25.11.2024
WikiLeaks. Աբրահամյանը ցանկացել է դառնալ Հայաստանի նախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը մեկնեց Մոսկվա եւ ստանձնեց ՀՀԿ քարոզարշավի ղեկը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստի» տվյալներով` արդեն որոշված է` Հանրապետական կուսակցության քարոզարշավը ղեկավարելու է վարչապետ Կարեն Կարապետյանը` անձամբ շրջելով ողջ հանրապետությունով ու հանդիպելով ժողովրդի հետ: Սակայն, նա կուսակցության առջև պայման է դրել. ՀՀԿ ցուցակներում օդիոզ, կրիմինալ, չսիրված դեմքեր չպետք է լինեն: Պետք է լիսկաներ, մհերներ, շմայսներ չլինեն: ՀՀԿ վերնախավը համաձայնել է այս պայմանին: Անկախ նրանից, թե վարչապետը համամասնական ցուցակում կընդգրկվի, թե ոչ` Կարեն Կարապետյանը կգլխավորի քարոզարշավը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի:

Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը` 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Ու դա կարծես տաբու էր: Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, և թե Մեդվեդևի հետ, և ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն:

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում և սա էլ, իհարկե, պատահականություն չէ: Իր ենթակայությամբ որևէ վարչապետի պաշտոնական այցով Մոսկվա «չուղարկելով»՝ Սերժ Սարգսյանը արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքն է միայնակ «որոշողը»: Կարեն Կարապետյանի պաշտոնական այցով իրավիճակը փոխվում է: Ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջնային դերը այլեւս վերապահվում է Կարեն Կարապետյանին: Այս տեսանկյունից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը։ Առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրելու նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա)։ Հովիկ Աբրահամյանը որոշել է ակտիվ քաղաքականության մեջ մնալ նախկին կուսակիցների հետ։ Չի բացառվում, որ հենց այս եռյակը նոր պրոցեսների սկիզբ դառնա։

«Փաստ» թերթի տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է (թե նրա քաղաքականը ո՞րն է), սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել: «Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական): Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի լինի, Լիսկան փորձելու է իր թեկնածուին խցկել այդ ցուցակի մեջ: Մեր տեղեկություններով` նա Ծառուկյանից դրական արձագանք չի ստացել: Սակայն Խաչատրյանը չի հուսահատվում և համառորեն շարունակում է գործել իր նպատակին հասնելու համար»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։ Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։ Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ թիվը ռեյտինգային ընտրակարգի դեպքում խիստ անիրատեսական է, բայց գտնվել են նաև համաձայնողներ, օրինակ՝ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, էջմիածինցի Հրանտ Մադաթյանը և ուրիշներ։ Սակայն այս նշաձողը քչերը կարող են հաղթահարել»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի մոտ «շտապողների» շարքերը ստվարանում են։ Լավատեղյակներն ասում են՝ ով ասես, որ չի ձգտում այս օրերին հանդիպել նրան, օգտվել Ծառուկյան «շոգեքարշից»։

Ամենայն հավանականությամբ, այս դաշինքը շատ խայտաբղետ է լինելու՝ ռամկավարներից մինչեւ հնչակներ, ազատականներից մինչեւ պահպանողականներ, նախկին ՀԱԿ անդամներից մինչեւ իշխանության թեւից փախածներ։ Եվ չնայած Ծառուկյանն ի սկզբանե հակված էր շատ մեծ դաշինք ձեւավորելուն, որի մեջ կարող էին մտնել նաեւ Սեյրան Օհանյանի շուրջ միավորվող ուժերը, անգամ Նիկոլ Փաշինյանն ու եռյակ կազմած «Ելքը», սակայն, ըստ ամենայնի, «դաշինքներից կազմված դաշինք» չի ձեւավորվելու։

Իրեն հաճախ այցելող Սեյրան Օհանյանին Ծառուկյանը հասկացրել է, որ նեղացած է նրանց պահվածքից՝ չէ՞ որ նրանք իրենց դաշինքի մասին հայտարարեցին նույն օրը, Ծառուկյանի հայտարարությունից մի քանի ժամ անց։ Ճիշտ կլիներ, որ սպասեիք, բանակցեիք, նոր հայտարարեիք՝ մոտավորապես ասել է Ծառուկյանը։

Իսկ երբ խոսք է գնացել համագործակցության ձեւի եւ ցուցակների կազմման մասին, Ծառուկյանը զայրացել է․ «Իմ ժողովրդին ի՞նձ եք ծախում»։ Ասել է նա, նկատի ունենալով Օսկանյանին, Էլինար Վարդանյանին, Վահե Հովհաննիսյանին, ովքեր ԲՀԿ-ից են պատգամավոր դարձել։ Նա նաեւ հասկացրել է, որ մի քանի անդամ ունեցող Դեմոկրատների Արամը, վերլուծաբաններ Թեւանյանն ու Բոզոյանը չեն կարող «ոտք գցել» Ստեփան Դեմիրճյանի, Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի հետ, ովքեր այս օրերին բանակցում են Ծառուկյանի դաշինք մտնելու շուրջ»։