27.11.2024
Վարչապետ. Ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու
prev Նախորդ նորություն

Առաջիկա տարիներին ՀՀ-ն նախատեսում է ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը

Երկարաժամկետ առումով «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են և կայուն: Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում Հայաստանը հատկապես կարևորում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով: Այս մասին «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը»,-նշել է Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Ըստ այդմ, նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

«Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանը նախատեսում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ: