WikiLeaks. Աբրահամյանը ցանկացել է դառնալ Հայաստանի նախագահ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող Հանրապետական կուսակցության շարքեր լքելու լուրը պայթած ռումբի ազդեցություն թողեց քաղաքական դաշտի վրա: Նա ՀՀԿ առացքային դեմքերից է եւ երեք անգամ ղեկավարել է ՀՀԿ ընտրական շտաբը՝ ապահովելով թե՛ կուսակցության եւ թե՛ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հաղթանակն ընտրություններին:
Հովիկ Աբրահամյանն ըստ Վիկիլիքիսի տվյալների դեռեւս 2009 թ-ից նպատակ է ունեցել դառնալ ՀՀ վարչապետ, իսկ այնուհետեւ՝ նախագահ: Այստեղից էլ մամուլում հաճախ շրջանառվում էին լուրեր, որ Աբրահամյանը համաձայն չէր երկրում խորհրդարանական կառավարման համակարգ ներդնելու նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:
Հայ գործարար, «Միկա լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը 2009 թվականի մարտի 20-ին հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և զրույցի ընթացքում քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության գործունեությունը և հարցականի տակ է դրել վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները: Չորս ժամ տևած հանդիպման մասին պետքարտուղարությանը գաղտնի փաստաթղթով տեղեկացրել է փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: Այս հեռագիրը հայերեն առաջին անգամ ներկայացրել է EPRESS.AM կայքը:
Հանդիպման ընթացքում Բաղդասարովը, որին Փենինգթոնը բնութագրում է որպես Սերժ Սարգսյանի մերձավոր մարդ, նշել է, որ ինքը համաձայն չէ այն քաղաքականության հետ, որը վարում է կառավարությունը տնտեսական ճգնաժամի ընթացքում: Բաղդասարովի կարծիքով՝ կառավարությունը միջազգային կառույցներից և Ռուսաստանից ստացած գումարները չպետք է ուղի դեպի բանկեր, այլ պետք է ներդնի ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ստեղծի աշխատատեղեր այն մարդկանց համար, ովքեր գործազրկության պատճառով վերադառնում են Ռուսաստանից, ինչպես նաև արդիականացնի երկրի տրանսպորտային ցանցը: Նա նաև քննադատել է կառավարության քաղաքականությունը կապված դրամի փոխարժեքը նույն մակարդակում երկարատև պահելու հետ, որը, այնուամենայնիվ, արժեզրկվեց մարտի 3-ին 20%-ով: Մեջբերելով Բաղդասարովի խոսքերը դրամի մասին՝ Փենինգթոնը ծանոթության մեջ գրում է, որ իրենց կարծիքով՝ դրամի փոխարժեքը պահպանելու որոշումը կայացրել է ոչ թե Կենտրոնական բանկը կամ վարչապետ, այլ երկրի նախագահը:
Զրույցի ընթացքում Բաղդասարովը նշել է, որ Տիգրան Սարգսյանը մտածող է, այլ ոչ թե մենեջեր և նա պետք է զբաղեցնի Հայաստանի նախագահի խորհրդականի դերը: Նա նշել է, որ վարչապետը վատ է հաղորդակցվում և «միայն գիտի՝ ինչպես խոսել բանկիրների լեզվով»: Բացի դա, գործարարը քննադատել է Սարգսյանին այն խոսքերի համար, որ համաշխարհային ճգնաժամը չնչին կամ ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի համար:
Երբ Բաղդասարովին հարց են ուղղել, թե ում է նա տեսնում որպես արժանի հետևորդ ներկա վարչապետին, նա նշել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Ջոզեֆ Փենինգթոնը իր ծանոթության մեջ նշում է, որ այդ կարծիքը անհիմն չէ. Մովսիսյանը լավ գործընկեր է և էներգետիկայի ոլորտի բարեփոխող:
Բաղդասարովը նաև հայտարարել է, որ ինքը 2008 թվականի հունիսի ասել է Հայաստանի նախագահին, որ Տիգրան Սարգսյանը վատ ընտրություն է վարչապետի պաշտոնում, սակայն Սերժ Սարգսյանը չի լսել իր խորհուրդը: «Նա հիմա գիտի, որ ես ճիշտ էի, սակայն միևնույնն է չի ցանկանում ընդունել դա», – ասել է Բաղդասարովը:
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի անարդյունավետությունը որպես վարչապետ օգնել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական վերելքին: Բաղդասարովի խոսքով, երբ հայաստանյան քաղաքական դաշտի խոշոր խաղորդները ցանկանում են, որ ինչ-որ բան կատարվի, նրանք անտեսում են վարչապետին և գնում են Աբրահամյանի մոտ: Գործարարը նշել է, որ Աբրահամյանին չպետք է թերագնահատել, նա արդեն հասցրել է «ստվերային կառավարություն» ստեղծել խորհրդարանում: Բաղդասարովը ենթադրել է, որ Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը, և, վերջ ի վերջո, Հայաստանի նախագահ:
Գործարարը չի բացառել, որ Աբրահամյանը կարող է ուղի գտնել Սերժ Սարգսյանին դուրս մղելու և պայքարելու նախագահական աթոռի համար արդեն 2013 թվականին:
ԱՄՆ դեսպանատան փաստաթղթի այս հատվածում Փենինգթոնը իր մեկնաբանությունն է զետեղում, որում նշում է, որ արտասահմանյան դիտորդների և հայերից շատերի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը վատ կրթված, նեղ տեղային մտածողությամբ մարդ է, ում, սակայն, իրոք, պետք չէ թերագնահատել:
Ամերիկացի դիվանագետը հարցրել է Բաղդասարովին, թե ով իրականում կարող է ազդել Սերժ Սարգսյանի որոշումների վրա: Գործարարի խոսքով, «Սարգսյանը չի ցանկանում քաղաքական հարցերում խորհուրդներ լսել»: Նա նշել է, որ ինքն այլևս երբեք չի փորձի խորհուրդ տալ Հայաստանի նախագահին: Բաղդասարովն ավելացրել է, որ երբ իր հարցազրույցներից մեկում ինքը քննադատել է Տիգրան Սարգսյանին, նրան անմիջապես կանչել է Սերժ Սարգսյանը և խնդրել է «շտկել» մեկնաբանությունը:
Բաղդասարովը նշել է, որ, «չնայած Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշա Մինասյանը, գոնե կարող է խորհուրդ առաջարկել, սակայն ոչ ոք չի ցանկանում ասել նախագահին, երբ է նա սխալվում: Բաղդասարովը Սերժ Սարգսյանին բնութագրել է որպես «միայնակ գայլ»: «Երբ գործը հասնում է որոշում կայացնելուն, նախագահը ինքնուրույն է դա անում», – ասել է գործարարը: