27.11.2024
ՄԻՊ-ը գոհ է 2023 թվականի իր գործունեությունից
prev Նախորդ նորություն

Մառի անվան պարգևատրման արարողությունը

Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացավ ակադեմիկոս Ն․Յա․Մառի անվան հայագիտության գիտական աշխատանքների միջազգային երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։


Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։


«Նման միջոցառման կազմակերպման գաղափարը երկու տարի առաջ Գառնիկ Սերոբի Ասատրանի մոտ առաջացավ և արագ արձագանք գտավ, որովհետև չեմ վախենա ասել՝ սա ռուսերեն լեզվով իր տեսակի մեջ եզակի նախաձեռնություն է»։


Վադիմ Ֆեֆիլովից հետո ելույթ ունեցավ մրցույթի համահեղինակ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը։


«Այս մրցույթը երկու նպատակ ունի։ Նախ դա հայագիտության զարգացումն ու առաջընթացն է։ Երկրորդը՝ ռուսաց լեզվի արմատավորումը արևելագիտության մեջ։ Շատ ուրախ եմ և երջանիկ, որ մեր հարևանները ընդգրկվեցին գործընթացի մեջ և մրցույթի աշխարհագրությունը ընդլայնվեց»։


Մրցույթի հաղթող է ճանաչվել պատմական գիտությունների թեկնածու, Պատմության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շախբան Խապիզովը։


Մրցույթի շրջանակում Խապիզովը հիմնարար միջառարկայական հետազոտություն էր ներկայացրել հայկական աղբյուրներում Հոների թագավորության հիշատակության մասին։


«Իմ աշխատանքում ես ուսումնասիրել եմ 6-7-րդ դարերի հայկական պետականության կապն ու ազդեցությունը հոների պետականության ձևավորման վրա։ Ցավալի է, որ պատմական իրողությունները թույլ չտվեցին այս միության լինելիությունը և հոների թագավորությունը դադարեց գոյություն ունենալ»։


Երկրորդ տեղը մրցույթում զբաղեցրել է ՀՕՀ-Ալանիայի մշակույթի վաստակավոր գործիչ Անդրեյ Դոնչենկոն։ Մրցույթում Դոնչենկոն ներկայացրել է Օսիայում հայկական համայնքի գործունեության մասին աշխատությունները։ Նշենք, որ նա առաջինն է գիտական աշխարհում իր ուշադրությունը սևեռել այդ հարցին։


«Իմ աշխատանքն ավելի շատ լրագրողական բնույթի է։ Ես փորձեցի նյութեր հավաքել Օսիայի հայկական համայնքի մասին, քանի որ դա գրեթե չլուսաբանված թեմա էր»։


Մրցույթի մասնակցության վկայականներ են ստացել Տատյանա Յագայկինան և Վալերիա Օլյունինան։ Հայաստանում ՌԴ արևտրային ներկայացուցիչ Աննա Դանչենկոն առևտրային ներկայացուցչության անունից մասնակիցներին նվերներ հանձնեց։
Արարողությանը ներկա էին գիտական աշխարհի ներկայացուցիչներ, դիվանագետներ և մշակութային կենտրոնների անդամներ։
Մառի անվան միջազգային մրցույթը 2023 թվականից կազմակերպվում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության և ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։ Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանի սահմաններից դուրս ապրող ռուսերեն լեզվով բնօրինակ գիտական աշխատություններ ներկայացրած հետազոտողները՝ ձեռագիր կամ վերջին երեք տարվա ընթացքում տպագրված։ Մրցույթում հաղթած գիտնականների աշխատանքները կհրատարակվեն Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի գիտական պարբերականում։