VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները խիստ են պատրաստվել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ ավելի խիստ են լինելու։ Բանն այն է, որ այսօր ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր «հանգրվան» է լինելու։ Արդյունքում՝ իրավապահ համակարգը լուրջ է տրամադրվել, թե ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ից ընդդիմադիր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։ «Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», – հարթակից հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», – նշել էր նա՝ հավելելով, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։ «Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու. պատրաստվում ենք հունիսի 12 ին»»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողություն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի՝ առաջին օրվանից նա նման զգուշավորություն է դրսեւորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ հունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պետք է հասկանա՝ բացի աջակցության, սատարման մասին հայտարարություններից, գործնականում ով ինչպես կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիվն էականորեն փոխելու է իրավիճակը։ Ակնկալվում է, որ 30 հազար մարդ կհավաքվի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։
Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր: Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ իշխանություններն ընդդիմությանն են շուրջօրյա ռեժիմով մեղադրում՝ օտար պետության շպիոն լինելու, մանավանդ Ռուսաստանին ծառայելու մեջ, բայց հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արեւմուտքից, օգնության են շտապում իրենց։ Երեկ Երեւանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, ով վարչապետի հետ հանդիպեց։ Իշխանական շրջանակները ոգեւորության մեջ են այդ այցից եւ ասում են, որ ունեն Արեւմուտքի աջակցությունը, քանի որ Հայաստանի հետ կապված ծրագրերը դեռ չեն ավարտվել` Ռուսաստանը տարածաշրջանից դեռ չի հեռացել։ Նախօրեին էլ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանն էր` առանց դրոշի ավտոմեքենայով շտապել պաշարված խորհրդարան` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու։ Փոխարենը Ռուսաստանը զրո հետաքրքրվածություն ունի սրբազան շարժման նկատմամբ, եւ անգամ ընդդիմության հետ չեն հանդիպում: ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար, մինչդեռ 2018-ին՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, բոլորին մոբիլիզացրել էին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջեւ են կանգնած: Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։ Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում եւ կարծես մինչեւ 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։ Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` Ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 2023 թ. հունիսի 1-ին համալսարանի գիտական խորհուրդը մրցույթին մասնակցած երկու թեկնածուից (Հայկ Ղազարյան, Գուրգեն Եղիազարյան) ամբիոնի վարիչ էր ընտրել Գուրգեն Եղիազարյանին: Եղիազարյանը երկար տարիներ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մշտապես իր քվեարկություններով աջակցել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին ու ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանին: Հայցվորը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ փաստեր ունի դրանց վրա կողմնակի ազդեցության վերաբերյալ: