VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ
Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը:
Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի ցուցակում, որը գլխավորելու է անձամբ Հրանտ Բագրատյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ԱԴԿ նախագահ
Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ՝ թերևս ԱԺ մտնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քոքոբելյանին, որը, սակայն, հերքեց հանդիպման մասին լուրը. «Անհեթեթություն է, և նախընտրական կամպանիային բնորոշ սև PR-ի էլեմենտ եմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա:
«Փաստ» թերթը գրում է. «Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր
Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար
Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ: Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի` Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն` Հանրապետականը կշահի...»:
«Ժամանակ» թերթը գրում է. «
Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ երեկվա հայտարարությունն անակնկալի է բերել շատերին, հատկապես քաղաքական շրջանակներին։ Բանն այն է, որ նրա հարցը վերջնական որոշված էր։ Անգամ պարզ էր, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Բացի այդ, Սուքիասյանը վերջին օրերին մշտապես եղել է դաշինքի շտաբում և նախընտրական հարցեր է քննարկել։ Թե ինչն է պատճառը, որ նա տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել, դեռ պարզ չէ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը ընտրությունների է գնալու դաշինքով։ Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգություն»-ը միանալու է
Սեյրան Օհանյանին, թեև բանակցություններն առերևույթ շարունակվում են նաև «Ելք» դաշինքի հետ։ «Ժառանգություն»-ը «Ելք»-ին միանալու համար պահպանել է առաջին և վեցերորդ հորիզոնականները։ Առաջին տեղի հավակնորդը «Ժառանգություն»-ից հենց Արմեն Մարտիրոսյանն է։ Սակայն «Ելքի»-ից պատասխանել են, որ իրենք էլ դեռ չեն որոշել իրենց ցուցակի հաջորդականությունը, բայց տեղի խնդիր չեն դնում։ Ի դեպ, դաշինքով մասնակցության դեպքում էլ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չեն մասնակցելու ընտրություններին։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով: Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաև դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: Բայց, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը դեռ համարվում է նշված բուհի խորհրդի նախագահը:
Տնտեսագիական համալսարանի խորհրդում կառավարության կողմից առաջադրված անդամների շարքում է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար
Գագիկ Խաչատրյանը: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հաստատեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվում են: Սակայն, ո´չ ՀՀ կառավարությունից, ո´չ էլ կրթության և գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել, թե Տնտեսագիտական խորհրդի կազմն ինչ փոփոխությունների է ենթարկվելու և մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու: Արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռևս չի ձևավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի ընդգրկվի, և նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաև նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:
Հ.Գ.-1. Գորիսի պետական համալսարանի ռեկտորը երեկոյան տեղեկացրեց, որ իրեն զանգահարել ու հայտնել են, որ խորհրդի կազմն արդեն հաստատված է և երկուշաբթի կամ երեքշաբթի ինքն այն կստանա»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով
Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքով հանդես գալու հարցում:
Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու և իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր Սեդրակյանին, իսկ որդու սեփականաշնորհած օբյեկտներն էլ կարող են վերադարձվել: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ
Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, ավելին՝ նա նոր խորհրդի անդամ է: Իսկ ինչ վերաբերում է զգուշացումներին, ապա նա հերքեց, որ իրենք Սեդրակյաններին նման զգուշացում են արել»: