աշխատակազմ ունի, իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ, չի կարողացել գրագետ հայց գրել, պահպանել դատարան դիմելու տարրական կանոնները, օրենքով առաջնորդվել եւ խելամիտ պահանջ ներկայացնել դատարան: Եվ դատարանների ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում մի անհեռանկար վեճով շուրջ 1 տարի զբաղեցրել է դատարանին: Ի դեպ, ԵՊՀ-ն միակը չէ․ «Հրապարակը» մի «դարակազմիկ» դատական վեճ էլ ունի Ագրարային համալսարանի հետ, որի ներկայացուցչի գրությունները` ուղղված դատարանին, Իլֆ-Պետրովի գրչին արժանի ստեղծագործություններն են հիշեցնում: Ագրարայինի պարտությունից հետո կհրապարակենք նրանց ներկայացուցչի մտքի գոհարները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձեւավորում՝ կ-աձեւ (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով, խաղալիքներով եւ դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար եւ ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաեւ ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձեւը եւ այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով։
Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա եւ տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տեւողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:
1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ եւ կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,
2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,
3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, եւ ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։ Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։ Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ եւ փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ: Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։ Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»: Մանրակրկտորեն կազմակերպված այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին»: