VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։ Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։
Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երեւանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչեւ 2026-ը՝ մինչեւ համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։ Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։ Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում։ Հանուն իշխանության վերարտադրության եւ ՔՊ-ի նկատմամբ վստահության բարձրացման, Փաշինյանը նոր քայլեր է մտածելու, դրանցից ամենաաշխատողն արյան ծարավ ամբոխին զոհեր մատուցելն է, իսկ, որպես կանոն, «զոհաբերում» են ամենանվիրվածներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից: Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել: Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին: Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել: Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական: Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել: Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։ Այսինքն, պետական պարտքի` 12 միլիարդի շեմն անցնելը դաս չի եղել այս իշխանության համար: Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն աչք չեն բացում բյուջեի հաշվին ճամփորդություններից։ Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում` ՔՊ-ականներին աշխարհի տարբեր երկրներ գործուղման անվան տակ վոյաժների է ուղարկում` հանգստանալու, կազդուրվելու։
Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը։ Իսկ մի ժամանակ նույնիսկ սրճարան հաճախել ամեն օր չէր կարողանում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծանոթանում ենք Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի եկամուտներին։ Համաձայն նրա իսկ բառացի հայտարարագրածի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալը «բերքը իրացրել է շուկայում»։ Եթե այս կարեւորագույն համակարգի 2-րդ պաշտոնյան ժամանակ ունի բերք ցանելու, հնձելու, դեռ մի բան էլ շուկայում իրացնելու, առաջանում է հաջորդ հարցը, իսկ Բազիկյանը օրվա ո՞ր հատվածում է հասցրել աշխատել` իրականացնել պետական վերահսկողություն, որի համար ստացել է հարկատուներիցս գոյացած 14 միլիոն դրամը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս: Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց: Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական: Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:
Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:
Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը...
Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը կգնա մինչեւ վերջ ու կալանավորման հարցը կտանի Վճռաբեկ դատարան։ Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց դատախազության բողոքը՝ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորման մասով։ Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը եւս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային: Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»: Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Վարդենուտ գյուղի բնակիչները բողոքում էին ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերակա շահ ճանաչելու դեմ, որոնք պետք է օգտագործվեն «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման` «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման համար։ Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին։ Հարկ է նշել, որ կառավարությունը հանրային գերակա շահի վերաբերյալ որոշում է կայացրել 113 հա տարածքի վերաբերյալ։
Ըստ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՝ պատճառը բնակիչների եւ «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունն է։ Բանն այն է, որ իշխանության կողմից մեկ տարի առաջ հաստատված ծրագրի շրջանակում ծրագրի իրականացման տարածքում համայնքի բնակիչներին պատկանող հողի գնահատված արժեքը 270-ից 300 դրամ է կազմել։ Այսինքն՝ հայրենի հողի մեկ քառակուսի մետրն արժե 300 դրամ։ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի պնդմամբ՝ քաղաքացիների պահանջը ֆինանսական է՝ շատ գումար. իսկ որոշ մասը իր հողամասը վաճառել պարզապես չի ցանկանում։ Գրեթե 113 հեկտար հողային տարածքի վրա կառուցվող «Արագած» ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 190 մլն դոլար։
Այս գումարների միջոցով կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ՝ ըստ նախագծի: Նշենք, որ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՌԻԴ» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին: Ռուբեն Գրիգորյանը հայտնի ներդնող է Հայաստանում, նա անգամ ֆինանսավորել է Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Կադաստրի կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչպես է որոշվել հողերի կադաստրային արժեքը: Խնդրեցին հարցում ուղարկել, քանի որ տարբեր բանաձեւեր կան հողերի կադաստրային հարցերի որոշման համար։
Քաղաքացիների կողմից Երեւան-Ապարան մայրուղու փակվելուց, ապա բացվելուց ժամեր անց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ այս խնդրի մասին բարձրաձայնել է դեռ դեռեւս ամիսներ առաջ. «Այս խնդրին անդրադարձել եմ փետրվարին՝ հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։ Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, եւ այդ հարցով կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը»: Ստացվում է, որ երկրի ղեկավարն անգամ տեղյակ չէ երկրի հողի արժեքից եւ դրա սահմանման կարգից, պարզապես ծրագրեր է հաստատում եւ միլիոններ է դուրս գրում պետբյուջեից, սակայն ինչպես դրանք կօգտագործվեն, մեղմ ասած, նրան չեն հետաքրքրում. միեւնույնն է՝ նա Իլհամ Ալիեւի պահանջով հեշտությամբ հողերը հանձնում է»: