5.09.2025
Արդարադատության նախարարի նոր թեկնածուներ կան. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

«Հարավային Կովկասում ճնշման ռեսուրս Բայդենը չունի». Սուրեն Սարգսյան

VERELQ-ին տված հարցազրույցում ամերիկագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը վերլուծում է Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտության ներկա զարգացումները: ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի՝ տարածաշրջան կատարած վերջին այցերի համատեքստում փորձագետը բացահայտում է Բայդենի վարչակազմի քաղաքականության նրբությունները, գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների հեռանկարները և դիտարկում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները՝ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում:


Հարց. Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի այցը Ադրբեջան և Հայաստան: Կա երկու տեսակետ. առաջինը՝ որ սա ԱՄՆ հեռացող նախագահի վերջին ջանքն է՝ փորձելու առաջընթաց ապահովել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: Երկրորդը՝ որ ԱՄՆ-ն ամեն դեպքում մեծ ջանք է գործադրելու, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը մինչև տարեվերջ ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Դուք ի՞նչ եք կարծում:


Պատասխան. Երկու կարծիքն էլ ճիշտ են այն առումով, որ Բայդենի վարչակազմը նախագահի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրերից էլ այս խնդրով զբաղվել է: Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշել է, որ Հարավային Կովկասի կոնֆլիկտի լուծումն իր համար առաջնահերթություն է: Իհարկե, այս տարածաշրջանն իրենց համար սկզբունքային առաջնահերթություն չէ, սակայն Ռուսաստանին հակակշռելու տեսանկյունից, իհարկե, դա շատ կարևոր է Միացյալ Նահանգների և գործընկերների համար: Բայդենն այդ նախաձեռնությունն ըստ էության վերցրել է, այդ հարցում ահագին ակտիվ աշխատանք է կատարել, աշխատել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: Սա բնական է. երբ վերջին ամիսներն են Բայդենի նախագահության, բնական է, որ մաքսիմալ ջանքեր է ներդնում, որպեսզի խաղաղության համաձայնագիրը մինչև տարեվերջ կնքվի, որ ինքն իր սկսած գործը հասցնի իր տրամաբանական ավարտին:


Հարց. Կա՞ նաև խնդիր դրված Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելու այս կերպ:


Պատասխան. Բնական է, որ սա մտնում է ամերիկյան շահերի տրամաբանության մեջ, և դա ոչ միայն անձնական գործոն է. Հարավային Կովկասում եթե կարգավորում ես խնդիրները՝ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ նվազում է: Այնպես որ սա և՛ անձնական շահի առաջ մղման գործընթաց է, և՛ պետական շահի: Բայդենը նաև այն քիչ նախագահներից է, որ միջազգային հարաբերություններում մեծ փորձառություն ունենալով՝ կոնֆլիկտների լուծման հաջողության չի հասել: Այսինքն՝ չկա այնպիսի կոնֆլիկտ, որ Բայդենը կարողացել է լուծել՝ ոչ Մերձավոր Արևելքում, ոչ Ուկրաինայում: Դրա համար իր ժառանգության համար շատ կարևոր կլիներ, որպեսզի իր սկսած գործն ավարտեր: Այլ հարց է, թե Հայաստանի շահերն այստեղ ինչպիսին են, այլ հարց է, թե Հայաստանի շահերն այստեղ որքանով են հաշվի առնվել կամ անտեսվել:


Հարց. ԱՄՆ-ն կամ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենն ունի՞ ճնշման ռեսուրս, որպեսզի կողմերին, հատկապես Ադրբեջանին, ստիպի ստորագրել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ:


Պատասխան. Ճնշման ռեսուրս Բայդենն արդեն չունի, որ բանեցնի Ալիևի նկատմամբ: Այսինքն՝ այն ճնշումը, որ կարող էր ունենալ մեկ տարի առաջ, այսօր չի կարող բանեցնել, որովհետև հեռացող նախագահ է: Արտաքին քաղաքական բոլոր ռեսուրսները, որոնք ներդրված են դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի հաղթանակի համար, այս առումով չափազանց բարդ են դարձնում Ալիևի վրա ճնշում գործադրելը: Վերջինս, ով չի ցանկանում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, կասի՝ սպասենք մինչև ընտրությունները, հետո հասկանանք՝ ինչ ենք անում, որովհետև Թրամփի վերադարձն այլ արտաքին քաղաքական տրամաբանություն է ենթադրելու, իսկ Քամալա Հարիսի ընտրվելը՝ այլ:


Հարց. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել վերջին միտքը: Ինչպիսի՞ հավանական քաղաքականություն են վարելու այդ թեկնածուներից յուրաքանչյուրը, եթե և երբ ընտրվեն նախագահ:


Պատասխան. Որոշակի առումով Քամալան Հարիսը շարունակելու է ներկայիս վարչակազմի գծի տրամաբանությունը. վերջիվերջո վերջին 4 տարիներին որոշումների կայացման գործընթացում Քամալան ներգրավված է եղել, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Թրամփի նախագահությունը մենք հիշում ենք և տեսել ենք, որ Թրամփն առանձնապես չէր հետաքրքրվում մեզանով, մեր տարածաշրջանն իրեն այնքան էլ չէր հետաքրքրում: Չեմ բացառում, որ նույն պատկերը կրկնվի Թրամփի վերադառնալու պարագայում. ինքն ավելի շատ կենտրոնանա Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի վրա, Ամերիկայի համար ավելի կարևոր կոնֆլիկտների վրա՝ մեր վրա ուշադրություն չսևեռելով: Բայց Քամալան էլ այդ անձնական ներգրավվածությունը, որն ունեին Բայդենն ու իր թիմը, չի ունենալու, որովհետև Բայդենը հայկական խնդիրներին ավելի վաղուց էր ծանոթ, հայերի հետ աշխատանքի մեծ հետագիծ է ունեցել, այսինքն՝ ակտիվ լոբբիստների հետ է աշխատել, երեսուն տարի Սենատում է եղել, և իր ներգրավվածությունն անձնական որոշակի մոտիվացիա ուներ:


 


 

Մեծ թվով քաղաքական միավորներ պայքարը տեղափոխել են ներընդդիմության հարթություն
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը