Ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը Հայաստանի համար սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ կառաջացնի: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Ռուսական ՄԻՐ քարտերը գործում են հայկական «ԱրՔա» համակարգին զուգահեռ և դա, ըստ փորձագետի, ռուսաստանցիներին մինչ օրս թույլ է տվել իրենց քարտերի միջոցով Հայաստանում ակտիվ առևտուր իրականացնել:
Երեքշաբթի, մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առևտրային բանկերը որոշել են դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը: Պատճառն այն է, որ այդ համակարգն արևմտյան ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։
Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ տեղյակ է հայկական բանկային համակարգի որոշման մասին` ձեռնպահ մնալով հավելյալ մեկնաբանություններից: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ տեղեկատվությունը պահանջում է լրացուցիչ ճշտում, ինչով եւ զբաղվում են «մեր համապատասխան գերատեսչությունները»:
2022-2023 թթ, երբ ռուսաստանցիները տասնյակ հազարներով տեղափոխվեցին Հայաստան, իրենց հետ կանխիկ գումար չէին բերել և քարտերով էին առևտուրն իրականացնում:
Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան է մոտ 4 մլրդ դոլար, որից առևտրային փոխանցումները կազմել են 3.1 մլրդ: Այսինքն` փոխանցումներ, որի միջոցով ֆիզիկական անձիք Հայաստանում ծառայություններից են օգտվել: Այդ 3 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի մոտ 15 % է կազմում, նշում է տնտեսագետ Պարսյանը:
«Դա բավականին մեծ գումար է, որը խթանում էր մեր ծառայությունների ոլորտը: ՄԻՐ քարտերի սպասարկման դադարեցումը Հայաստանում հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար բավականին լուրջ բացասական հետևանքներ կունենա», - վստահ է տնտեսագետը:
Բացասական հետևանքները չեն շրջանցի նաև բանկային համակարգին:
«Բանկային համակարգի համար էլ էական ազդեցություն կունենա, քանի որ այս քարտերի սպասարկումից նրանք բավականին մեծ օգուտներ էին ստանում` միջնորդավճարների տեսքով: Ակնհայտ է, որ Հայաստանի առևտրային բանկերը գնացել են այս քայլին արևմտյան ճնշումների տակ:
Վերջին շրջանում այս միտումը ակնհայտ էր, օրինակ` Ղազախստանում հունվարին հրաժարվել էին ՄԻՐ քարտերի սպասարկումից, պատժամիջոցներից խուսափելու նպատակով մի շարք թուրքական բանկեր ևս հրաժարվել էին սպասարկել ՄԻՐ քարտերը և այլն», - հիշեցնում է Սուրեն Պարասյանը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տարածման հարցում Արևմուտքը գնալով սեղմում է օղակը, և դրանից չէր կարող խուսափել Հայաստանի բանկային համակարգը, կարծում է տնտեսագետն ու նկատում, որ ՄԻՐ քարտերի սպասարկումից հրաժարումը կարող է նաև սոցիալական հետևանքներ ունենա:
«Մենք ունենք մոտ 500 000 թոշակառու, մոտ 100 000 նպաստառու, որոնց կեսը իրենց թոշակն ու նպաստը ստանում են VTB բանկի ՄԻՐ քարտերի միջոցով, այս պահին VTB-ն շարունակելու սպասարկել ՄԻՐ քարտերը, բայց մյուս բանկերը հրաժարվելու են սպասարկել: Այդ թոշակառուներն ու նպաստառուները խնդիր են ունենալու իրենց թոշակն ու նպաստն անկանխիկ ծախսելու հարցում»,- մատնանշում է նա:
Թեպետ Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իրենք կօգնեն թոշակառուներին բանի փոփոխության հարցում, բայց դա մինչև մարտի 30-ը չեն կարող հասցնել, զգուշացնում է տնտեսագետը:
«Ստացվելու է, որ հազարավոր թոշակառուներ ու նպաստառուներ ապրիլի 1-ից չեն կարողանալու ծախսել իրենց գումարը՝ կանխիկացնեն, կամ պոստ տերմինալով վճարում անեն, պետք է գնան VTB բանկում կանխիկացնեն», - ընդգծում է նա:
Վերջում Պարսյանը նկատում է, որ հայաստանյան առևտրային բանկերի կողմից այս քայլը հակադարձ գործողությունների է մղելու Ռուսաստանին: «Ռուսաստանն էլ, ըստ իս, իր քայլը կանի «ԱրՔա» քարտերի սպասարկման ոլորտում: Եթե այս վիճակը պահպանվի երկարաժամկետ բացասական հետևանքներ կունենա», - եզրակացնում է նա:
Հայաստանի վերջին երկու տարիների տնտեսական թռիչաձև քաճը կապված էր Ռուսաստանից հսող գումարներով, մարդկային ռեսուրսներով:
«Ռուսաստանցիները, որոնք զրկվելու են «Միր»-ի սպասարկումից չեն կարողանա Հայաստանի բանկերում շատ հեշտ հաշիվներ բացել, դա կբերի նրան, որ ռուսաստանցիների հոսքը դեպի Հայաստան կնվազի, իսկ Հայաստանում ապրող ռուսաստանցիները դուրս կգան մեր երկրից և սա կբերի իր բացասական հետևանքները», - եզրափակեց Պարսյանը: