23.11.2024
Զուրաբիշվիլիի և Սահակաշվիլիի նախընտրական խոսքում ՀՀ ճակատագրին անդրադառնալը դատապարտելի է
prev Նախորդ նորություն

Արդարադատության նախարարի նոր թեկնածուներ կան. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով: Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ: Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի: Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում: «Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։ Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը, պարզապես իր թեկնածուին էլ ձեւական կանցկացնեն վարչության «քավարանով», ապա կհաստատեն թեկնածությունը։ Իսկ Փաշինյանը, ըստ լուրերի, ուզում է նախարար դարձնել փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանին: Միակ երկմտանքն այն է, որ եթե նրան ՆԳՆ-ից տեղափոխի արդարադատություն, նրա փոխարեն ո՞վ է շարունակելու համակարգել ոստիկանության բարեփոխումները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։ Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում: Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։ ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։ Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր»:


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։ Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները: Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։ Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա եւս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձեւ: Թերեւս ուղղակի անփութություն է, թեեւ կարող է նաեւ էժան չնստել այս անձանց վրա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լիսկաների եւ մյուսների բդեշխության ինստիտուտը ժամանակին քննադատող Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ։ Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ։ Նախ ստիպեցին, որ հրաժարական տա Արմեն Հակոբջանյանը, ապա նրա փոխարեն երեկ Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց ՔՊ ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին՝ 34-ամյա մի երիտասարդի, որը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածությանը սիսիանցիները դեմ էին: Ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Քանի որ ՔՊ-ն ավագանու ընդամենը 13 անդամ ուներ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկն ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է տրվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա խորհրդարան: Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այնուհետեւ նախարարները, ուժային կառույցների եւ իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը: Նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին՝ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»:


«Հրապարակ» թերթը գրում է. Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․


«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»: Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները։