VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների եւ օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բյուջեի վիթխարի դեֆիցիտ ունեցող Փաշինյանը իր հետ տարել է միանգամից երկու լուսանկարչի եւ երկու օպերատորի, թե ինչ հիմնավորմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում: Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին հատկացված լուսանկարիչն ու օպերատորն է, սակայն դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը: Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնը։ Փոխարենը նախարարության աղբյուրները վստահեցրին, որ Պապոյանն աշխատում է աննկարագրելի էնտուզիազմով, Վահան Քերոբյանից հետո թափ է տվել, իրենց բնորոշմամբ, ժանգոտած գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ: Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր` նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները միայն կատարողներ էին։ Հիշեցնենք, որ Պապոյանը նախարար նշանակվեց այս տարվա մարտի 4-ին՝ Վահան Քերոբյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից, նրան տնային կալանք տալուց եւ պաշտոնանկությունից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 12-ին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը։ Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց քանի որ ԱԺ-ն արձակուրդում է, դրան թերեւս կանդրադառնան սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ ասում է Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, նաեւ՝ այդ պահին չթույլատրվող «Զարյա-3» տեսակի նռնակներ: Եվ պատկան մարմինները` ՆԳ եւ առողջապահության նախարարները, կատարվածից օրեր անց` հետին թվով խմբագրել էին իրենց նախորդ որոշումները, որպեսզի արգելված տեսակի նռնակի կիրառումը դարձնեն թույլատրելի: Այդ մասին «Հրապարակը» գրել էր հուլիսի 11-ին: Հենց այդ հարցն էլ պիտի դառնա հանձնաժողովի քննության առարկան»:
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձեւավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ: Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները եւ փորձելու են դրանց լուծումներին հասնել։ Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել․ «Հայաստան» դաշինքից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը: Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ սոցիալական, մասնավորապես` բնակարանային ապահովման ծրագրի, կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցերը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։ Այս ֆոնին պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների: Նախ՝ փաստացի, Թուրքիան իր ձեռքն է վերցնում հայ-ադրբեջանական բանակցությունների «հունը», որոնք արգելակվել են արևմտյան «կուրատորության» պայմաններում, ապա և՝ դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Վրաստանը կմասնակցի տարածաշրջանային այսպիսի ֆորմատին: Մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, չեն բացառվում Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս ինքնիշխանության զիջման տեսքով՝ ի շահ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետաքրքրությունների:
Առավել ևս, որ Վրաստանի իշխանությունների՝ սեփական երկրի շահերին տեր կանգնելու և այլոց ձեռքի խաղալիք չդառնալու հարցում հետևողականությունը, Ադրբեջանի՝ առավելապես դեպի Ռուսաստան հակումներն ու Թուրքիայի անսկզբունքայնությունը ստեղծել են մի վիճակ, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է մնացել, որն առանց մտածելու նետվում է Արևմուտքի գիրկը: Ընդ որում, ակնհայտ է, որ Արևմուտքն է այսօր թելադրում Հայաստանի օրակարգը, թեկուզ և պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե չեն խառնվում Հայաստանի ներքին գործերին: Բայց իրականում դրանք սոսկ հայտարարություններ են, որոնք հեռու են իրականությունից: Նման հայտարարություններ հնչում են նաև այլ խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հատկապես վերջինիս կրավորական կեցվածքը քաղաքական և փորձագիտական շրջանակներում տարակուսանք է առաջացնում, քանի որ, տարածաշրջանում ունենալով զգալի շահեր ու հետաքրքրություններ՝ կարծես կողքից է Ռուսաստանը հետևում, թե ինչպես է Արևմուտքն սկսել այստեղ օրակարգ թելադրել, իսկ Հայաստանում խորանում են հակառուսական տրամադրությունները: Այս մոտեցմամբ, նման կրավորական կեցվածքով հեռու չէ այն օրը, երբ հակառուսականությունը Հայաստանում կհասնի անդառնալիության սահմանին...
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Արևմուտքի դեմ մեր տարածաշրջանում, սակայն չպետք է բացառել, որ հենց այսպիսի զիջողականությունը կարող է հանգեցնել նման ելքի: Այդպիսի վիճակի բացառման միակ հնարավորությունն այս օրերին շատ քաղաքագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տեսնում են իրադարձությունների այնպիսի ընթացքի դեպքում, երբ ԱՄՆ-ում կհաղթի Դոնալդ Թրամփը, ապա կդադարեցվի ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ մեր տարածաշրջանում կվերականգնվի այն կարգավիճակը, որ կար մինչ այդ պատերազմը, այսինքն՝ Ռուսաստանի ազդեցությունը նորից դոմինանտ կլինի: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանի համար եղել ու մնում են ռազմավարական նշանակության տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է օգոստոսին ստորագրահավաք անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն, Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։
Փաստորեն, Փաշինյանից մերժում ստանալուց հետո` պրոարեւմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական մեծ ֆոնին դիվիդենտներ հավաքել հանրության շրջանում: Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ArmLur.am-ին հայտնել է, որ օգոստոսի կեսերին մտադիր են ստորագրահավաքը սկսել, եւ քանի որ գործընթացն ունի ժամկետ՝ 45-60 օր, սեպտեմբերի վերջին նախատեսում են ավարտել այն: Հավաքված 50 հազար ստորագրությունը կներկայացնեն ԱԺ՝ իբրեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե ներկայացնելու նախագիծ-պահանջ: Ճիշտ՝ «Հայաքվեի» նախագծի օրինակով, որը իշխող ՔՊ-ի ջանքերով տապալվեց ԱԺ-ում նախորդ տարի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատումից հետո երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ: Միջադեպը գրանցվել է նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում: Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, հիշեցնենք, հանձնվեց ադրբեջանական կողմին, եւ սկսվեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզվում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադեպեր են հրահրում այս հատվածում՝ պատճառաբանելով, թե ճանապարհը կառուցվում է սահմանային խախտումներով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունը: «Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ եւ դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,- ասաց պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երիտասարդ Սամվել Վարդանյանին խոշտանգելու զազրելի դեպքից անցել է 3 ամիս, ու որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այդպես էլ անհայտ է մնում՝ ով կամ ովքեր ոստիկանների աչքի առաջ նսեմացրին, խոշտանգեցին երիտասարդին։ Ինչպես հայտնի է՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»:
Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ «խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով» քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը դատարանում է։ Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչեւ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց: Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին՝ ամբողջությամբ սեւ հագած եւ դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել էին, գլուխը հարվածել գետնին (ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր)։
Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները. հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետեւ, նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը հետեւի կողմից ձեռնաշղթայված՝ տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։ Եվ այս արարքը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, չի բացահայտվում եւ մեղավորները չեն պատժվում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեւակի 5 հասցեում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել․ շրջակայքի բնակիչները ստորագրահավաք են արել եւ երեկ ներկայացրել են դատախազություն, կառավարություն: Կառուցապատողը Kam Development ընկերությունն է, պայթեցնողը` թիվ 1 տպարանի, «Ձյունիկ» պահեստի պայթեցնող «Նորտեխշին» ընկերությունը, որի տնօրենը Հայկական ժողովրդական շարժման անդամ, քաղաքական գործիչ Վազգեն Պետրոսյանն է: Բնակիչները կարծում են, որ պայթեցումը վնասելու է իրենց շենքերի սեյսմակայունությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ գործող իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով անցկացնել, դրան հրավիրել Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: Անշուշտ, իշխանությունն էքսցեսներից խուսափելու համար, ըստ մեզ հասած տեղեկությունների, բավական ընտրողաբար է կազմելու մասնակիցների ցուցակները՝ ցույց տալու, որ Սփյուռքից լայն աջակցություն ունի։ Անկախության երեսուն տարվա ընթացքում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը կարևոր գաղափար է եղել մեկտեղելու հայության բոլոր ջանքերը՝ ի նպաստ հայկական երկու պետությունների զարգացման, օտար երկրներում հայ համայնքների հնարավորությունների հավաքագրման, դրանք հօգուտ հայկական խնդիրների լուծման։ Իրավիճակն արմատապես սկսեց փոխվել Նիկոլ Փաշինյանի օրոք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
Փաշինյանն սկսեց Սփյուռքի հայկական կառույցներին իրեն հակառակորդ համարել, նրանց նկատմամբ քաղաքականությունն էլ այդ պրիզմայով վարել։ Այս տարի հունիսի 19-ին Փաշինյանը հանդիպել էր մի խումբ սփյուռքահայերի հետ և վիճահարուց հայտարարություններ արել։ Ըստ Փաշինյանի, մեր պատմության մեծ մասում, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։ Նրա խոսքով, իրենց ռազմավարությունը, ՀՀ անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, և կարող են գործել միայն այնտեղ, ուր ունեն գործելու իրավազորություն և լեգիտիմություն։ Ըստ Փաշինյանի, այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։
Չենք ցանկանում որպես բարոյախոս թվալ, բայց Փաշինյանի այդ խոսքերն՝ ուղղված Սփյուռքին, վիրավորանք են։ Փաստացի, Փաշինյանի այս հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Սփյուռքի ավանդական կառուցակարգերին, որոնք ահռելի աշխատանք են տարել հայապահպանության ուղղությամբ, իսկ անկախությունից հետո շոշափելի լոբբիստական քայլեր կատարել Հայաստանին օգնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու համար։ Արցախի ինքնորոշումից Փաշինյանի իշխանությունը վաղուց հրաժարվել է, այսօր էլ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն գերակայություն չեն համարում, այլև փորձում են մոռացության մատնել։ Հետևաբար, Փաշինյանին պետք է Սփյուռքում գործող և այդ հարցերի ջատագով կառույցները թուլացնել՝ նոր կառույցներ ստեղծելով։ Դրան է միտված տարբեր երկրներում Սփյուռքի հարցերով հանձնակատարներ նշանակելու հանգամանքը։
Փաշինյանն իրենց կողմնակից «Սփյուռք» է ստեղծում։ Հունիսի 19-ի Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա բնութագրմամբ, հունիսի 19-ին «Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին»: Սփյուքահայ լրագրողի տեսակետով, Փաշինյանի այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ», հեռու է իրականությունից և դրա մասին երբևիցե ոչ ոք նման բան չի ասել, այլ իրենք միշտ դիտարկել են Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար, իսկ Փաշինյանը փաստացի ոչինչ չգիտի հայկական Սփյուռքի խնդիրների մասին: Սփյուքահայ լրագրող Հարութ Սասունյանին ավելի շատ վրդովեցրել են Փաշինյանի խոսքերը՝ կապված այն հարցի հետ, թե քանի հայ կա աշխարհում: «Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը»,- իր խոսքում նշել է Սասունյանը։
Սփյուռքը միշտ իր հայրենիքին եղել է օգնական իր հնարավորություններով։ Պետք է փաստենք, որ Անկախության 30 տարիներին մեծ է եղել հայրենիքում բնակվող հայրենակիցներին դրամական և նյութական օգնությունը: Մասնավորապես, 90-ականներին հայաստանաբնակ մեր հայրենակիցների մեծ մասը ապրել, գոյատևել է Սփյուռքի իրենց բարեկամների դրամական օժանդակությունների շնորհիվ: Ի դեպ, այդ օժանդակությունը շարունակվում է մինչ այսօր: Իսկ այդ օժանդակության բացակայության դեպքում հայ հասարակության մի հատված կզրկվի օրվա ապրելու հնարավորությունից: Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանն իր բոլոր քաղաքացիների, ինչպես նաև համայն հայության Հայրենիքն է: Ուրեմն, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը: Սփյուռքի շատ հարուստ հայեր այս 30 տարվա ընթացքում մեծ աշխատանք են կատարել հայրենիքում, կառուցել եկեղեցիներ, կատարել ներդրումներ, ստեղծել արժեքներ, բացել աշխատատեղեր, վերափոխել ոլորտներ՝ արդիականացրել համաշխարհային չափանիշներին, նորովի ներկայացրել հայրենիքի հնարավորություններն աշխարհին և հպարտացել հայրենիքի կարողություններով:
Այդպիսի մեծ հայերից է Էդուարդո Էռնեկյանը, որ մեծ ներդրումներ է կատարել բանկային ոլորտում և գինու արտադրության բնագավառում: Վերջինս նաև ամբողջովին նոր միջազգային օդանավակայան կառուցեց Հայաստանում: Ֆրանսիահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը, որն իր՝ հայ լինելով ու երգով ամբողջ աշխարհին հայտնի դարձրեց՝ ով է հայը, որտեղ է գտնվում Հայաստանը: Նրա ամեն մի ակնարկ հայ լինելու մասին իր երգի սիրահարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել դեպի Հայաստանը, դեպի քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած հայ ժողովուրդը: Հայաստանի, հայրենիքի հանդեպ սերը, Հայաստանի 3-րդ Հանրապետությամբ ոգևորված ու իրենց լուման ներդրած հայերի թիվը շատ է, իսկ նրանց կատարած աշխատանքը՝ շատ մեծ: Հարյուրավոր հատորները քիչ կլինեն, եթե դրանց մասին պատմաբանները գրեն և սերունդներին փոխանցեն սփյուռքահայ բարերարների կատարած աշխատանքները հայրենիքում: Սփյուռքը, լինելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության և դրան հետևած պատմական հայրենիքի հայաթափման ողբերգական հետևանքը, իր բուն էությամբ բացասական երևույթի արգասիք է։
Բայց, ի հեճուկս չարակամների, այսօր Սփյուռքը դժբախտությունից վերաճել է բարեբախտության՝ անկախություն վերստացած Հայաստանի համար դառնալով նյութական ու հոգևոր օջախ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից ու սոցիալական դրությունից, մեկ հայրենիք գիտեն՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայ իրականության մեջ Սփյուռքի մասնաբաժինը թե՛ քանակական, թե՛ որակական առումներով հսկայական է։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են օժանդակել Սփյուռքում հայապահպանությանը, պաշտպանել Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքներն ու շահերը, ինչպեսև անել կարելին՝ գործնական քայլերով համախմբելու համար սփյուռքյան ողջ կարողականությունը, ընդգրկելով նաև սփյուռքահայ անհատներին, գիտնականներին, մտավորականներին, արհեստավարժներին:
Հայաստանի Հանրապետությունը պետք է նպաստի յուրաքանչյուր սփյուռքահայի՝ Հայաստանի և իրար հետ հաղորդակցման հնարավորությունների հեշտացմանը, օժանդակի Սփյուռքում հայապահպանության ծանր գործին։ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա սփյուռքահայ բոլոր համայնքներին կապող օղակը, շփման գլխավոր կենտրոնը։ Սփյուռքն իր հերթին Հայաստանի և աշխարհի միջև պետք է լինի մշակութային, տնտեսական, քաղաքական կապի և համագործակցության լավագույն կամուրջը։ Վստահաբար պետք է փաստել, որ ցանկացած երկիր, որտեղ գոյություն ունի հայկական գաղթօջախ, պետք է համարվի Հայաստանի ազգային շահերի գործողության գոտի։ Վերադառնալով գործող իշխանությունների նախաձեռնությանը՝ սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով անցկացնել, պետք է նշել, որ, շատերի համոզմամբ, այդ գագաթաժողովում շատ կարևոր է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը, ինչն օրախնդիր է հայ հասարակության համար, դա կարող է համախմբող դեր կատարել ողջ հայության համար:
Չպետք է թույլ տալ, որ Սփյուռքը տարրալուծվի այլ ազգերի մշակույթներում, այլ Հայաստանի հետ համաշխարհային քաղաքակրթության բեմահարթակում հանդես գա որպես ինքնուրույն և ինքնատիպ դերակատար՝ սեփական դիմագծով, արժեքավոր ասելիքով և արժանապատիվ կեցվածքով։ Աշխարհի ազգերից շատերն անգամ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին, բայց այդ օջախների ակտիվ աշխատանքի շնորհիվ հայ ազգի սխրանքների մասին տեղեկանում են հենց այդ օջախներից: Պետք է փաստենք, որ այս վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդը, օտարության մեջ անցնելով դժվար փորձություններ, ստեղծել է ինչպես հոգևոր օջախներ՝ կառուցել եկեղեցիներ, այլ նաև հայալեզու դպրոցներ և այլ կրթօջախներ:
Այդուհանդերձ, այսօր Սփյուռքի քանակական աճը՝ ի հաշիվ Հայաստանի բնակչության շարունակվող արտահոսքի, անցանկալի գործընթաց է, ցավալի իրողություն։ Այս համատեքստում ազգային համաշխարհային նոր ֆինանսական կառույցի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գլխավոր նպատակը պետք է լինի ամբողջ Սփյուռքի համախմբումը։ Կարծում ենք, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ ՀՀ գործող իշխանությունը չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման գործում:
Արդեն մեկ դարից ավելի ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախները փորձում են ամեն ինչ անել, որ օտարության մեջ չկորցնեն իրենց ինքնությունը, հայ լինելը: Նրանք մշակութային արժեքների պաշտպանությամբ փորձում են պահպանել կապը հայրենիքի հետ: Կարծում ենք, որ այսօր ՀայաստանՍփյուռք փոխհարաբերություններում ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր են հայրենադարձության խթանումն ու գործընթացի կանոնակարգումը: Այդ նպատակով հրատապ է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում՝ վերադարձողների սոցիալական հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց ամրագրմամբ։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը կարող են լինել շատ լավ ծրագրեր, որոնք կարելի է առաջ քաշել Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ-ում կազմակերպվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ։