27.11.2024
Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Լոռու և Տավուշի մարզերում
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը գոհ է 2023 թվականի իր գործունեությունից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում: Օրակարգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր:


Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` հիմնական միջոցառումը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է, որը ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով: «2023 թվականի մեր պլանային ցուցանիշներն այս ծրագրի շրջանակում հիմնականում գերակատարվել են»,- արձանագրել է Անահիտ Մանասյանը: 2023 թվականին իրականացվել է շուրջ 513 այց, դիմումների թիվը` 15,889, որն աճել է նախորդ տարվա համեմատ: Դրական լուծված գործերի թիվը կազմել է 1922:


ՀՀ ՄԻՊ պատմության մեջ առաջին անգամ Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների Եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ:


Անդրադառնալով ՄԻՊ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրերին` հիմնական զեկուցողն արձանագրել է, որ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարողացել են իրականացնել աշխատակազմի կարողությունների բարելավմանը, զարգացմանն ուղղված միջոցառումներ:


Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է երեխաների եւ երիտասարդների պաշտպանության բարելավմանը եւ մասնակցության խթանմանը վերաբերող ծրագրի իրականացումը` ընդգծելով, որ գործում է նաեւ երեխաների եւ երիտասարդների հարցերով ՄԻՊ առընթեր հասարակական խորհուրդը:


Խոսելով միջազգային ֆինանսավորմամբ իրականացված «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում միջոցառման» մասին` հիմնական զեկուցողը շեշտել է, որ մի քանի կարեւոր միջոցառումներ են իրականացվել հատկապես իրավական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից:


Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել համատեղ նիստի քննարկմանը:


Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով խտրական, ատելության խոսքի բացառմանը, ատելության խոսքի դեմ պայքարի մեխանիզմներին, երեխաների խնամակալության խնդիրներին, որդեգրման ինստիտուտին, հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի դեմ պայքարին: