23.11.2024
Եթե հանուն խաղաղության պատրաստ եք մոռանալ, որ հայ եք, ապա թուրքերը դա երբեք չեն մոռանա
prev Նախորդ նորություն

Այսօրվա պայքարը հարգանքի դրսևորում է բոլոր նահատակների նկատմամբ. Աբրահամյան

Այսօր լրանում է արցախյան շարժման 36-ամյակը, որը մի քանի տասնամյակ խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու արդար ձգտումը` տնօրինելու սեփական ճակատագիրն ու հանուն ազգային գաղափարների պայքարելու վճռականությունը: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը և սկիզբ դնում Արցախի վերածննդին:
Այս ճանապարհը բարդ էր և փշոտ, սակայն գաղափարն այնքան ամուր էր, որ շատերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին սեփական կյանքը դրեցին:

Սա պայքարի ու հաղթանակի հնարավորություն ստեղծեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար, որովհետև հետագայում սկիզբ առած ադրբեջանական հարձակումները ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ուղղությամբ էին` Մեղրիից, Երասխից մինչև Տավուշ:

Հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակներում այս օրը ոչ թե պետք է լինի հուսահատության կամ մղձավանջի առիթ, այլ պետք է լինի արձանագրումն այն բանի, որ ամենածանր օրերին հայն ունակ է գաղափարի հիմքով միաբանվելու և իր վճռական մարտը վարելու` անկախ նրանից, թե թշնամին ներսում է՞, թե՞ դրսում:

Այսօրվա պայքարը նաև հարգանքի դրսևորում է բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր այս տասնամյակների ընթացքում զոհվել են հանուն վաղվա օրվա և հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության",- գրել է Աբրահամյանը: