11.10.2024
Ալիևը մերժեց Փաշինյանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արցախի ժողովրդի միակ ցանկությունը Հայաստանի կազմում ներառվելն էր առանց որևէ նախապայմանի

Լուսանկարը՝ artsakh.news-ի
Լուսանկարը՝ artsakh.news-ի

Հայաստանում վերջին քսան տարվա ընթացքում ձևավորվել է գործիչների մի հատուկ խավ, որն արցախցիներին հատուկ թիրախ է դարձրել, մեղադրելով նրանց անկախ պետականություն կառուցելու և, սույնով, ազգային շահերը դավաճանելու համար։


1991 թվականի սեպտեմբերի երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը, նրանց համար հատուկ խորհուրդ է պարունակում և առիթ է տալիս ներհայկական "անջատողականության" համար մեղադրանք/լուտանքների հերթական չափաբաժինն արցախցիներին հասցնելու համար։ Այդ մարդկանց մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը անկախության հռչակման հետ կապ չի ունեցել։ Դա այն իրավական գործողությունն էր, որի միջոցով այն պահի դրությամբ (Ադրբեջանը դրանից հինգ օր առաջ հայտարարեց 1918 թվականի ձաևաչափով իր պետականության վերականգնման մասին) փաստացիորեն արդեն նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում կոմպակտ հայ բնակչություն ունեցող տարածքները մեկ վարչատարածքային կազմավորման մեջ միավորվեցին։ Եվ դրանում պետական անկախության վերաբերյալ դեռևս բառ անգամ չկա։


Սա այն փաստացի տարածքային միավորն էր, որը ներկայացված էր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի Ազգային խորհրդի միջոցով, երբ կայացվեց Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը։ 1991թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանն առանց Արցախի տարածքը ներառելու անցկացրեց իր անկախության հանրաքվեն և, փաստորեն անկախացավ առանց Արցախի (հայաստանցի անջատողականների ջանքերի շնորհիվ)։ Վերջինս մնաց ԽՍՀՄ կազմում, բայց, դե յուրե, արդեն Ադրբեջանի կազմից դուրս և Հայաստանի կողմից՝ չընդունված։


Արցախն իր պետական անկախությունը հռչակեց Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականի հունվարի 6-ին՝ մինչ այդ, դեկտեմբերին, անցկացված պետական անկախության հռչակման վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե իբր արցախցի մեր հայրենակիցները նենգաբար դավեցին հայոց միասնականությանն ու կամովի ընտրեցին անկախության ուղին սուտ են։


Ես, ծագումով չլինելով արցախցի, բայց լավ իմանալով այնտեղի մարդկանց տրամադրություններն այն ժամանակ, ուղիղ ասում եմ՝ Արցախի ժողովրդի միակ ցանկությունը, երազանքը Հայաստանի կազմում ներառվելն էր առանց որևէ նախապայմանի։ Դա տեղի չունեցավ ոչ իրենց մեղքով։ Իրենք դրա համար արեցին և, կարծում եմ, կշարունակեն անել առավելագույնը։


Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյան


 


 

Լուսանկարը՝  www.newspress.am-ի
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները