10.10.2024
Արցախցիների իրավունքների վերականգնումը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է
prev Նախորդ նորություն

Ալիևը մերժեց Փաշինյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Ալիեւը երեկ, ըստ էության, մերժեց Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք համաձայնեցված են, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարեւոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»։ Փաշինյանն ասել էր, թե Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են 17 հոդվածից 13-ը, ու ինքն առաջարկում է այդ տեսքով ստորագրել։ Նա չէր գաղտնազերծել այդ13 հոդվածի բովանդակությունը, եւ թե ինչի շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվել։ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նույնպես չի գաղտնազերծել, սակայն պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իրենց պահանջը եւ խոսել Հայաստանի ապառազմականացման մասին։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին՝ Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հավաք էին արել: Իսկ երեկոյան «Հարսնաքարում» Դաշնակցությունը մեծ միջացառում էր նախատեսել։ Նախ՝ Արցախի ԱԺ-ն էր հատուկ նիստ գումարել, որին հրավիրված են եղել նաեւ Արցախի նախագահը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները, արցախյան անկախության ակունքներում կանգնած գործիչներ, այլ հյուրեր: Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների եւ գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարեւորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միեւնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։


Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի եւ իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաեւ՝ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, եւ ոչ մի ուղերձ չի հնչում: Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր: Տարիներ շարունակ թե’ Արցախում, թե’ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր կերպով մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ:  


Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք: Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում եւ հարակից տարածքում, իսկ Փաշինյանին եւ կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաեւ գերիների ու ռազմագերիների մասին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային կենտրոնը՝ OCCRP-ն, որ աշխարհում հետաքննություններ իրականացնող խոշորագույն նախագիծ է, ծավալուն հետաքննություն է իրականացրել և պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմը խոչընդոտել է շրջափակված Արցախ հումանիտար բեռներ փոխադրելուն, ինչը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Նշվում է, որ, ըստ այդմ, խոչընդոտներ են ստեղծվել թե՛ Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի համար։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թ. հոկտեմբերին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։


Հետաքննության հեղինակները նշում են, որ ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտել են մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ մեքենաների լրացուցիչ ստուգումների, թույլտվությունների համար պատասխանները տևական ձգձգելու, տարբեր այլ միջոցներով։ Ալիևին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Կարմիր խաչն արդեն 2023 թ. հուլիսի վերջին դադարեցրել էր մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ ռուս խաղաղապահները օգնություն կարողանում էին տեղափոխել միայն օդով, այն էլ օբյեկտիվորեն չափազանց քիչ քանակությամբ։


Հիշեցնենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ադրբեջանը պարտավոր էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել Կարմիր խաչի գործունեությունը. մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ Ինչպես հետագայում հայտնել էր Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Ֆրանսիան և Եվրամիությունը երաշխավորել էին Արցախի բնակչության պաշտպանությունը, բայց հրաժարվել կատարել իրենց պարտավորությունները Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան զտումների ժամանակ։


Իսկ թե ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը, մեղմ ասած, աջակցում Ադրբեջանին զտումների հարցում, ի թիվս այլ հանգամանքներից, կարելի է դատել հենց թեկուզ ազդեցիկ քպականների հայտարարություններից։ Օրինակ՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո քպական պատգամավոր, իսկ ներկայում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե՝ «եթե ուզում եք ճիշտն իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը», այսինքն՝ այն օրը, երբ հայաթափվեց Արցախը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցաքննել են իր եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարից, սակայն, ի պատասխան մեր հարցմանը, նախարարությունից հայտնեցին, թե այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացել են եւս 13-ը։ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի փոխանցմամբ՝ պետության կրած վնասը կազմում է 350 միլիոն դոլար»:


«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կվճռվի համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։ Պրոբացիայի ծառայությունը, հիշեցնենք, դիմել է դատարան՝ ազատազրկման հետ կապ չունեցող նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Գործը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։ Ըստ ուժի մեջ մտած դատավճռի՝ Առուշանյանը զրկվում է համայնքապետի պաշտոնից եւ եւս 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքապետը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու 14 անդամներ նիստում միաձայն արձանագրել էին, որ անհնարին է դատարանի պահանջը կատարելը, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում այդ հիմքով համայնքապետի պաշտոնանկություն։ Ուստի Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով


Դատական նիստին ընդառաջ, Առուշանյանի կողմնակիցները, համայնքի բնակիչները պատրաստվում են «Մեր Առուշին չենք տա ոչ մեկին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնել դատարանի առաջ։ Հնարավոր է, որ դատավորը որոշի գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ այն հիմնավորմամբ, որ կա իրավական կազուս` ՍԴ-ն թող դիրքորոշում հայտնի։


«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին: Սկսվեց մի կողմից՝ պաթետիկ շնորհավորական ուղերձներով, մյուս կողմից՝ նորանոր խնդիրներով, այդ թվում՝ դպրոցներում դարձյալ բազմաթիվ դասագրքերի բացակայությամբ: Սրան զուգահեռ՝ սոցցանցերի նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից: Ընդ որում, խոսքը փորձառու մասնագետների մասին է, որոնք հարգանք են վայելում թե՛ գիտական շրջանակներում, թե՛ ուսանողների մոտ: Բոլոր այն դասախոսները, որոնց հետ աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել, բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են: Եվ պատահական չէ, որ այդ դասախոսներն իրենց գրառումներում հստակ արձանագրում են, որ խոսքը բացառապես քաղաքական որոշման մասին է: «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի դասախոսներ պատրաստվում են այդ որոշումները վիճարկել դատական կարգով: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ նշյալ բուհերի ղեկավարների այդ որոշումները մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողների շրջանում:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: «Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:


«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:


Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:


Ավելին, մեկ անգամ այդ ընկերությունը դիմել և մերժվել է, հետո շտկումներ են կատարել բիզնես-ծրագրում և կարողացել են դառնալ ծրագրի շահառու: Այսօր մեր երկրում չմշակվող բավական հողատարածքներ կան, վա՞տ է, որ այգիներ են հիմնվելու, աշխատատեղեր են ստեղծվելու, պետբյուջե գումարներ են մտնելու»,նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ «ձեռքի հետ» մեզ մեղադրելով, թե ամեն ինչում միայն վատն ենք տեսնում. «Չնայած, գուցե դուք մեղավոր չեք, ի վերջո տարիներ շարունակ դա եք տեսել: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենն անցյալում է»: Անցյալը՝ անցյալ, բայց այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։


«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել՝ որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», - ամփոփեց Արմեն Փամբուխչյանը, ապա կտրուկ նշեց, որ այլևս չի կարող մեր հարցերին պատասխանել: Ավելի ուշ փորձեցինք ևս մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն հետագա մեր զանգերը մնացին անպատասխան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Ամառային դպրոցը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից 8 մլն դրամ թանկ է նստել ՀՀ աղքատիկ պետբյուջեի վրա։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Եղել են հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Ամառային դպրոցի» անցկացման համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը պայմանագիր է կնքել «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրն արժեցել է 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, որով սահմանված են եղել հստակ պահանջներ՝ մեջբերենք.


«ՀՀ ԱԺ 2024 թ. «Ամառային դպրոցի» (կրթամշակութային) կազմակերպում սույն թվականի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։ Ծրագրի շրջանակում, ըստ պայմանավորվածության (խմբ.), իրականացվել է մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով 30 անձի համար, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի համար, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար: Ընթրիքը նույնպես պատրաստվել է 60 անձի համար։ Մասնակիցների ընդմիջման կազմակերպումը ռեստորանում (շաբաթ եւ կիրակի օրերին)՝ 60 անձի համար (1 անձը 12.000 ՀՀ դրամի սահմանում, ներառյալ՝ ծառայությունների մատուցման համար սահմանված բոլոր վճարները), որը ներառել է՝ սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, զովացուցիչ ըմպելիքներ (նաեւ բնական), աղանդեր (խմորեղեն), միրգ եւ այլն. վերջնական պատվերները պետք է լինեն (խմբ.) պատվիրատուի/կազմակերպիչների հետ համաձայնեցմամբ»:


Եղել են այցելություններ թանգարաններ, պատկերասրահ, կինոթատրոններ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, ռեստորաններ եւ այլն: 22 մլն դրամը, կթվա, կրթության համար ոչինչ է, նույնիսկ՝ քիչ, սակայն «Ամառային դպրոցի» ծախսերի բացվածքը առավել անլրջացնում է ծրագիրը: Ինչ են արել «Ամառային դպրոցի» սաները.


«ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում, ներառյալ՝ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 puf բազկաթոռները (փափկաթոռներ)»։ Ծախսերում նշված է, որ գնել են. «կերամիկական բաժակ՝ բռնակով, երկկողմանի, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, շապիկ՝ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից եւ կարճաթեւ, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը՝ «Պոլո», երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 180 հատ, գինը՝ 5000 ՀՀ դրամ։


Էկոպայուսակ՝ տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 3500 ՀՀ դրամ։ 4 տեսակ ինքնակպչուն՝ յուրաքանչյուրից 70 հատ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ընդհանուր՝ 280 հատ, գինը՝ 450 ՀՀ դրամ։ Էջանշան՝ երկկողմանի տպագրությամբ, ՀՀ ԱԺ ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, քանակը՝ 70 հատ, գինը՝ 350 ՀՀ դրամ։ Ֆոտոշրջանակ նկարվելու համար՝ «կանգնող» ոտքերով, 1 հատ, գումարը՝ 75.000 ՀՀ դրամ»։ ԱԺ «Ամառային դպրոցի» համար կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ հատկացվել է 24 մլն դրամ՝ գրեթե 60 հազար դոլար։ Մեկ այլ պայմանագրով էլ ՀՀ Ազգային ժողովի՝ 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների սննդի/ընդմիջման ապահովման ծառայությունների ձեռքբերման պայմանով 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։ Ահա, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը ֆինանսներ հատկացրել «Ամառային դպրոցի» համար, որը ժամանակավոր բնույթի ծրագիր է եւ կրել է շփումների մակարդակի զրույց, ոչ թե լուրջ դասընթաց»:


 


 


 

Լուսանկարը՝ artsakh.news-ի
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները