4.12.2024
Վրաստանում ընդլայնվում է հայկական կապիտալը
prev Նախորդ նորություն

Կասպից ծովի և Կովկասի տարածաշրջանում անվտանգության նոր ֆորմատ. «3+3+3» և ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիա

Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ստեղծման շուրջ մոտակա ժամանակներս սպասվող բանակցությունների մասին, ինչպես նաև Չինաստանի և Հնդկաստանի հեռանկարային հայտարարություններից հետո, Եվրասիայում ավելի շատ սկսեց զգացվել ներմայրցամաքային կոնսոլիդացիայի կարևորությունը:

Սլեպնևը նաև նշել էր, որ իրենք սկսելու են սերտ քննարկումները հայ գործարարների հետ՝ հաշվի առնելով Իրանի հետ առևտրի նրանց հարուստ փորձն ու Իրանի ու Հայաստանի միջև ցամաքային սահմանի առկայությունը: ԵԱՏՄ-ի ներկայացուցչի հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում հնչեցրած խոսքի հետ, որ ԵԱՏՄ-ը պետք է ընդլայնի իր աշխարհագրական ազդեցությունը՝ նաև Իրանի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան այցի ընթացքում այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Իրանը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Իրանը փաստորեն, ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու է տնտեսական կապերը ընդլայնելու և ազատ առևտրի ռեժիմ սահմանելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Իրանը մեծ ակնկալիքներ չունի Արևմուտքի հետ տնտեսական կապեր հաստատելու առումով և ԵԱՏՄ-Իրան ու Իրան-ՌԴ սերտ համագործակցության հաստատումը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծելու:

Սա հիշեցնում է այն իրավիճակը, երբ 2008թ.-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ քաշեց Կովկասյան պլատֆորմի գաղափարը՝ «3+2» բանաձևով, որին պետք է մասնակցեին Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը և Թուրքիան ու Ռուսաստանը: Անկարայում նույն տարվա նոյեմբերին տեղի ունեցած խոշոր համաժողովի ընթացքում ռուս փորձագետները Թուրքիային առաջարկեցին «3+3» ֆորմատ՝ Իրանի մասնակցությամբ, կամ «3+2+3» ֆորմատը՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասնակցությամբ՝ մասնակի ճանաչված երկրներ և ԼՂՀ-ի՝ չճանաչված պետության կարգավիճակում: Այդ առաջարկը մեծ աղմուկ բարձրացրեց Անկարայում:

Այս տարի իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվել է և այն ավելի բարդ է, քան 2008թ.-ին: Վրաստանը դեռևս գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության գոտում: Թուրքիան մերթ փորձում է հակադարձել Ռուսաստանին և Իրանին մի շարք հարցերում, մերթ նախապատվություն է տալիս իր տնտեսական և էներգետիկ շահերին: Ադրբեջանը ցանկանում է լինել ռազմավարական հակառակորդների արանքում՝ շանտաժի ենթարկելով աշխարհը նոր պատերազմ սկսելու հնարավորությամբ: Այդ պատճառով ամենաընդունելին է մնում «3+3+3» ֆորմատը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, որոնց կողքին պետք է լինեն նաև Աբխազիան, Հարավային Օսիան և ԼՂՀ-ը: «3+3» ֆորմատը՝ առանց Աբխազիայի, Հարավային Օսիայի և ԼՂՀ-ի կարող է մնալ որպես պահեստային տարբերակ: Սակայն ինչպես և Կասպից ծովի դեպքում, այստեղ նույնպես պետք է բացառել արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունը այդ ֆորմատին:

Թուրքիայի ՆԱՏՕ-ից դուրս գալը և լիարժեք տարածաշրջանային դաշինք ձևավորելը՝ ռեգիոնալ անվտանգության երաշխիքն է, ինչպես Մեծ Կովկասի, այնպես էլ հարևան Ասիայի և Մերձավոր Արևելքի համար: