VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», - Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում երեկվանից տագնապալից սպասումներ են ձեւավորվել Փաշինյանի այսօրվա` ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Մեծ մասի կարծիքով Փաշինյանը «կընդառաջի» Էրդողանի առաջարկին՝ «անհիմն հիշողությունները» դեն նետելու մեսիջներ հղելով եւ հանդես գալով ցեղասպանության ճանաչման գործընթացին անդառնալի հարված հասցնող ուղերձով, հատկապես որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ դեռ պետք է համոզվել ցեղասպանության իրողության հարցում` անուն առ անուն ճշտել 1.5 միլիոն զոհերին։
Նշենք, որ երիտքպականների մոտ վերջերս դասախոսություն կարդալիս Փաշինյանը համառորեն չէր օգտագործում ցեղասպանություն բառը՝ այն փոխարինելով Մեծ եղեռնով, եւ այս տենդենցը նկատելի է նաեւ պետական գրեթե բոլոր հաստատությունների կողմից: Դիցուք՝ Երեւանի Մետրոպոլիտենը. ապրիլքսանչորսյան աշխատանքային գրաֆիկը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում մի քանի անգամ խմբագրել է՝ Ցեղասպանությունը փոխելով Մեծ եղեռնի արտահայտությամբ եւ, ի վերջո, ընտրել է` ոչ նալին, ոչ մեխին տարբերակը. մի տեղ մի բառն են գրել, մյուս տեղ՝ երկրորդը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունն առաջիկայում հանձն է առնելու նաեւ Տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, որի հինգերորդ հոդվածի համաձայն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։
Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով: Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։
Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի: Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը եւ այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա: Ուշագրավ է, որ նաեւ խորհրդարանական ընդդիմությունն էր ընդհատակ անցել, եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահի հաշվետվությունը քննվել է առանց ընդդիմության։ Ընդդիմադիրները նույնպես, ըստ ամենայնի, ամաչում են մարդամեջ դուրս գալ, չէ՞ որ մեզանում ընդդիմությունն էլ է ձախողվել եւ հուսախաբ արել իր ընտրողին, իշխանությունն էլ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ: Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։ «Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։
Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ.․«Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։