23.11.2024
Նիկոլը հեռանալու է, բայց...
prev Նախորդ նորություն

Մակրոնը կգա Հայաստան. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ֆրանսիայի հայ համայնքի «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին ` անկախության օրը: Ըստ մեր տեղեկությունների այս քննարկվում են օրերին նրա այցի դետալները: Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակունի՝ ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է: Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 1-ին այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: Սակայն այդ այցն այդպես էլ չեղավ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ա Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։ ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»: Չէ՞ որ առջեւում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները եւ ՔՊ-ն: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից եւ անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և դիվանագիտական վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ խաղաղության պայմանագրի և վերջինիս շուրջ բանակցությունների և գործընթացի մասին հանրությանը պատշաճ կերպով պարբերաբար տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»։ Այսինքն՝ արտաքին քաղաքականության գերտեսչությունը նշված հարցի վերաբերյալ ոչինչ չի պատասխանել:


Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն: «Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցադրում էր կատարել, թե այս թեմայի շուրջ ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն, արդյոք պատրաստ է Հայաստանն ընդունել Ադրբեջանի նախապայամնները և այդ նախապայմաններից զատ՝ Ադրբեջանը այլ նախապայման առաջ քաշել է, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումներին պատասխանել են․ «Հայտնում ենք, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։ Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հարցին էլ պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված Տիգրան Ավինյանի ընկերոջը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարությունից։ Ավելի վաղ գրել էինք, որ Արաբկիրի թաղապետի տնային կալանքը փոխելու մասին միջնորդել էր մեղադրող դատախազը: Միջնորդությունը վերաքննիչ դատարանը օգոստոսի 9-ին բավարարել էր։ Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Արամ Ազատյանի աշխատավայրում ԱԱԾ-ն եւ Քննչական կոմիտեն քննչական գործողություններ եւ խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալվեցին Ազատյանը, նրա տեղակալը եւ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ։ Լավատեղյակ աղբյուրը մեզ հուշեց, որ ԱԱԾ-ին կից մեկուսարան տանելու իմաստն այն է, որ հնարավորինս անձը մեկուսացվի արտաքին աշխարհից եւ որեւէ անվերահսկելի շփումներ չունենա որեւէ մեկի հետ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օր առաջ գրել էինք, որ ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։ Բանն այն է, որ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է` դադարել են նրա լիազորությունները, սակայն ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին նոր հրամանագիր չի ստորագրվել, եւ Ուկրաինայում մեր դեսպանը, ըստ էության, անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ Մենք դիմել էինք ԱԳՆ մամուլի խոսնակին, ով խոստացել էր «պատասխան լինելուն» պես արձագանքել: Մի քանի օր է անցել, բայց պատասխան ստանալու մեր փորձերը շարունակում են անարդյունք մնալ։


Իրականում մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիա` ՀՀ դեսպան, ագրեմանն ուղարկել են, սպասում են հաստատմանը: Եվ այս հանգամանքով է պայմանավորված ԱԳՆ-ի լռությունը, նաեւ այն, որ պաշտոնավարման ժամկետը չեն երկարացնում եւ հետ չեն կանչում, սպասում են Իտալիայի իշխանությունների պատասխանին: Եթե հաստատում ստանան, ապա Վլադիմիր Կարապետյանը կգործուղվի Իտալիա, եթե ոչ, ապա երկարաձգելու մասին հրամանագիր կստորագրվի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եթե, «Դատալեքսի» կայքի օրինակով, որևէ բնական կամ տեխնածին աղետ չի պատահել համապատասխան սերվերի հետ, ուրեմն վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում (մինչև հուլիսի 1֊ը) չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։ Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։ Զորօրինակ՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն արժանացել էր ՊԵԿ-ի խիստ ուշադրությանը, իսկ իշխանական հայտնի լրատվամիջոցը հատուկ ընդգծել էր հաշվետվության ուշ ներկայացման աններելիությունը։ Սա, թերևս այն է, ինչ կոչվում է երկակի չափորոշիչներ, որն առկա է ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։   Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»։ Իսկ Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային»:



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին ՀՀ Կառավարության աջակցությամբ և հովանավորությամբ Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ էր տրամադրել՝ Հայաստանում անասնաբուծության զարգացման համար: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված կառավարության կողմից հենց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նկատմամբ այդ արտոնյալ վերաբերմունքը, և ինչու է գործադիրը երաշխավորել հենց Երեմյաններին: Ի պատասխան` Երեմյանները գրել են. «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը, ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 03.03.2022թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 276-L որոշումը»: 


Նաև հավելել են, որ իրենց ընկերությունը, արդեն իսկ ունենալով անասնաբուծության ոլորտի ստացված փորձ, և հնարավորություն ունենալով դառնալ վերոհիշյալ ծրագրի շահառու, դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Ինչ վերաբերում է ֆինանսավորող բանկի ընտրությանը, ապա ընկերությունը զուգահեռ բանակցություններ է վարել տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ: Երկարատև ուսումնասիրություններից հետո ծրագրին իր աջակցության պատրաստակամության մասին է հայտնել Եվրասիական զարգացման բանկը։ 


Մեր մյուս հարցին, թե արդյոք երաշխավորությունը կապված է 2023 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՔՊ-ի կազմակերպած դրամահավաքին ակտիվ մասնակցության հետ՝ ՔՊ-ին ֆինանսավորելու փաստով, Երեմյան փրոջեքթի կողմից հստակ պատասխան չեն տվել: Պարզապես նշել են՝ դրամահավաքի վերաբերյալ ժամանակին ԶԼՄ-ների կողմից բարձրացված հարցերին ընկերության կողմից տրվել է հստակ և սպառիչ պատասխան:Հարցին, թե ինչով է պայմանավորված պետական միջոցառումներին սննդի մատակարարման և հյուրասիրության հարցում բացառապես «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ընտրությունը, գրել էին. «համաձայն գնումների մասին օրենսդրության՝ ոլորտը որպես կանոն կարգավորվում է երկու մեխանիզմով: Առաջինը մրցութային կարգն է, որոնց Ընկերությունը բազմիցս մասնակցել և մասնակցում է․ իսկ երկրորդ դեպքում Ընկերությունը ընդամենը որևէ կառույցից (պետական կամ մասնավոր) ստանում է սննդի ծառայություն մատուցելու առաջարկ՝ համապատասխան պայմաններով և կայացնում որոշում՝ մատուցե՞լ այդ ծառայությունը ներկայացված պայմաններով, թե՞ ոչ: Վստահ ենք, որ գնումների այս երկու մեխանիզմներով աշխատում են ՀՀ բազմաթիվ այլ տնտեսվարողներ՝ և ոչ միայն սննդի ծառայության ոլորտում»: 


Վերջին հարցին, թե արդյոք ընկերության և ՀՀ իշխանության միջև կա միմյանց աջակցելու պայմանավորվածություն, հավելել են, որ մեր նախորդ հարցերի պատասխաններն արդեն իսկ ներառում են այս կետով բարձրացված հարցի պատասխանը: Այսպիսով, բացի օրենքների մեջբերումից որևէ այլ հիմնավորում չստացանք Նիկոլ Փաշինյանի օրոք արտոնյալ կարգավիճակ ստացած «Երեմյան փրոջեքթսի» կողմից, ավելին՝ առավել ամրապնդվեց տեսակետը, որ Դավիթ Երեմյանն իր բիզնեսները զարգացնելու համար քաղաքական առևտրի մեջ է մտել Փաշինյանի իշխանության հետ. վճարում է իշխող կուսակցության ծախսերի համար, փոխարենը ստանում է պետական արտոնություններ: Իսկ, օրինակ, կաթնամթերքի, անասնապահության ոլորտում առավել «հնաբնակները» չեն կարողանում պետության կողմից նման հոգածության արժանանալ»: