VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը: Մարդիկ հերթագրվում են որեւէ արեւմտյան դեսպանություն մտնելու համար եւ ամիսներով սպասում, որ մտնեն ու մերժում ստանան: Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները: Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք եւ 15 հազար դրամ վճարում տեղում: Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: 2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում եւ անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչեւ վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ: Իսկ շաբաթ օրը անվտանգության մեծաթիվ ուժերով Կիրանց էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, ով ոչ այնքան կիրանցեցիների նոր կարգավիճակով ու ապրումներով էր անհանգստացած, քանի որ այդ դեպքում կհանդիպեր մարդկանց հետ, որքան մեկնել էր Բագրատ սրբազանին, ըստ էության, պատասխանելու:
Հիշեցնենք, որ սրբազանը շաբաթներ առաջ մեկնել էր Կիրանց եւ հերքել Փաշինյանին, ով Սյունիք այցի ժամանակ տեղացիներին հեռախոսով ցուցադրում էր եւ պարծենում Տավուշում տեղադրված սահմանային փշալարերով։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ փշալարեր Կիրանցում չկան, մարդիկ փնտրում են` չեն գտնում։ Շաբաթ օրը Փաշինյանը հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել փշալարերի շուքին եւ օպերատորին ցուցումներ էր տալիս, թե որ հատվածները նկարի։ Եվ չնայած սահմանազատում կոչվող միակողմանի զիջումների հետեւանքով Կիրանցը կիսվել է, ոմանք կորցրել են իրենց տները, սեփականությունը, քունն ու հանգիստը, մի քանի ընտանիք էլ, ըստ լուրերի, լքել է գյուղը՝ հասկանալով, որ այլեւս ապահով չէ այստեղ ապրելը, Փաշինյանին իր բերած աղետն անգամ հետ չի պահում այդ թեման շահարկելուց: Նա փորձում է փշալարերի տեղադրումը որպես խոշոր ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե գյուղացիները փշալարերից այս կողմում հանգիստ կարող են իրենց հողը մշակել։
«Փաստ» օրաթերթը գրում է. Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում: Այսինքն, կա տեսակետ, որ չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։
Այդուամենայնիվ, քիչ չեն փորձագետները, որոնք վստահ են, որ չի կարելի բացառել որոշակի ռիսկերը: Մեզ հետ զրույցում Հայաստանի միջազգայնագետներից մեկը նշեց, որ առաջին ռիսկերը կարող են վերաբերել Իրանի ու ԱՄՆ-ի (հատկապես, որ այստեղ էլ աշնանը սպասվում են ընտրություններ, և նախագահի փոփոխությունը չի բացառվում) երկխոսության հնարավորություններին, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի վերանայմանը, որոնք կարող են էապես ստվերել Հայաստանի շահերը: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակի իր հակաարևմտյան «գիծը»: Մեր զրուցակցի խոսքերով, շատ ավելի ուշադիր պետք է լինել Իրան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում. այստեղ ևս երկխոսության որոշակի տրանսֆորմացիայի դեպքում (ընդ որում՝ ցանկացած տրանսֆորմացիայի) դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: «Ցավոք, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ, ինչի արդյունքում կա վտանգ՝ հայտնվելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմում: Նրանք, փոխանակ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ բարեկամ երկրի հետ զորավարժություններ անելու, վերջինիս հակառակորդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ են ուսումնական վարժանքներ կազմակերպում, ավելի են մխրճվում արևմտյան սարդոստայնում: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել»,-նշեց մեր զրուցակիցը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի այս պահի իշխանությունները տարբեր «ծրագրերով» ու միջոցներով ամեն ինչ անում են՝ ստիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն ինքնին շատերի շրջանում անհանգստություն է առաջացնում, որ դրանով Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը, ուզում են մեկընդմիշտ փակել Արցախի թեման: Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ արցախցիներին որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում, հատկապես պետական մարմիններում բավական խտրական վերաբերմունք են դրսևորում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ խնդիրն իսկապես առկա է, և ամենաբարձր մակարդակով կարգադրվել է արցախցիներին թեկուզ մի փոքր «պաշտոն հիշեցնող» աշխատանքի չնշանակել, եթե նույնիսկ թեկնածուները Արցախում լուրջ պաշտոն են զբաղեցրել և բավական բարձրակարգ մասնագետներ են: Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն: Թերթի տեղեկություններով, արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ «մի փոքր» բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»: Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը եւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը: Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։ Այսպիսով՝ գործող օրենքով` միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել այս գործընթացը, եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել: ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը. ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։ Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։ Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորների գրեթե բոլոր հեղինակած նախագծերը միտված են ոչ թե երկրում որեւէ խնդիր լուծելուն կամ որեւէ հարց կարգավորելուն, կամ հենց իրենց հռչակած՝ 5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի կառուցմանը, այլ ընդհակառակը՝ բացառապես նպատակ ունեն խեղաթյուրելու մեր ազգային արժեքները եւ հասարակությանը հերթական անգամ նոր շոկի ենթարկելու»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ԲԴԽ-ում կայանալու է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։ Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները ամենակոռուպցիոն ոլորտներից մեկի՝ պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու նպատակով՝ հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել են մեկ ՀԿ։ Մեր տեղեկություններով՝ նրանց է միացել նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն` ընդհանուր ութ անձով։ Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին Народный контроль կամ ОБХСС կառույցները։ Հ.Գ. Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Հաշվեքննիչ պալատի բնորոշմամբ 67 միլիարդ դրամի, 362 մրցույթի ոչ թափանցիկ ծախսումների» փաստի առնչությամբ իշխանությունները առ այսօր, զբաղված լինելով հեծանիվ քշելով, ոչինչ չեն մեկնաբանում: Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը. «Պետական գնումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հենց մեր առաջարկությամբ է կառավարությունն ընդունել, մենք ենք առաջարկել, որ հավատարմագրում իրականացվի:
Դիմումը երկու շաբաթ առաջ ենք ուղարկել, որպեսզի մենք եւս միանանք պետական գնումների գործընթացի վերահսկողությանը: Մեր կողմից առաջարկած կարգի համաձայն՝ ցանկացած լրատվամիջոց եւ հասարակական կազմակերպություն կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ գնումների ոլորտում, բոլոր հանձնում եւ ընդունումների նկատմամբ վերահսկողության իրավունք ատանալ, պետական միջոցներով կառուցվող շինությունների շինհրապարակ այցելել: Հավատարմագրումը բաց է, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է միացել, նույն կերպ էլ «Ժողովուրդ» օրաթերթը կարող է միանալ: Այն ժամանակ հավատարմագրման կարգը շատ բարդ էր, հիմա մենք ֆինանսների նախարարության հետ այն հեշտացրել ենք: Այժմ ցանկացած լրատվամիջոց կամ ՀԿ կարող է միանալ գնումների ցործընթացի վերահսկողությանը»,- նշեց Իոաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարե, կմիանա վերահսկողական գործընթացներին՝ բացահայտելու նորօրյա իրական թալանչիներին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսեւորումներով։ Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացանք հետեւյալ պատասխանը. «Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հստակ հարցերով, թե որոնք են փոխնախարար Նանուշյանի որդու՝ Սերգեյ Մխիթարյանի՝ զինվորական ծառայության չանցնելու հիմնական պատճառները, եւ պահանջել էինք տալ հստակ հիմնավորում՝ զինծառայությունից ազատվելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժեց պատասխան պահանջող մեր հարցումը՝ պատասխանները դարձյալ հիմնավորելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների հղմամբ։ Ստացվում է, որ իշխանությունը ներկայիս պաշտոնյաների համար հնարավորություն է՝ սեփական երեխաների շահերն առաջ տանելու. իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ողջ կոկորդով պայքարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ էլի մյուս պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մերժելի երեւույթի դեմ, ու այդ ընթացքում որեւէ պաշտոնյա չէր խոսում անձնական տվյալների պաշտպանությունից»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։ Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաեւ այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։ Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։