14.12.2024
Իրանը ՌԴ-ի հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր է ստորագրելու. Խարազի
prev Նախորդ նորություն

Լիբանանում հայկական կուսակցությունները նիստ են գումարել՝ քննարկելու հնարավոր սցենարները

Լիբանանում քաղաքացիների, այդ թվում՝ հայ համայնքի շրջանում տիրում է սպասողական վիճակ: Հաշվի առնելով այդ գերլարված իրադրությունը՝ երկրի հայկական քաղաքական 3 կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն այս հարցերի շուրջ նիստ են գումարել՝ քննարկելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ հենց երկրի ներսում վերջին օրերին առկա ռազմաքաղաքական իրադրությունը: 


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների ֆոնին Լիբանանում տիրող իրավիճակին, քաղաքացիների մոտ առկա հոգեբանական իրադրությանը, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերին:


 Նա նկատեց, որ օրեր առաջ Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանում արձանագրված հրթիռակոծումից հետո, որի ժամանակ սպանվեց «Հեզբոլլահ» շարժման ռազմական խորհրդի ամենահեղինակավոր անդամներից մեկը, իրավիճակը կտրուկ սրվել է: Իրադրության վատթարացման վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ վերոնշյալ իրադարձությունից ժամեր անց Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իսրայելը հատուկ գործողության արդյունքում սպանեց նաև ՀԱՄԱՍ-ի գլխավոր դեմքին՝ Իսմայիլ Հանիեին:


«Այս ամենի արդյունքում սպառնալիքների մակարդակն աննախադեպ բարձրացավ. Իրանը խոստացավ ուժգին հակահարված տալ, նույնն արեց նաև «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը: Այս բոլորը, բնականաբար, լարեցին իրավիճակը, և Լիբանանի հարավում բախումները շարունակվեցին», - նշեց Գանտահարյանը: 


Գանտահարյանը նշեց, որ հայկական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը քննարկել են հնարավոր սցենարները և դրանց նախապատրաստվելու  ուղիները: «Հայկական բարեսիրական միությունները ևս զբաղվում են ճգնաժամի խորացման դեպքում դրա հետևանքները հաղթահարելու ուղիներով: Քննարկվել են հատկապես սննդի, սոցիալական տարբեր կարիքների, հիվանդանոցային տարբեր խնդիրների, դեղորայքի հասանելիության և ժողովրդի կարիքներին վերաբերող այլ հարցեր»,- ասաց Գանտահարյանը՝ շեշտելով, որ լիբանանահայ համայնքն այսպիսի իրավիճակներին դիմադրելու համար կուտակել է բավականին մեծ փորձ:


Անդրադառնալով քաղաքացիների շրջանում տիրող հոգեբանական իրավիճակին՝ միջազգայնագետը նկատեց, որ այն լարված է և սպասողական, ինչի պատճառ են հանդիսացել երկու հանգամանք:


«Առաջինն այն էր, որ ավիաընկերությունները հետաձգեցին, առկախեցին կամ չեղարկեցին իրենց թռիչքները: Երկրորդը՝ օտարերկրյա դեսպանությունները ևս կոչերով, հորդորներով հանդես եկան, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այդպիսի հայտարարություն տարածեց: Իհարկե, անվտանգային աստիճանաչափերի մասին է խոսքը, քանի որ դրանք տարբեր են: Այդ է պատճառը, որ տարածված հայտարարությունների մեջ նշվում էր, որ եթե քաղաքացիները խնդիրներ չունեն լուծելու, ապա զերծ մնան Լիբանան մեկնելուց: Այդ հայտարարությունների մեջ կային նաև սեփական քաղաքացիներին ուղղված կոչեր, որպեսզի վերջիններս մոտ չգնան բախումների կետերին: Հոգեբանական լարվածությունը մեծացրեց նաև այն, որ արաբական պետությունները, արևմտյան պետությունները նաև այլ տարբեր պետություններ ևս իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանի տարածքը», - մանրամասնեց Գանտահարյանը՝ հավելելով, որ, բնականաբար, այս ամենն ազդում և գերլարված ու սպասողական իրավիճակ է ստեղծում քաղաքացիների շրջանում՝ հատկապես այն դեպքում, երբ հայտարարվել է, որ Իրանի կողմից լինելու են պատասխան գործողություններ:


Նա հավելեց, որ իրավիճակին լարվածություն է ավելացնում նաև այն, որ Իրանը թեև հայտարարել է պատասխան հարված հասցնելու մասին, սակայն հարցական է մնում այն, թե այդ պատասխանն ի՞նչ տեսքով կլինի. կլինի թիրախայի՞ն, սահմանափա՞կ, տեղայի՞ն, կփոխի՞ արդյոք ռազմական բախումների աշխարհագրությունը, թե՞ ոչ:


Շահան Գանտահարյանը հիշեցրեց, որ սպառնալիքների այսպիսի հոսք արդեն եղել է, երբ 2024 թվականի ապրիլին Իսրայելն ԱԹՍ-ներով հարվածել էր Իրանին, վերջինս էլ հակադարձել էր՝ իր հերթին հարվածներ հասցնելով Իսրայելին: Գանտահարյանը նկատեց, որ հիմա արդեն իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ եթե նախկինում Իսրայելի և Իրանի միջև հարվածները կրում էին պրոքսի, այսինքն՝ միմյանց տարածքներին ոչ ուղղակիորեն հարվածներ հասցնելու բնույթ և ունեին իրենց ենթարկվող ուժերի միջև բախումների տեսք, ապա այժմ այդ իրավիճակը փոխվել է, և կողմերն արդեն թիրախավորում են հենց անմիջապես մեկը մյուսի տարածքը:  Այդուհանդերձ, նա շեշտեց, որ իրավիճակը մնում է քիչ թե շատ վերահսկելի, և զսպող միջոցները դեռևս կարողանում են հեռու պահել լայնամասշտաբ պատերազմի վտանգը: «Հիմա շատ դժվար է կանխատեսել, թե այս դեպքում հարվածներն ու բախումները կկրեն սահմանափա՞կ, թե՞ կկրեն մեծածավալ բնույթ», - նշեց Գանտահարյանը՝ հավելելով, որ լարվածությունը մեծացնում է նաև այն հանգամանքը, որ Իրանի հակահարվածի մասին հայտարարություններից զատ, նախապատրաստական կամ կանխարգելիչ գործողությունների պատրաստակամության մասին է խոսում նաև Իսրայելը, այդ թվում՝ ոչ թե միայն Թեհրանի, այլ նաև «Հեզբոլլահ»-ի դեմ:


Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մտավախություն կա, որ բախումների հիմնական թատերաբեմը կարող է դառնալ հենց Լիբանանը՝  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը նկատեց, որ այժմ հարցը հենց դրանում է կայանում, թե այդ բախումներն արդյոք կընդգրկե՞ն Լիբանանի այլ տարածքներն ու շրջանները ևս, թե՞ իրավիճակը կխաղաղվի միայն երկրի հարավային տարածքին հարվածներ հասցնելով:«Այս իրավիճակում պարզ չեն նաև այն հետևանքները, որոնք կլինեն այդ պատերազմական իրավիճակում. նկատի ունեմ երկրի կապն արտաքին աշխարհի հետ, քաղաքացիների վիճակը՝ կապված սննդի, դեղորայքի և այլնի առկայության հետ: Այս ամենն անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ մենք արդեն անցել ենք այս ամենի միջով և պետք է պատրաստ լինենք», - ընդգծեց Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ սահմանային բախումները ժամանակ առ ժամանակ ուժգնանում են, ժամանակ առ ժամանակ՝ թուլանում: Նա նաև նկատեց, որ Գազայի հատվածում ծավալվող ռազմական գործողությունները ևս փոխկապակցված են Լիբանանի հարավում տիրող իրավիճակի հետ: Միջազգայնագետի դիտարկմամբ՝ այդ իրադարձությունները փոխկապակցված են ինչպես ռազմական գործողությունների առավել լարման, այնպես էլ հանդարտեցման առումներով:


«Եթե Գազայի հատվածում հրադադար լինի, ապա դա, կարծում եմ, կհանգեցնի նաև Լիբանանի հարավային հատվածում լարվածության նվազմանը», - ասաց Գանտահարյանը՝ շեշտելով, որ այս պահին մտահոգությունները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ ռազմական գործողությունները դուրս չգան տարածաշրջանային մակարդակի և գոնե մնան տեղային, միջսահմանային բախումների շրջանակներում: