«Ես չեմ կիսում ԱՄՆ դեսպանի գնահատականը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի ունեցել: Չեմ կարծում, որ արդարացված է չնկատելը, որ մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից՝ խորհրդարանական բոլոր ուժերի միաձայն քվեարկության արդյունքում, ըստ էության Հակակոռուպցիոն խորհրդում են քննարկվել, հանձնարարականները հնչել են հենց այդ խորհրդում և դրա գործունեության արդյունքում են ծնվել և իրողություն դարձել»: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի քննադատությունը ՝ այդ թվում և իր ղեկավարած ոլորտի հասցեին:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ սա վառ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունեն և Կառավարությունն այդ քաղաքական կամքը դրսևորում է:
«Ուղերձը հստակ է և դրանք այն քայլերն են, որոնք մենք կատարում ենք: Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ պետք է մամուլի ասուլիս հրավիրվի և հատուկ ուղերձ հղվի: Եվ շատ մտահոգություններ, որոնք դեսպանն իր խոսքում բարձրաձայնել է, դրանց լուծումներն արդեն իրականություն են, այդ մասին մենք բարձրաձայնել ենք, քայլերն էլ՝ ձեռնարկել: Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ մենք գնացել ենք հենց այն ճանապարհով, որ չսպասեն, մինչև մարդուն բռնեն կաշառք ստանալու պահին կամ լավություն անելիս»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, օրերս կայացած ասուլիսում դեսպան
Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստության տեղիք տվող միտումների է ականատես եղել՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդման ոլորտում:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ապօրինի հարստացման քրեականացումը հենց այդ նպատակն է հետապնդում, որ եթե հայտարարագրերի վերլուծությունից հետո ակնհայտ է դառնում, որ տվյալ անձի օրինական եկամուտը որևէ առնչություն չունի այն գույքի հետ, որն ինքը հայտարարագրել է կամ նույնիսկ չի հայտարարագրել, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Եվ դա բավարար է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը, ողջամիտ կասկածների առկայության դեպքում, գործընթաց սկսի:
«Սա նշանակում է, որ իրավասու մարմիններին մենք տվել ենք բավարար գործիքակազմ, այդ հայտարարագրերի վերլուծության հիման վրա կատարելու կոռուպցիայի դեմ քայլեր: Բայց մենք համարում ենք, որ դա էլ բավարար չէ և հավելյալ քայլեր ենք արել, օրինակ, մշակել կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող օրենսդրական փաթեթ: Ի դեպ, ԱԺ գլխադասային հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ օրակարգ ներառել հայտարարագրերի թերի, կեղծ կամ սխալ ներկայացման դեպքում պաշտոնատար անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը»,- նշեց նա:
Հաջորդ քայլը, շարունակեց Հովհաննիսյանը, որ Կոուպցիայի դեմ պայքարի խորհուրդը քննարկել և դրական եզրակացություն էր տվել, վերաբերում է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմանը:
Ինչ վերաբերում է դեսպանի կողմից հիշատակված անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ապա նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված է աշխատանքային խումբ, որը ավարտին է հասցնում աշխատանքները և ներկայացնելու է իր տարբերակը՝ երկրում անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալու, Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա իր որոշումների մեջ անկախ, լայն լիազորություններ և գործիքակազմ ունեցող մարմին ստեղծելու մասին, որը կկարողանա ձեռնարկել այն միջոցները, որոնք բավարար են իր հայտնաբերած ցանկացած թերությանը համարժեք արձագանք տալու համար:
«Հուսով եմ ՝ ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները և վստահ եմ, որ մեր Կառավարության ծրագրում ամրագրված բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, իրականում համապատասխանում են ինչպես Եվրամիության, այնպես էլ, վստահ եմ, ԱՄՆ դեսպանի կամ այլ գործընկերների սահմանած առաջնահերթություններին»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը:
Զրուցեց Լիա Խոջոյանը