24.11.2024
Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել գազամատակարարման վերաբերյալ. ի՞նչ է դա նշանակում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը, ով լայն ժպիտով ու անհոգ հեծանիվ է քշում ու փորձում է ցույց տալ, որ լիովին վստահ է իր թիմի ու հասարակության վրա, իրականում սկսել է չվստահել անգամ իր շողքին։ Մասնավորապես, իր մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին։ Նա հատկապես սկսել է կասկածել ՔՊ-ի ակտիվին, որոնք երդվում են շեֆի անունով, բայց այդ երդումներն այլեւս գրոշի արժեք չունեն իր համար։ Ասում են, թե Նիկոլը հիմա հավատարիմներին ընտրում է բացառապես կնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը որոշել է «հանրության մեջ դուրս գալ»: Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ: Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրի՝ շատ ոգեւորված է հետ եկել Սյունիքի մարզից, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանք ու եռանդ չէր խնայել կազմակերպելու այնպիսի հանդիպումներ, որոնցում Փաշինյանն իրեն կոմֆորտ կզգա, ու ահա դա է պատճառը, որ հայրենի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում անթերի հանդիպումներ կազմակերպելու համար բնակիչների հետ, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին: Փաշինյանի՝ մարզեր գնալու բուն նպատակը նաեւ ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդը իր կողքին է, ու ինքը մինչեւ 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու: ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ մեր աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ: Ի դեպ, դեռ հստակ չէ, թե որ մարզ կգնա Փաշինյանը, քանի որ նա իր այցերը գաղտնի է պահում ու վերջին պահին է հայտարարում, որ պատրաստվեն, ու մեկնեն մարզ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել: Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը  քայլարշավի  ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որեւէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրեւ սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաեւ մեծ թվով արցախցիներ են մասնակցում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սարգիս Գալստյանի գործով, ում մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, օրերս առերեսում է տեղի ունեցել նրա եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջեւ, ով վկայի կարգավիճակ ունի։ Մեր տեղեկություններով, Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը։ Շահրամանյանը նախագահի պաշտոնում Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սեպտեմբերի 19-ին ողջ արցախահայությունը տեղափոխվեց Հայաստան, այնտեղ մնացին հատուկենտ մարդիկ, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը եւ կինը: Նրանք Արցախից մոտ 3 ամիս առաջ են Հայաստան տեղափոխվել:


Արցախի հայաթափումից հետո լուրեր էին շրջանառվում, որ Գալստյանը նշանակվել է Արցախի պարետ եւ ադրբեջանցիների հետ է համագործակցում։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը: Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին:


«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը սկսել է օր օրի զարմացնել թիմակիցներին: Վերջինս սկսել է, ինչպես մեր տեղի աղբյուրն է նշում, «հոգեդարձ» անել 2018-ից իրեն ծառայած, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատված կադրերին:  Հատկապես նրանց, ովքեր իր կողմից արժանացած հազարումի նվաստացումից հետո լուռ մի կողմ են քաշվել, իսկ կենացների ժամանակ էլ խմում են վարչապետի կենացը` ձեռքի հետ «քսիֆ» ուղարկելով, թե տես՝ մենք, ամեն դեպքում, հավատարիմ ենք քեզ: Այսպիսով՝ Նիկոլը որոշել է 2018-ի «նախկիններին» վերադարձնելով՝ վախեցնել իրենց պաշտոններին ամուր կառչած նախարարներին եւ հասկացնել ,որ ամեն պահի ամենահավատարիմ կադրն էլ ունի իրեն փոխարինող: Մի խոսքով, ինչպես ՔՊ մեր աղբյուրն է ասում, թիմի վախը բռնած է պահում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում: Անցած շաբաթ ԱԺ-ում իշխանությունը լսումներ անցկացրեց, իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայում խոսել է այս մասին, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»։


Սակայն իշխանական կուլիսներում գրեթե վստահ են, որ նման հանրաքվե տեղի չի ունենա` սա ընդամենը փիառ ակցիա է․ իշխանությունները չեն համարձակվի հատել կարմիր գծերը՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից։ Իսկ թեման դաշտ է նետվել հատուկ հաշվարկով, որ հայաստանյան հանրության մոտ բարձրացնեն իշխանության գրպանային արեւմտամետների կշիռը, ինչը պետք է նախեւառաջ իշխանություններին` առաջիկա ընտրությունների համար, որ սրանք այնքան ձայն ունենան, որպեսզի ապագա խորհրդարանը ձեւավորելիս աջակցեն ՔՊ-ին` իշխանության գալու համար։ ՔՊ-ում լավ գիտեն, որ չունեն 50+1 ձայն, հիմա իրենց համար կառավարելի ուժեր են աճեցնում, որ նրանց հետ կոալիցիոն կառավարություն կազմեն։ Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա մտնել ԱԺ: Իսկ եթե ԱԺ-ն մերժի, ապա 300 հազար ստորագրություն է հարկավոր՝ հանրաքվե անելու համար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 15-ին միջազգային Freedom House կազմակերպության պորտը տեղը դրած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հավանաբար, չէր պատկերացնում, որ իշխանական ՀԿ-ներն այնպիսի աղմուկ կբարձրացնեն, որ 2 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին՝ թերեւս, փորձելով նրա ասածները սրբագրել: Հիշեցնենք, որ, ի պատասխան Freedom House-ի զեկույցին, որ Հայաստանը ժողովրդավարության նահանջ է ունեցել, ՔՊ-ականն ասել էր. «Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»: Նրա շեֆը` Փաշինյանը, երեկ կազմակերպության ներկայացուցիչներին ճիշտ հակառակն է ասել. «Freedom House-ի զեկույցները կարեւոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 1-ին «Երեմյան Փրոջեքթս»-ը «Սիզընս» այգում մրցույթ-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 1 ժամում 6000 մարդ մեկ բաժակ կաթ պետք է խմեր՝ «Գինեսի» ռեկորդի գրանցման համար։ Միջոցառման դեմքը բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն էր, որն այդ օրը նաեւ համերգային ծրագրով հանդես եկավ։ Կարելի է ասել՝ միջոցառմանը հավաքված մարդիկ ոչ թե կաթ խմելու, կամ «Երեմյան Փրոջեքթս»-ի համար էին այդ օրը հավաքվել, այլ հենց սիրված բլոգերի համեգին մասնակցելու. համենայնդեպս, մեր հարցումները դա ցույց տվեցին: Բայց, արի ու տես, «Երեմյան Փրոջեքթս»-ը սիրված բլոգերի անվան հաշվին մրցույթ է կազմակերպում, մեծ թվով մարդիկ հավաքում, իսկ հետո հաղթանակը նվիրում է էկոնոմիկայի նախարարությանը։


Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հունիսի 24-ին հանդիպել էր Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին եւ նրան նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած՝ «Գինեսի» համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը։ Այսինքն՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը ոչ թե իր, այլ Կարո Այրումյանի հեղինակության հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. հավանաբար, քաղաքականացրեց այդ «անմեղ» ակցիան, որպեսզի արտոնություններ ստանա: Թե որքանով է արդար, թերեւս հանրությունը կդատի։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով պարզաբանում խնդրեց նաեւ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR-ղեկավար Անահիտ Գեւորգյանից, թե ինչու է որոշվել վկայականը նվիրել Էկոնոմիկայի նախարարությանը։ Վերջինս էլ նշեց. «Ռեկորդը երկրինն է, նվիրել ենք Հայաստանին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Նախորդ միջոցառման ժամանակ էլ ռեկորդը նվիրել էինք Երեւանին՝ ի դեմս քաղաքապետարանի։ Այսինքն՝ ճիշտ չի լինի, որ ռեկորդը մեզ մոտ պահենք, դրա համար նվիրում ենք երկրին»։ Իսկ ինչու չեն նվիրել Կարո Այրումյանին, որի համար հավաքվել էին երեխաները՝ կաթ խմելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ին։ Մինչեւ փոխնախարար դառնալը՝ Պողոսյանը 2019 թվականի մարտից մինչեւ դեկտեմբեր եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, ապա 2019-2022 թվականներին՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։


Պողոսյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվեց այն բանից հետո, երբ վերահսկողության վարչությունը սկսեց ստուգումներ իրականացնել Կենտրոնի թաղապետարանում։ Քաղաքապետարանից դեռ այն ժամանակ այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էին, որ սա պարզապես ստուգում է, այնինչ այն վատ ավարտ ունեցավ Ավետ Պողոսյանի համար։ Վատ ավարտ, սակայն նոր եւ ավելի յուղալի պաշտոնի սկիզբ։ Այսպիսով՝ ուսումնասիրենք այժմ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի ունեցվածքը։ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։ Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ, 2005 թվականի արտադրության, PORSCHE մակնիշի մեքենա եւ 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2019 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը ներկրված է եղել ԱՄՆ-ից։ Տվյալ տարվա ընթացքում փոխնախարարը 2 մլն դրամով վաճառել է PORSCHE մակնիշի մեքենան, արդյունքում՝ տարեվերջում ունեցել է 2 մեքենա՝ KIA եւ VAZ մակնիշների։


Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 25 մլն 977 հազար դրամ, որը, ըստ երևույթին հիփոթեք է, քանի որ Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 160 հազար դրամ եկամուտ, ըստ այդմ՝ այն եկամտահարկի վերադարձի օրենքով է տրվել, սակայն Պողոսյանը ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում հիփոթեքի մասին ոչինչ չի հայտարարագրել։


Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար դոլար։ Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ, որից 2 մլն դրամը մեքենայի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 14 մլն 516 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հավելենք, որ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի հաջողություն չունեցած ղեկավարներից է, որի չարածներով նրան ավելի լավ են ճանաչում, քան արած գործերով։ Հիմա էլ փոխնախարարի պաշտոնում նրան չենք տեսնում ելույթներ ունենալիս»: