VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է գնալ մարզեր, համայնքներ, հանդիպել մարդկանց հետ, զրուցել: Երեկ Բագրատ սրբազանն ու իր համախոհներն այցելել են Երեւանի Ավան թաղամաս, շրջել Ծարավ աղբյուրի միկրոթաղամասում, որտեղ մեծ թվով լրագրողներ, արվեստագետներ են ապրում: Սրբազանը մեկ-մեկուկես ժամ շրջել է թաղամասում, նկարվել երեխաների հետ, պատասխանել մեծահասակների հարցերին: Նրան է միացել երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով նույնպես այդ թաղամասում է ապրում: Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, եւ դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, իրենք ընդամենը իրազեկում են բնակչությանը, թե ինչ վտանգներ են սպասվում մեր երկրին առաջիկայում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է նորաստեղծ «ԱռԱջ» կուսակցության այսօր նշանակված հիմնադիր համագումարը։ Նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե երբ այն կանցկացնեն։ Հարությունյանը կուսակցության նախաձեռնող խմբի մեջ էր։ Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Լեւոն Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրանք թեպետ վստահեցնում են, որ նորաստեղծ ուժը կապ չունի երկրորդ նախագահի հետ, սակայն նախաձեռնողների համակրանքները հայտնի են։ Նկատենք, որ նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է, վերջին ամիսներին կուսակցաշինական բում է, նորահայտ ուժեր են մեկը մյուսի ետեւից ասպարեզ նետվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որեւէ մարզ այցելելը «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում վարչապետը գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ: Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու: Վարչապետի օրակարգում է նաեւ այցելությունն Արմավիրի մարզ. թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռեւս չի հաղորդվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում սկսվող սահմանազատման գործընթացի ժամանակ ասում էր․ «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առեւտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՞ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։ Սակայն սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված, պնդելով, թե կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է կառուցում` թույլ չեն տալու կառուցումն ավարտվի։
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում։ Բնակիչների հետ հոգեբանական զրույցների համար, ասում են, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է պարբերաբար «գործուղվում» Կիրանց, որ համերկրացիներին համոզի, թե առաջիկայում ամեն բան լավ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Բանն այն է, որ ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցն էլ է շարունակում օդից կախված մնալ, ավելի քան 50 գույք է անցել Ադրբեջանին` 2 տուն, 3 կրպակ եւ հողատարածքներ: Գյուղում խոսում են, որ նրանցից 7-ը կտրականապես հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել փոխհատուցումը եւ տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է, քանի որ բանավոր խոստումները թղթի վրա չեն արձանագրվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են պարեկային ծառայության կազմակերպման վարչությունից: Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89.921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44.320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10.408-ը՝ ոչ սթափ վարելու, 14.869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով: Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13.066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15.352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով: Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22.328 արձանագրություն է կազմվել, եւս 11.275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով:
Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17.595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, եւս 274.846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է հրապարակել, որ պարեկները նախկին ճանապարհային տեսուչների նման դարանակալում են, սպասում վարորդ «զոհին», բռնում ու տուգանում: Կարճ ասած՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները, պաշտոնյաները՝ անձեռնմխելի: Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթական բում խոստացող նախարարությունը չի ընկալում պահի լրջությունը եւ արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում, որը կլինի քաղաք՝ առանց ուսանողների: «Ժողովուրդ» օրաթերթը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներից պարզեց, որ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել են 14 հազար 332 դիմորդներ։ Մինչդեռ, ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճար է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։ Այսինքն՝ մեծ թվով թափուր տեղեր են մնացել համալսարաններում՝ ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով։ Եթե կոպիտ հաշվարկ իրականացնենք, ապա կտեսնենք, որ թափուր է մնացել հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը։ Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։ 2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։ Կարճ ասած՝ կրթությունը դանդաղ, բայց անկում է ապրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը եւ տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։ Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռեւս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի` առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ 1»-ի տիեզերք արձակելու մասին, սակայն պարզվում է՝ այդ ամենն արվել է առանց պատշաճ հսկողության։
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ երկրների արբանյակների աշխատանքին: Մամուլում անգամ լուր գրվեց, որ հուլիսի 3-ին ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի (ով համակարգել է այդ ոլորտը) պաշտոնանկությունը պայմանավորված է եղել արբանյակի հետ կապված ձախողմամբ, չնայած Պողոսյանը մեզ հետ զրույցում դա անհեթեթություն էր անվանել: Տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: