Փորձագետ. Թրամփը չի կարող խոչընդոտել իրանական նավթի արդյունահանմանը
Իրանը շարունակում է առաջ մղել իր ծրագրերը՝ նավթի արդյունահանումը օրական մոտ 3․8 մլն դոլարի սահմանում պահելու վերաբերյալ, ինչը համաձայնեցվել էր անցած տարվա նոյեմբերին ՕՊԵԿ խորհրդակցության ժամանակ՝ չնայած Թրամփի վարչակազմի կողմից պատժամիջոցներին ու բալիստիկ հրթիռներ ստեղծելու՝ Թեհրանի ծրագրի վերաբերյալ սրվող հակասություններին։ Այս մասին oilprice.com կայքում հրապարակված իր հոդվածում գրում է Գրեգորի Բրոուն։
Դա անելու համար Իրանը պետք է միլիարդավոր ներդրումներ ներգրավի, քանի որ ընթացիկ արդյունահանման հիմքում արդեն սպառվող հանքավայրերն ու քայքայված ենթակառուցվածքն է։
Նոր ներդրումների համար Իրանին առնվազն 100 մլրդ դոլար է պետք։ ԱՄՆ նոր հակաիրանյան պատժամիջոցները փորձում են ճնշել Իրանի տարածաշրջանային նկրտումները։ Իրանը, սակայն, ԱՄՆ հռետորաբանությանը լուրջ չի վերաբերվել ու միայն մեկ իրանցի չինովնիկն է այդ առթիվ արտահայտվել՝ Թրամփի վարչակազմին անվանելով ոչ փորձառու։
Հարցն այն է,թե այդ նոր պատժամիջոցները կամ ԱՄՆ հետագա գործողությունները ինչպես կարող են խոչընդոտել Իրանի նավթի արդյունահանմանն ու գազի արդյունաբերության զարգացմանը։ Պատժամիջոցները արդեն իսկ թեթեւակիորեն ազդել են գների վրա, իսկ եթե ԱՄՆ ու Իրանի միջեւ լարվածությունը շարունակվի, գների վրա հետագա ճնշումն անխուսափելի կլինի։
Այս իրավիճակը կանդրադառնա նաև ամերիկյան ընկերությունների հետ Իրանի գործարքների վրա։ Նավթի նախարարի տեղակալ Ամիր Հուսեյն Զամանինիան ողջունել է ամերիկյան ընկերությունների կողմից հետաքրքրությունը, բայց նախազգուշացրել, որ քանի դեռ առաջնային պատժամիջոցները պահպանվում են, ամերիկյան ֆիրմաները չեն կարող որեւէ դեր կատարել Իրանի նավթային ու գազային արդյունաբերության մեջ։
Իրանական մամուլն էլ գրում է, որ նոր պատժամիջոցները կմեկուսացնեն ԱՄՆ-ին , այլ ոչ թե Իրանին, որը կշարունակի անարգել գործարքներ կնքել եվրոպական ընկերությունների հետ։
Առանց ամերիկյան ընկերությունների էլ Իրանը հավանաբար կկարողանա ներգրավել անհրաժեշտ ներդրումները։ Փետրվարին կկայանան սակարկությունները՝ 29 ընկերությունների մասնակցությամբ, մեծամասամբ չինական ու ասիական։
Անկախ նրանից՝ սակարկությունները հաջող կլինեն թե ոչ, մեծ հավանականություն կա, որ Իրանը կշարունակի օգտագործել իր նավթի ու գազի դեռ չշահագործված հանքավայրերը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։