VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ
Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ
Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։ Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, և ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է և նրան այցելում են համայնքի երիտասարդները։ Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։ Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնում։ Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվել է մի քանի ապրանքների շուկաները վերաձեւելու տարբերակներ: Վերաձեւման ենթակա «ամենահամեղը» տախտակի շուկան է, որը արդեն տարիներ շարունակ գտնվում է
Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ: Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար: Առավելագույնը, որ «թույլատրված է», կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար եւ ոչ ավելին: Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է: ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում: Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն: Չի բացառվում, որ այս շուկան վերաձեւելու «գաղափարը» ծնվել է հենց այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, որ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները
Սերժ Սարգսյանի հետ վատացել են, եւ Սեդրակյանը կարող է ՀՀԿ-ի համար ոչ այնքան ջանասիրաբար աշխատել նախընտրական փուլում»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
Իշխան Զաքարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Եթե 15-օրյա ժամկետում Զաքարյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կհամարվի ընդունված: Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո ՎՊ նախագահի պաշտոնի համար մրցավազքն արդեն սկսվել է: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ Իշխան Զաքարյանը կարող է հրաժարական տալ, քանի որ լինելու է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի պետը: Եվ երեկ ԱԺ-ում նրա հրաժարականի վերաբերյալ դիմումի ներկայացումից հետո արդեն քննարկվում էր հարցը, թե ովքեր են այդ պաշտոնին հավակնող թեկնածուները: Երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Նախ, այդ պաշտոնին ձգտում է ՀՅԴ-ն որի թեկնածուն ՎՊ խորհրդի նախագահի տեղակալ Արա Նռանյանն է: Երեկ փորձեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվեց անգամ հարցը լսել: Թեկնածու են նաեւ ՎՊ խորհրդի անդամ
Սեյրան Ավագյանն է ու այդ խորհրդի նախկին անդամ, էներգետիկայի նախկին նախարար
Լեւոն Յոլյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը,
Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր
Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։ Այս դաշինքի շուրջ վերջին օրերի խմորումների հետ կապված, մեզ հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով նրանց անունները դուրս են մնացել այս ցուցակից։ Ըստ տեղեկությունների՝ երկրի ղեկավարն անձամբ, հեռակա կարգով մասնակցում է ցուցակների ձևավորմանը՝ թեկնածուներին ուղարկելով և հանելով դաշինքներ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լևոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Պարզվում է` նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից երեքը` ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձևավորել են «Ելք» դաշինքը` այդպես վիժեցնելով գաղափարը: «Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, բայց մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին իրենց առանձին դաշինք ստեղծելու մասին»,- ասել է նա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, որն էլ ասաց. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կերպով դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություն չենք ունեցել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «
Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։ Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ ՀՀԿ-ում որոշ անհանգստություններ ունեն, որ նրանք են «հարամելու» ընտրությունները։ Ի դեպ, երեկ ՀՀԿ ԳՄ նիստը չի կայացել, կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 16։30-ին։ Այս նիստում քննարկվելու է միայն ՀՀԿ ռեյտինգային ցուցակը, համամասնական ցուցակը քննարկելու համար թերեւս մի նիստ էլ կհրավիրվի՝ փետրվարի 15-ին, եւ հաստատված ցուցակը մյուս առավոտյան՝ 16-ին, կներկայացվի ԿԸՀ»։
«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար
Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։ Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջևում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր Օհանյանի թողտվությամբ գործընթացները տանում են իրենց ցանկացած հունով։
Այլ խոսքով, Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել վերջիններիս ձեռքին, ինչպես ուզում են, նավի ղեկը թեքում են։ Մամուլն արդեն գրեց, որ այս դաշինքում թելադրող է դարձել
Սամվել Բաբայանը, որը ցուցակ կազմելու ակտիվ աշխատանքներ է իրականացնում և առաջին հորիզոնականներում ցուցակագրում Վարդան Օսկանյանի թիմակիցներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այն ուժերը, որոնք համաձայն չեն բաբայանական դասավորումներին, մտավախություն ունեն, որ, ի վերջո, այս դաշինքը ծառայելու է
Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքական ծրագրերին։ Դրա համար մի կողմ են քաշվել ու փոշմանել, որ երբևէ հույսեր են կապել Սեյրան Օհանյանի հետ։ Փաստորեն, պաշտպանության նախկին նախարարը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին «վերակենդանացնելու», շատ լավ իմանալով, թե հասարակության շրջանում ինչպիսի գնահատական կա վերջինիս վերաբերյալ։
Արդեն իսկ վստահություն չվայելող Օհանյանի այս դաշինքը նման հանգուցալուծման դեպքում վերջնականապես կարժեզրկվի հանրության աչքում։ Այս ողջ իրարանցումը ցույց է տալիս նաև, որ եթե Սեյրան Օհանյանը մի քանի ուժերով դաշինք չի կարողանում «թամամ» ղեկավարել, ու նրան թելադրում են տարբեր մարդիկ, էլ ինչպես է երկրում ինչ-որ բան փոխելու հավակնություններ ներկայացնում»: