25.11.2024
Պետական պարգևներ և կոչումներ շնորհելու օրենսդրությունը կվերանայվի. ընդդիմությունը դեմ է
prev Նախորդ նորություն

Այս տարի ակնկալվում է ինչպես ներմուծման, այնպես էլ այլ երկրներ արտահանման կրճատում

2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, ՀՀ արտահանումն աճել է 55,3%-ով՝ 5,4 միլիարդ դոլարից հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Ներմուծումն աճել է 40,2%-ով ՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և 2,3 անգամ։ Առկա են նաև կառուցվածքային փոփոխություններ առևտրաշրջանառության մեջ։ Այս մասին  «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» մամուլի ասուլիսում, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ տնտեսական հետազոտությունը հայտարարեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:


Նրա խոսքով, 2023 թվականի արտահանման աճի զգալի մասը՝ 31%-ը կամ 2,6 միլիարդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին (նոյեմբերին և դեկտեմբերին)։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ձևավորվել է նոր իրավիճակ՝ արտահանումը այդ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ներմուծմանը։ Առանց կտրուկ աճի 2023 թվականի սեպտեմբերին մեր կողմից կանխատեսվում էր, որ արտահանումը 2023 թվականին կլիներ 7.1 մլրդ դոլարի շրջանակներում։


"2023 թվականին Հայաստանի արտահանման 34,4%-ը (ավելի քան 1/3-ը), եղել է դեպի ԱՄԷ և Հոնկոնգ։ Ամենամեծ արտահանման ուղղությունը եղել է Ռուսատանը՝ կազմելով 40,6%-ը ։ 2023 թվականի արտահանման 75%-ը բաժին է ընկել այս երեք պետություններին։ Նշենք, որ 2021 թվականին արտահանման ընդամենը 2.8% էր գրանցվել դեպի ՄԱԷ և Հոնկոնգ (84 մլն դոլար)։ Փաստորեն, դեպի ՄԱԷ և Հոնկոնգ ունենք արտահանման 35 անգամ աճ 2 տարվա ընթացքում։ Պետք է նշել, որ ի տարբերություն ԱՄԷ և Հոնկոնգի (ինչը հստակ ՌԴ-ից վերաարտահանում է), դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում է Հայաստանում արտադրվող պատրաստի արտադրանքը։ Եթե բացառենք Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Հոնկոնգը առևտրաշրջանառությունից, ապա դեպի այլ պետություններ 2023 թվականին արտահանումը նվազել է 12,2%-ով, ինչը մտահոգիչ է և նկատելի շեղում է ընդհանուր աճի միտումից։ Եթե հաշվի առնենք վերջին 2 տարիների աճի տեմպն առանց այս 3 պետությունների, ապա արտահանման աճը կազմել է ընդամենը 0,6%՝ ընդհանուր 2.8 անգամ աճի համեմատ: Այս փաստը չի վկայում արտահանման կայուն աճի օգտին",- ասաց Թավադյանը։


Նա նկատեց, որ 2023 թվականին արտահանման 75%-ը ուղղված է եղել դեպի ՌԴ, ԱՄԷ և Հոնկոնգ: Արտահանումը նվազել է -12.2%-ով 2023 թվականին, եթե հանենք ՌԴ, ՄԱԷ և Հոնկոնգը: Ըստ տնտեսագետի, վերջին երկու տարիների ընթացքում արտահանման աճը գրանցվել է բացառապես Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Հոնկոնգի ուղղությամբ։ Դեպի տվյալ պետություններ գրանցվել է զգալի (6,8 անգամ) աճ՝ 0,9 միլիարդ դոլարից (2021) մինչև 6,3 միլիարդ դոլար։


Անդրադառնալով ներմուծմանը, նա կարևոր համարեց նշել, որ ԱՄԷ-ն և Հոնկոնգը նվազագույն դեր են խաղացել Հայաստանի ներմուծման դինամիկայի մեջ, որը հիմնականում եղել է Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծման մի մասը վերաարտահանվել է ԱՄԷ և Հոնկոնգ, որը հանդիսանում է վերջին 2 տարիների արտահանման կառուցվածքային փոփոխության պատճառ­ներից մեկը:


"Թեև ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս առևտրաշրջա­նառության զգալի աճ, մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է տարբեր մտահոգիչ միտումներ։ Երկրորդ գծապատկերից երևում է, որ դիտարկենք այլ պետությունները (բացառությամբ Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Հոնկոնգի), ապա 2023 թվականին, իհարկե, առկա ներմուծ­ման դրական աճ՝ համեմատած 2022 թվականի հետ: Այնուամենայնիվ, վերլուծությունը բացահայտում է մտահոգիչ միտում՝ 2023 թվականին առկա է դեպի այլ պետություններ ներմուծման բացասական միտում: Այսպես, այլ հավասար պայմաններում 2024 թվականին կարելի է ակնկալել, որ և՛ ներմուծումը, և՛ արտահանումը դեպի այլ պետություններ կրճատվելու են։ ԱՎԿ տվյալների համաձայն՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի երկրորդ կիսամյակում կազմել է 7,4%։ 2023 թվականի վերջին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է՝ մինչև 9,4%, 2022-ին գրանցվել է 14.2% տնտեսական ակտիվության աճ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2023 թվականին մեծապես պայմանավորված է եղել առևտրի ոլորտով",- ասում է Աղասի Թավադյանը:


Տնտեսագետը մատնացույց արեց, որ Հայաստանում 2023 թվականին արտահանումն աճել է 55,3%-ով (5419-ից հասնելով 8415 մլն ԱՄՆ դոլարի)։ 2023 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է ավելի քան 42.9%-ով (2564-ից հասնելով 3609 մլն ԱՄՆ դոլարի)։ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 42,9%-ը ուղղված է դեպի ԵԱՏՄ։


"Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է, և հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Մերձավոր Արևելք արտահանումը 2023 թվականին աճել է 2.6 անգամ (983-ից մինչև 2 538 մլն ԱՄՆ դոլար)։ Այս աճը հիմնականում պայմանավորված է Հայաստանի տարածքով թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ Ռուսաստանից ԱՄԷ։ Մեծ Չինաստան արտահանումը աճել է 2.8 անգամ, որը նույնպես պայմանավորված է Ռուսաստանից Հոնկոնգ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ։ Նշենք, որ 2023 թվականի վերջի դրությամբ Եվրոմիությունը չորրորդ տեղում է արտահանման մեջ (տե՛ս աղյուսակ 1)։ 2023 թվականին Հայաստանի արտահանման ընդամենը 8.4%-ն է բաժին ընկել ԵՄ-ին",- հավելեց նա։


"Նշենք, որ մինչ 2021 թիվը կոնյակը եղել է ավանդական հիմնական արտահանման ապրանքը դեպի Ռուսաստան: 2022-23 թվականներին տեղի է ունեցել տեղաշարժ դեպի տեխնոլոգիական առաջադեմ ապրանքների արտահանում: Հատկանշական է, որ առաջատար դիրք են սկսել գրավել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հեռախոսները, ավտոմե­քենաները, բժշկական սարքերը և ռադիոսարքավորումները։ Նույն ժամա­նակահատվածում մեքենաների և սարքավորումների արտահանումը Ռուսաստան աճել է ավելի քան 10 անգամ, մինչդեռ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են քիմիական, պլաստմասսա, կերամիկա, ապակի և մետաղներ, աճել են ավելի քան 3 անգամ։ Արտահանման աճին էապես նպաստել է մեքենաների և սարքավորումների վերաարտահանման աճը։ Նշենք որ 2023 թվականի օգոստոսից Վրաստանի և Ռուսաստանի կողմից կիրառվող ավոմեքենաների վերաարտահանման սահմանափակումները էապես ազդել են ավտոմեքենաների վերաարտահանման վրա։ 2024 թվականին ավտոմեքենաների վերաարտահանում չի սպասվում։


Այն պայմաններում, երբ հիմնականում ոսկի և ադամանդներ են վերաարտա­հանվում, իսկ բանկերում առկա են բարձր տոկոսադրույքներ, արդյունաբերությունը շատ դժվար է զարգացնել։


Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի բարձր ավելացված արժեքով արդյունաբերություն՝ արտահանումը։ Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականությունը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հարկային արտոնություննորով և բանկային ոլորտը՝ կառուցապատողից նոր բնակարան ձեռք բերելիս եկամտահարկի վերադարձով։ ՏՏ կազմակերպությունների խթանումը և եկամտահարկի վերադարձի մասին օրենքը հիմնականում նպաստում են աշխատավարձերի զգալի բարձրացմանը ՏՏ, շինարարության, ծառայությունների և ֆինանսական ոլորտներում: Դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում: Այս միտումը խորացնում է զարգացման մակարդակի տարբերությունը Երևանի և մարզերի միջև, քանի որ նոր աշխատատեղերը հիմնականում ստեղծվում են մայրաքաղաքում:


2023 թվականի 4-րդ եռամսյակի կտրվածքով «Wildberries» ընկերությունը 4-րդ ամենախոշոր հարկատուն է, որի հարկերը մեկ տարվա մեջ աճել են 35 անգամ։ Նույն միտումը նկատվում է «Մոբայլ Սենթր» և «Վեստա» («Փրիթի Ուեյ») ընկերությունների պարագայում, որոնց հարկային մուտքերը մեկ տարվա ընթացքում աճել են համապատասխանաբար 2,6 և 3,9 անգամ։ Այս ընկերությունները նույնպես 2023 թվականի ամենախոշոր 5 հարկատուների ցանկում են։ Նշենք որ «Մոբայլ Սենթր» և «Վեստա» ընկերությունների աճը պայմանավորված է համապատասխանաբար հեռախոսների և կենցաղային տեխնիկայի վերաարտահանմամբ։


Քանի որ ԵԱՏՄ-ն արտահանման տեսանկյունից ամենադիվերսիֆիկացված ուղղությունն է, նպատակահարմար է, որ Հայաստանը ակտիվորեն միանա Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին։ Պատրաստի արտադրանք արտադրելու հնարավորությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կհանգեցնի նաև աշխատատեղերի ավելացմանը",- եզրափակեց Թավադյանը: