25.11.2024
Կառավարությունը նախատեսում է 5.5 մլն դրամ տրամադրել գյուղատնտեսական ապահովագրությանը
prev Նախորդ նորություն

Աննա Վարդապետյանը ներկայացրել է փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին: 


Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: 


Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Շվեյցարայից, Մալթայից, Ղազախստանի Հանրապետությունից և այլն:


Համաժողովի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Փողերի լվացման հանցակազմի որակման փոփոխությունը Հայաստանում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացման համատեքստում» խորագրով ելույթով: 


ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանում ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման քննությանը, ընդգծել է որ ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի՝ 2021 թվականի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք։ Հայաստանի կայուն զարգացման, իրավական անվտանգության ապահովման, երկրում օրենքի գերակայության և արդարության հաստատման համատեքստում Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանի կամքն ու հանձնառությունը՝ ուղղված ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հանցագործությունների նկատմամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, ընդգծել կոռուպցիոն երևույթների նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելուն միտված հետևողական քայլերը, ինչպես նաև թվարկել այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որը կատարվում է փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ընթացքում: 


Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին՝ նշելով տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից միասնական մոտեցման բացակայությունը, քննության ներպետական և օտարերկրյա պրակտիկայի անհամապատասխանությունը և այլն: Մարտահրավերների լուծման համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը, մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի համագործակցության մասին համաձայնագիրը, որը սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է աշխատանքային պայմանավորվածությունը: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ դեկտեմբերից ուժի մեջ մտնող Համաձայնագիրը Հայաստանի համար հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ, որը հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: 


Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի շրջադարձային որոշումը, որն էական դեր է խաղացել փողերի լվացման գործերի քննության և քրեական հետապնդման գործում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիային և Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել այն համոզմունքը, որ փոխադարձ արդյունավետ և ակտիվ համագործակցությունն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմանը։