7.12.2024
Հանձնում են ...
prev Նախորդ նորություն

«Հայ-ադրբեջանական գործընթացում պայմանները թելադրվում են՝ ատրճանակը գլխին դեմ տալով»

Լուսանկարը` https://www.facebook.com/edmon.marukyan
Լուսանկարը` https://www.facebook.com/edmon.marukyan

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը VERELQ-ի հետ զրույցում կիսվում է իր քննադատական գնահատականներով՝ անդրադառնալով մի շարք արդիական թեմաների, ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ և միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության հեռանկարները:


Միջազգային հարաբերությունների համատեքստում «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը կողմ է արտահայտվում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին երկրի մասնակցությանը՝ հիմնավորելով դա Հայաստանի տնտեսական շահերով և ժամանակակից բազմաբևեռ աշխարհում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ:


Ըստ Ձեզ, ի՞նչ փուլում է գտնվում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և որքանո՞վ է իրատեսական Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում:


Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից և ԼՂ բնիկ ժողովովրդի էթնիկ զտումից հետո հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը փակուղում է հայտնվել։ Կարծում եմ խաղաղության պայմանագրի բանակցությունները կրում են զուտ ֆորմալ, դեկորատիվ բնույթ: Ինչու՞, որովհետև ԼՂ հակամարտությունը որևէ կերպ չի կարող համարվել լուծված և հետևաբար Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը դա մի բան է, որտեղ ատրճանակը գլխիդ դրած պայմաններ են թելադրում։


Այս գործընթացը դժվար է արդարացի լուծման որոնում անվանել, քանի որ անտեսվում է առանցքային խնդիրը՝ չլուծված լեռնային ղարաբաղյան հակամարտությունը: Սա ներառում է Ղարաբաղից 150 հազար հայ փախստականների իրավունքները, Բաքվի անպատրաստակամությունը պաշտոնապես ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ սահմաններով, սահմանազատման համար համաձայնեցված քարտեզի բացակայությունը և հաղորդակցությունների ապաշրջափակման չլուծված հարցերը:


Այս առումով տվյալ խաղաղ գործընթացը թվում է ձևական: Նման պայմաններում ցանկացած համաձայնագիր, որտեղ մի կողմը ստանում է ամեն ինչ, իսկ մյուսին բաժին են հասնում միայն կորուստներ ու փախստականներ, հազիվ թե կարող է հանգեցնել երկարաժամկետ և կայուն խաղաղության:


Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների երկկողմ ձևաչափին անցնելը: Արդյո՞ք դա բխում է Հայաստանի շահերից, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ միջնորդների դերի նվազեցումը:


Հայ-ադրբեջանական բանակցությունների երկկողմ առանց միջնորդների ձևաչափը Ադրբեջանի երկար տարիների պահանջն էր և ցավոք այն նույնպես կյանքի է կոչվում։ Դա նշանակում է, որ ագրոսորն ու ագրեսիայի զոհը պետք է ինչ որ բան պայմանավորվեն և հետո այդ պայմանավորվածությունը կատարեն։ Որևէ երկկողմ պայմանավորվածություն չի եղել, որ Հայաստանը իր մասը կատարի, Ադրբեջանը նույնպես կատարի իր վրա վերցրած պայմանավորվածությունը։ Երկկողմ բանակցությունները բացարձակ չեն բխում Հայաստանի շահերից, ավելին հենց այդ երկկողմ բանակցություններն են, որ բերում են միակողմանի զիջումեր, հակամարտության իբր թե կարգավորում անարդարացի լուծումներ կամ խնդիրների առհամարհում, որը ինչպես արդեն նշեցի չի կարող երաշխավորել երկարատև կայուն խաղաղություն։


2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին. ինչո՞ւ, Ձեր կարծիքով, հայկական կողմը չի բարձրաձայնում այդ փաստաթղթից բխող իր իրավունքների խնդիրները, հատկապես արցախահայության համար:


Հայաստանը երեք տարբերակ ունի Նոյեմբերի 9-ի մասով:


1. Պահանջել կատարել բոլոր կետերը, որից հետո կամ միաժամանակ կատարել 9-րդ կետը, որի համար ներգրավվել բանակցությունների մեջ:


2. Իրավական գործընթացով հետ կանչել ստորագրությունն ու դենոնսացնել եռակողմ հայտարարությունը:


3. Բողոքել փաստաթղթից, այն յուրովի մեկնաբանել, ասել, որ պարտավորություն ունենք կկատարենք, բայց կկատարենք այնպես ինչպես մենք ենք պատկերացնում:


Այսպիսով Հայաստանը երեք տարբերակներից ընտրել է ամենաանհաջողը, որը հղի է ապագա էսկալացիայով: Այդ, իսկ պատճառով ես պահանջում եմ առաջին տարբերակով գնալ պահանջել ԼՂ ժողովրդի վերադարձ, Լաչինի միջանցքի և Գորիս-Կապան ճանապարհի օգատգործման իրավունք, այնպես ինչպես կար և դրանց կատարման արդյունքում կատարել 9-րդ հոդվածը (հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին), այնպես ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ: Ինչպես նաև բացահայտել ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի բոլոր 13 նիստերի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները:


Ի՞նչ եք կարծում "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության մասին: Որքանո՞վ է այն իրատեսական և արդյունավետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար:


Այն լավ ծրագիր է, բայց եթե տարածաշրջանի երկրները չուզենան այն իրականանա, այն ինչպե՞ս կիրականա։ Ես բացարձակ չեմ ուզում, որ այդ ամբողջ ծրագրից միայն Հայաստանը ճանապարհ բացի, բայց ապաշրջափակում տեղի չունենա։ Եթե այն իրականացվում է, պետք է ամբողջ տարածաշրջանն ապաշրջափակվի։


Հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ: Շատերն այն ճգնաժամային են որակում: Ո՞ր մոտեցումն եք Դուք համարում ճիշտ Հայաստանի համար՝ խնդիրները բարձրաձայնե՞լ, պահպանե՞լ ներկա վիճակը, թե՞ հեռանալ ՌԴ-ից և ինտեգրվել Արևմուտքին:


Ես համարում եմ, որ մենք պետք է նստենք ՌԴ մեր գործընկերների հետ և վերջին շրջանի բոլոր իրողությունները և մեր գլխով անցածը աշխատանքային մակարդակում քննարկենք։ Փնտրենք լուծումներ և եթե ինչ-որ տեղ էլ ճգնաժամ ունենք ապա այդ տեղում ռեստարտի գնանք։ Տնտեսական բաղադրիչում վստահաբար ճգնաժամ չունենք, իսկ մնացած մասով ճգնաժամը չի կարող այդքան ձգվել, այն պետք է հանգուծալուծվի և կարգավորվի հաշվի առնելով մեր անցած ճանապարհը, փոխադարձ շահերի համադրմամբ։ Ես կարծում եմ անլուծելի խնդիրներ չկան այստեղ։


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Երևանը մասնակցելու է ԲՐԻԿՍ գագաթաժողովին: Այս որոշումը տարբեր արձագանքներ է առաջացրել փորձագիտական և քաղաքական շրջանակներում: Ոմանք կարծում են, որ դա կոպիտ սխալ է, մյուսները՝ որ ճիշտ որոշում է: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այս քայլը և ինչ հնարավոր հետևանքներ կարող է այն ունենալ երկրի արտաքին քաղաքականության համար:


Երկար ժամանակ է, որ ես լոբբինգ եմ անում, որ մենք պետք է դիմենք ԲՐԻԿՍ֊ին անդամակցության համար։ Ինչու՞ որովհետև մեր առևտրային ամենախոշոր գործընկերները բոլորը ԲՐԻԿՍ֊ի կամ անդամ են կամ դիմել են անդամակցոթւյան համար։ Եկեք միասին նայենք ցանկը` ՌԴ, Հնդկաստան, Արաբական Միացյան Էմիրություններ, Չինաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն։ Հետևաբար իմ առաջարկն այն էր, որ մենք մինչև Ադրբեջանի դիմումը դիմեինք որպես ԵԱՏՄ անդամ և օգտվելով մեր դաշնակցի աջակցությունից ՌԴ, Հնսդկաստան, Իրան եռանկյունու համատեքստում արագ միանայինք այդ բազմակողմ խոշոր կառույցին։ Հետևաբար, ինչպես կարող եմ ես դեմ լինել կամ կարծել, որ մեր մասնակցությունը ԲՐԻԿՍ գագաթնաժողովին սխալ որոշում է, ընդհակառակը չմասնակցությունը կլիներ սխալ որոշում։ Վերջին հաշվով Հայաստանում դեռ շատերը չեն հասկացել, որ մենք երկբևեռ աշխարհում չենք ապրում, այլ ապրում ենք բազմաբևեռ աշխարհում։ Այսպիսով, մենք պետք է ելնենք մեր պետական շահերից և հաշվի առնելով մեր բարդ տարածաշրջանն ու չկարգավորված խնդիրները` մենք պետք է վարենք բալանսավորված արտաքին քաղաքականություն և ոչ թե “կամ-կամ”-ի արտաքին քաղաքականություն։