Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա չէ՞ հեծանիվ քշելու մեջ։
Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։ Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։ Արտաքին ուղերձը հետևյալն է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, աշխարհի վերադասավորումների շուրջ ընթացող քննարկումներին, հենց մեր տարածաշրջանում ու մեր պետության շուրջ ու մեր պետությանն առնչվող բուռն և բարդ բանակցություններին, Փաշինյանը՝ որպես ՀՀ պետության ղեկավար ասում է՝ բոլորին, ինձ մի խառնեք այդ քննարկումներին, ես մի բան եմ ուզում՝ դինջ ապրել, ես ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն։ Ես հատուկ չեմ օգտագործում խաղաղ բառը, որովհետև խաղաղությունը դա բոլորովին այլ հասկացություն է, դա ենթադրում է աշխատանք, ջանք ու մասնակցություն բարդ բանակցություններին, խոսքը բացառապես՝ խախանդ ու դինջ ապրելու մասին է, որտեղ կարևոր խնդիրը լուռ ու խելոք մնալն է՝ թողնելով, որ մյուսները որոշեն քո փոխարեն։
Փաշինյանի՝ կոնֆրոնտացիայի չգնալու հայտարարությունը, դա ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի՝ որպես պետության շահերի, հետաքրքրությունների ու ձգտումների բացակայության մասին հայտարարություն էր։ Ինչպե՞ս կարող է պետությունը չունենա նպատակ, ծրագիր, տեսլական՝ զարգացման ու հզորացման, առավել ևս ինչպես կարող է պետությունը դինջ ապրելու հայտ ներկայացնել աշխարհի վերադասավորումների այս փուլում՝ երբ բոլորը փորձում են հնարավորինս լավ կտոր փախցնել այս աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու համար։
Շատերն են հարցնում, թե ինչի՞ց է, որ և՛ ԱՄՆ-ն է Ադրբեջանին շահավետ առաջարկներ հնչեցնում, և՛ Չինաստանը, թյուրքական գորոծնի հետ իր բոլոր խնդիրներով հանդերձ, ստրատեգիական համագործակցության առաջարկ անում Ադրբեջանին, և՛ ՌԴ-ն է Ադրբեջանի սրտով գնում, մի խոսքով, բոլորին թվում է, թե բոլոր խաղացողների շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Նման բան չկա, վերոնշյալ բոլորի հետ Ադրբեջանն ունի բազմաթիվ խնդիրներ ու խոցելի կետեր, բայց այդ բոլորը պատրաստակամ են Ադրբեջանին իրենց կողմը գրավելու, քանի որ վերջինս պարզ ու հստակ ցույց է տալիս, որ ունի շահեր, ավելին ունի ծավալապաշտական նկրտումներ, պատրաստ է թաթախվել աշխարհաքաղաքական այս «բազարների» մեջ, ավելին՝ ամեն ինչ անում է այդ սեղանի շուրջ նստելու համար։ Դրա համար Ադրբեջանը հետաքրքիր է դառնում, նրա հետ ուզում են ու կարիք են տեսնում աշխատելու։
Իսկ հիմա հարց տանք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող է մեզ թողնեն հեծանիվ քշել ու դինջ ապրել, եթե Ադրբեջանի նկրտումները տարածվում են գերազանցապես Հայաստանի վրա։ Մի հատ նստենք ու մտածենք, թե ու՞ր ենք հասել, որ այսօր Բաքվի բռնապետը ռիսկ է անում Կանադայի դեսպանի մոտ մեր երկիրը կոչել «Արևմտյան Ադրբեջան» ու մնալ անարձագանք, կարծես նման բան չի էլ եղել։ Մինչդեռ այդ թեզը կարելի է ուղղել Ալիևի դեմ այնպես, որ մնա իր իսկ ստեղծած կեղծ թեզի տակ, բայց դե Նիկոլ Փաշինյանն ու թիմը հայտարարել են՝ կոնֆրոնտացիայի չեն գնալու, դինջ են ապրելու։ Այս ուղերձը Հայաստանի չգոյության ուղերձ է փաստացի, դինջ մենք հաստատ չենք ապրելու, քանի որ Ադրբեջանի հետ քաղաքական առևտրի առյուծի բաժինը հենց Հայաստանի հաշվին է։ Միգուցե մի քիչ էլ ստացվի հեծանիվ քշել, ծառի տակ պառկել ու անհեթեթ օրակարգերով հանրային տիրույթը զբաղեցնել, բայց հետո կգա պահ, երբ կհրամցնեն, թե ինչ որոշեցին քո մասին ու քո փոխարեն, իսկ այդ ժամանակ, որ հանկարծ փորձես ասել՝ իսկ ինչպե՞ս, ես ներկա չէի, կասեն՝ հարգելիս, հեծանիվ էիր քշում, չուզեցինք խանգարել, իսկ հիմա գնա անելիքդ արա․․․
Այնպես, որ եթե ուզում ենք ՀՀ-ն լինի հավերժ, ուժեղ ու կարող, պետք է դադարենք դինջ ապրելու հոգեբանությունը կրելուց, ավելի լավ է համառ ու համբերատար աշխատել այսօր, քանի թե հետո իրերը հավաքած ապրելու տեղ փնտրել աշխարհի մի անկյունում, որը հաստատ քոնը չէ․․․
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան