24.11.2024
Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը շահագրգիռ է բոլոր բնագավառներում խորացնել համագործակցությունը Մեքսիկայի հետ

Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն:


Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, ինչով եւ պայմանավորված է երկրի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողություններին իր մասնակցության հանգամանքը:


Երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:


Սենատի նախագահ Խերարդո Նոռոնյան իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության սերտացման ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեքսիկայի Սենատի՝ 2023 թվականին ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման եւ հնարավոր նոր հանցագործությունների կանխարգելման գործում:


Հակոբ Արշակյանը հայկական կողմի գնահատանքն է հայտնել հայտարարության ընդունման առնչությամբ՝ նշելով, որ այդ քայլով Մեքսիկան, ի թիվս քաղաքակիրթ այլ երկրների, վերահաստատել է համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նկատմամբ իր վերաբերմունքը:


Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը վերաբերող հարցեր: ԱԺ փոխնախագահը մեքսիկացի իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն ու զարգացումները: Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում Մեքսիկայի ներկայացուցչի բալանսավորված եւ արդար դիրքորոշման ու ելույթների համար:


Խերարդո Նոռոնյան իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արդյունավետ կլինի, ու բոլոր տարաձայնությունները շուտափույթ հանգուցալուծում կստանան՝ տարածաշրջանում ապահովելով երկարաժամկետ ու կայուն խաղաղություն:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում:


ԱԺ նախագահի տեղակալն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել նաեւ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հանդիպմանն անկաշկանդ եւ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-մեքսիկական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հակոբ Արշակյանը պատասխանել է ներկաների հարցերին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող գործընթացը:


Մեխիկոյում գտնվելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն այցելել է Հայաստանի դեսպանություն, ինչպես նաեւ հարցազրույց է տվել մեքսիկական հեղինակավոր «El Universal» պարբերականին: