27.11.2024
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
prev Նախորդ նորություն

ԱԶԲ-ն կանխատեսում է 2024-ին Հայաստանի ՀՆԱ աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%

Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։


Այսօր հրապարակված Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի ապրիլյան թողարկման մեջ ԱԶԲ-ն կանխատեսում է 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:


«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:


Չնայած ընդհանուր առմամբ ավելի դանդաղ աճին՝ շինարարության և սպառողական ոլորտների ծառայությունների ընդլայնումը կշարունակի մնալ հաստատուն: Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի ու տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում:


Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով: Հանքարդյունաբերության և քարհանքագործության ոլորտներում աճը կախված կլինի ապրանքների համաշխարհային գների զարգացումներից և նոր հանքատեղիների բացումից: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին շինարարության ոլորտում աճը կկազմի 16․3%, իսկ 2025 թվականին՝ 18․1%, ինչը համահունչ է կապիտալ ծախսերի հետագա ավելացման և ճանապարհների վրա ու սոցիալական ենթակառուցվածքներում զգալի պետական ներդրումներ կատարելու կառավարության պլաններին:


Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը մինչև 3․5%։


«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոխթմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը: Մենք կարծում ենք, որ այս բարեփոխումների իրականացումը կմեծացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը»։


2005 թվականին ԱԶԲ-ին Հայաստանի միանալուց ի վեր՝ բանկը դարձել է երկրի ամենախոշոր բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը: Գրեթե երկու տասնամյակ տևող համագործակցության ընթացքում ԱԶԲ-ն աջակցել է կառավարության առաջնահերթություններին տրանսպորտի, հանրային հատվածի կառավարման, ֆինանսների, էներգետիկ, ջրային և այլ քաղաքային ենթակառուցվածքների ոլորտներում:


ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնել բարգավաճման, ներառականության, դիմակայունության և կայունության` միաժամանակ հետևողական ջանքեր գործադրելով ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։