4.04.2026
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
prev Նախորդ նորություն

Պետական պարգևներ և կոչումներ շնորհելու օրենսդրությունը կվերանայվի. ընդդիմությունը դեմ է

Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:


«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:


Հարակից զեկուցող Արփինե Դավոյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը, նշել, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է:


«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել օրենսդրական առաջարկը, նշել, որ մի քանի անհաջող օրինակների հիմնավորմամբ վերացվում է անձի անհատական արժեւորման ինստիտուտը:


Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, վկայակոչելով համաշխարհային մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող կոչումները, արձանագրել է, որ արժեքավոր են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների, այլ՝ անկախ կայացած մասնագիտական ակադեմիաների կողմից:


«Մենք բոլոր եղանակներով պետք է խրախուսենք արժանիքներ ունեցող մասնագետներին: Զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակ, երբ մարդն օգտագործում է այս կամ այն կոչումը որպես ոչ թե իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ՝ լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից, որոնցից չեն օգտվում մյուսները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:


Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


 

Այս տարի ակնկալվում է ինչպես ներմուծման, այնպես էլ այլ երկրներ արտահանման կրճատում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար