Կառավարությունը կաջակցի կարկտի ակտիվ գոտիներում աշխատող ֆերմերներին
Լուսանկարը` pastinfo
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հաստատել է նախագիծ, որով աջակցություն կտրամադրվի կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆերմերներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի ակտիվ գոտիներում գործող տնտեսվարողների վնասների նվազեցման և եկամուտների կայունացման նպատակով։
«Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ վարչապետի մարզային այցերի ընթացքում։ Աշխատել ենք Հիդրոմետի հետ, առանձնացվել է 270 բնակավայր կարկտի առավել ակտիվ գոտիներում, որտեղ զբաղվում են ոչ ինտենսիվ այգեգործությամբ։ Այնտեղ, որտեղ կարող էին աճեցնել դեղձ և սալոր՝ ստանալով մեծ եկամուտ, ցորեն են մշակում։ Այս բնակավայրերում տարվա ընթացքում մի քանի անգամ աղետաբեր կարկուտ է լինում, և միակ լուծումը պաշտպանիչ ցանցերն են», - նշել է նախարարը։
Նախարարության հաշվարկներով՝ կարկտապաշտպան ցանցի տեղադրումը մեկ հեկտարի համար կազմում է 12.1 մլն դրամ։ Նշված բնակավայրերում պետությունը փոխհատուցում է ծախսերի 75%-ը՝ ֆերմերը պետք է ներդնի ընդամենը 3 մլն դրամ։
Նախարարը կարևորել է այս նախագիծը, որը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել բնակչության կենսամակարդակը այն բնակավայրերում, որտեղ զբաղվածության մակարդակը ցածր է, իսկ աղքատության մակարդակը՝ բարձր։
Ծրագրի իրականացման ընթացակարգով նախատեսվում է, որ շահառուները փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են մինչև կապալառուի հետ պայմանագիր կնքելը և կարկտապաշտպան ցանցի տեղադրման աշխատանքները սկսելը։ Նրանք դիմում են նախարարություն՝ նշելով հողատարածքի տեղը և չափը, կցում փաստաթղթեր։ 15 օրվա ընթացքում իրականացվում է տեղազննություն, կազմվում արձանագրություն, և դրական եզրակացության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։