6.12.2024
«Հյուսիս-հարավ» մայրուղին կդառնա տարանցիկ միջանցք Պարսից ծոցից դեպի Եվրոպա
prev Նախորդ նորություն

Վրաստանում ընդլայնվում է հայկական կապիտալը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Բաթումիում, որտեղ նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հատկանշական է, որ մինչ այդ Թբիլիսիում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի անցկացրած համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և նրա վրաստանցի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլու միջև: Грузия Online-ի փոխանցմամբ, նրանք քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները և նշել են, որ այս ոլորտում աճի միտումներ կան:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով 2013-2014 թվականներին հայկական ներդրումների ծավալը Վրաստանում կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար: 2013-ի հետ համեմատած՝ անցյալ տարի հայաստանցի գործարարների ներդրումները Վրաստանում աճել են 139 տոկոսով:

2014 թվականին 1 միլիոն 325 հազար 635 հայաստանցի այցելել է Վրաստան, որը 2,6 տոկոսով ավելին է 2013-ի ցուցանիշից: Վրաստանի 548 ձեռնարկություններում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայկական կապիտալ կա:

Հայաստանը հանդիսանում է նաև Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը: Պաշտոնական տվյալներով, 2014թ-ին երկու պետությունների միջև առևտուրի ծավալն անցել է 500 մլն դոլարը: Այժմ կողմերը քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները Հայաստանի Եվրասիական տնտեսկան միությանն անդամակցելու և Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցիացիայի պայմանագիրը ստորագրելու համատեքստում: