VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։ Մեր աղբյուրը հստակ չասաց՝ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի՞ Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, բայց մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ նա որոշել է մի քանի ժամ մնալ Մոսկվայում, ասենք` առավոտյան մեկնել, երեկոյան` վերադառնալ։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքից, դա քիչ հավանական է։ Բանն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր եւ ցուցադրաբար սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Վերջին դրվագը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ արված հակառուսական հայտարարություններն էին։ Իշխանական շրջանակներն էլ հրապարակային տարածում են այն թեզը, թե ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ իշխանության ներսում էլ որոշ շրջանակներ չեն կասկածում, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, պայմանավորվել է Ալիեւի հետ կամ էլ անկարող է դիմադրել նրա պահանջներին եւ սրում է իրավիճակը, հակառուսական գիծ տանում, որ հետո ռուսներին մեղավոր հռչակի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել: Մինչ մանրամասներին անդրադառնալը արձանագրենք, որ կոռուպցիան հետապնդում է Ալեն Սիմոնյանին: Նրա գործունեության շատ դրվագներում կան կոռուպցիայի դրսեւորման ցցուն օրինակներ, որպիսիք ինքը՝ Ալեն Սիմոնյանը, նախկինում քննադատում էր՝ համարելով անթույլատրելի: Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։
Ուսումնասիրելով ԱԺ նախագահի կարգադրությունը՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, կարծես բոլորը Ազգային Ժողովի աշխատակիցներ են, որոնց մի մասի գործուղման ծախսերը հոգում է ՀՀ պետբյուջեն, մի մասն իրենց միջոցներով են մեկնել, սակայն շարքն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որեւէ երկիր։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Այո՛, նույն Էդգար Ավագյանն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները:
Պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին եւ այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչեւ 2022 հունվարի 17-ը։ Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը գտել է քավորի հետ իր ենթակայությամբ հեշտ ճանապարհորդելու եղանակը։ Տարօրինակն, իհարկե, նաեւ այն է, որ օլիգարխ ներկայացող Էդգար Ավագյանը համաձայնել է ԱԺ պատվիրակության կազմում Ֆրանսիա կամ այլ երկրներ մեկնել, որ ինքնաթիռի «տակից» հատուկ ավտոմեքենաներով դիմավորեն, տանեն բարձրակարգ հյուրանոց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաեւ ունի սեփական բիզնեսը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում: Թեեւ Ալեն Սիմոնյանի կնոջ ՍՊԸ-ի գրանցման հասցեն նշված է Արամի փողոց, բայց, մեր տեղեկություններով, Մարիամ Մարգարյանն իր ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերության՝ Հերացի փողոցի վրա գտնվող գրասենյակին հարակից տարածքում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ի գործունեությունը ծավալում: Ինչպես կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, այն տարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվում:
Մարիամ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ում աշխատանքից նա մոտ 8 մլն դրամ շահույթ է ստանում տարեկան: Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաեւ Մարիամ Մարգարյանին. վերջինս ասաց. «Համատեղությամբ աշխատանք է, այո՛: «ԷՖԷՄԷՖ»-ը ակտիվ գործունեություն չի ծավալում, շատ ժամանակ չի խլում»: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ԱԺ նախագահի կնոջ տնօրինությամբ եւ քավոր Էդգար Ավագյանի ֆինանսավորմամբ գործող «Ֆրինյուզ»-ը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել էր 23,3 մլն ՀՀ դրամ, որը ավելի ուշ մարվեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումներից բարձրացած աղմուկի ֆոնին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը: Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ: Այսպիսով, ՔՊ-ականները Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ: Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա եւ պիտի իրագործվի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օկուպացված Ստեփանակերտում այժմ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ հիմնականում զինվորականներ, քաղաքի աղբահանությամբ զբաղվողներ, շինարարներ, ոստիկաններ, որոնք հետեւում են քաղաքի մաքրությանը, քանի որ Ալիեւը սկսել է հաճախ պատվիրակություններ տանել Ստեփանակերտ, շրջայցեր կազմակերպել եւ այլն։ Արցախում մնացած մեր հայրենակիցները պատմում են, որ քաղաքում այս պահին 70 բնակարան է կարգի բերվում, որ ադրբեջանցի որոշ ընտանիքներ տեղափոխվեն իբր «իրենց տներ»։ Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, բենզինի լցակայաններ են տեղադրվել: 1 լիտր բենզինը վաճառվում է Հայաստանի գներից կրկնակի էժան՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթով: Ստեփանակերտում մնացած արցախցիներից յուրաքանչյուրին Կարմիր խաչը 2 հարյուր դոլարին համարժեք գումար է ամսական տրամադրում, որ հոգան իրենց կարիքները: Հիշեցնենք, որ ընդամենը 17-20 արցախցի է մնացել Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում վերջին շրջանում ինտերնետ կապի խ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։ ArmLur.am-ը գրել էր, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր եւ այդ պաշտոնը լքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից. հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ հանդերձարանի կախիչը պոկեց, դժգոհեց, Քաղշին նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կռացավ, վերցրեց կախիչը, այնուհետեւ ազատվեց պաշտոնից: Եղիազար Վարդանյանի նշանակումը պատահական չէր. նա մինչ ռեկտոր լինելը լուրջ քաղաքաշինական գործունեությամբ է զբաղվել։ Մասնավորապես, նախկինում Վարդանյանը ունեցել է շինարարական ընկերություն եւ մասնակցել է յուղալի մրցույթների։ Վարդանյանը վայելում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։
Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը միջամտություն ունի նաեւ Ակադեմիական քաղաքի՝ կյանքի կոչման գործին։ Դեռ փետրվար ամսին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին, որպես ռեկտոր, մասնակցել է Վարդանյանը եւ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը։ Վարդանյանն այս հանդիպման ընթացքում նշել է. «Կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։ Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անճարությունից է այս ընտրությունը կատարել՝ 3 ամիս անց համալսարանի ռեկտորին տեղափոխելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչություն։ Մնում է տարակուսել՝ արդյոք Վարդանյանը կարդարացնի Փաշինյանի հույսերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի ժամկետների մասին տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետեւողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։
Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել եւ ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) եւ (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) եւ այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը:
Այսկերպ «անկախ դատական համակարգի» բրգաձեւ ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով։»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները եւ այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։
Ընկերությունը, փաստորեն, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ոմն Արամ Ալբերտի Ստեփանյանն է: Պարզվում է` Զինվորների ապահովագրության հիմնադրամին ամսական կտրվածքով այս ընկերությունը վճարում է ընդամենը 1500 դրամ, այստեղից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների հետ այսպիսի խոշոր պայմանագրեր կնքող, մեծ վաճառք ունեցող ՍՊԸ-ն ընդամենը 1 գրանցված աշխատող ունի, թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ նույնիսկ հասարակ շաուրմայանոցը չի կարող 1 աշխատակցով գործել։