Հայաստանը ցանկանում է ուղիղ երկխոսություն Թուրքիայի հետ. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է ուղղակիորեն շփվել թուրքական կողմի հետ՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Լավրովի խոսքերով, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է այս գործընթացի սկսմանը, որին միացել է նաև Իրանը, սակայն ներկայումս հանդիպումներ չեն նախատեսվում:
«Հայ գործընկերները դադար են վերցրել: Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուղղակիորեն շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել: Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը ցանկացած պարագայում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպման ընթացքում առաջարկվել է այս հարցերը քննարկել համալիր կերպով և խթանել ներգրավված երկրներին՝ հնարավորինս արագ համաձայնության գալու համար», - ասել է Լավրովը:
Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին պատրաստ են աջակցել, եթե անմիջական մասնակիցները հետաքրքրված լինեն դրանում: