Թուրքիան եւ տարածաշրջանը 2016-ին. Անկարան դառնում է ավելի ագրեսիվ
Թուրքիայում ներքին փոփոխությունները, որոնք ուղեկցվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միանձնյա իշխանության ամրապնդմամբ եւ իսլամիստական ազգայնականության վերելքով, դարձնում է այդ երկիրն ավելի ագրեսիվ տարածաշրջանային խաղացող: Իսկ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունը Սիրիայի հարցում պաշտոնական Անկարային ավելի ինքնավստահ է դարձնում թե՛ տարածաշրջանային քաղաքականությունում, թե՛ Արեւմուտքի հետ վատթարացող հարաբերություններում: Այս կարծիքին են տարածաշրջանի եւ Թուրքիայի հարցերով փորձագետները:
«2017-ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով երկիրը խորհրդարանական կառավարումից կանցնի ուժեղ նախագահական ինստիտուտի: Բավական է նշել, որ նոր սահմանադրությամբ վերանում է վարչապետի ինստիտուտը… Սա Էրդողանի անձնական հավակնություններով պայմանավորված գործընթաց է: Նախ Թուրքիայում քաղաքական ու հասարակական դաշտն ագրեսիվանում է և դա իր հետ բերում է ազգայնամոլական տրամադրությունների իսլամի ծայրահեղական դրսևորումների աճի: Բայց այդ ունի ինստիտուցիոնալ հենք: Էրդողանի հենարանը հասարակությունում համեմատաբար կրոնամոլ տրամադրություն ունեցողներն են: Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի կոչով փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց հագուստից անգամ պարզ էր դառնում, որ նրանք պատկանում են ծայրահեղական կրոնական հայացքներ ունեցող շրջանակների»,- ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
Անդրադառնալով վերջերս Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ թուրքագետն ասաց, որ սա Թուրքիայի ուժային կառույցների ծայրահեղական տրամադրությունների տեր մարդկանց ներթափանցման հետեւանք է: «Թուրքական իշխանությունն ունի որոշակի պատասխանատվություն, որ ուժային կառույցներ են ներթափանցել այնպիսի անձինք, որոնք կարող են դեսպանի սպանություն իրականացնել՝ բղավելով «Ալլահ աքբար»: «Այդպիսի մարդիկ եզակի չեն ուժային կառույցներում, շատ են: Սա Թուրքիայի իշխանական սերնդափոխության հետեւանք է, որին սատարում է Էրդողանը: Ուստի թեպետ Ռուսաստանի դեսպանի սպանությունը Թուրքիայի կառավարության շահերից չէր բխում, սակայն դա ծայրահեղականության դերսեւորում էր, որը ոչ միշտ է կատարում գործողություններ՝ տեղավորվող պաշտոնական Անկարայի հաշվարկների մեջ»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո, նշում է քննարկման մյուս բանախոս «Նոր զարթոնք» շարժման համահիմնադիր, փորձագետ Սայաթ Թեքերը, իրավիճակ է փոխվել՝ «Էրդողանն ուզում է սուլթանություն ստեղծել»:
Նրա խոսքով, թեպետ Թուրքիայում ընդդիմություն կա, օրինակ՝ քրդական շարժումը, բայց քրդերի նկատմամբ ճնշումներ կան: «Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի դեմ ցեղասպանությունը հիշեցնող ջարդեր եղան, ռմբակոծեցին նրանց թաղամասերը: Պետությունն իր իսկ երկրում ավերածություններ է անում: Հայերի դեմ ուղղակի ոչինչ չեն արել, բայց միշտ ասում ենք, որ քրդերի դեմ նրանց սկսած «պայքարը» միայն թուրք-քրդական պայքար չէ, այլ թուրքերի և խաչակիրների պայքարն է, որի մասնակիցն են նաև կրոնափոխ հայերը: Ատելության խոսքեր միշտ հնչում են հայերի դեմ, և հիմա տեսնում ենք, որ գրեթե միշտ հայկական եկեղեցիների կամ դպրոցների պատերին ատելության խոսքեր են գրվում: Ուղղակի հարձակումներ չենք տեսնում, բայց Թուրքիայի հայությունը վախի մթնոլորտում է ապրում»,- ասաց նալ:
Որպես հետեւանք այս բռնաճնշումների, ըստ Թեքերի խոսքերի, Թուրքիայում ապրող հայերը սկսել են արտագաղթել երկրից:
Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանն ուշադրությունը սեւեռեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը՝ հատկապես Սիրիայում եւ Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության ուժեղացման ֆոնին:
«Տարածաշրջանում իր դերակատարությունն ակտիվացնում է Ռուսաստանը, և այդ սխեմաներում ակտիվ դերակատարում ունի նաև Թուրքիան: Սիրիական հարցում Թուրքիան և Ռուսաստանը, լինելով հակադիր կողմերում, այժմ գտնվում են գրեթե այն վիճակում, որ կարողանում են համագործակցել և միասին իրականացնել ռազմական գործողություններ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորվում է որոշակի համագործակցություն, որը չի կարող ազդեցություն չունենալ այս տարածաշրջանի վրա»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան խնդիրներ ունի Արևմուտքի հետ և մանևրում է ՌԴ-ի ու Արևմուտքի միջև:
Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է մինչև հունվար Թուրքիային տանել իր կողմը, քանի որ հունվարի վերջին ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ, որը, եթե նույնիսկ շարունակի այսօրվա վարչակարգի քաղաքականությունը տարածաշրջանում, «միևնույն է՝ շատ կոնկրետ փոփոխություններ կանի»:
Ռուբեն Մելքոնյանն այս համատեքսում հավելեց, որ թեպետ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են Սիրիայում, սա չի նշանակում, որ նրանք նույն հաջողությամբ համագործակցության եզրեր կգտնեն Հարավային Կովկասում: «Այստեղ այլ խորքային խնդիրներ ու շահեր կան: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ Թուրքիան Էրդողանի շրջանում եւ իսլամիստական ազգայնականության վերելքի ֆոնին, դառնում է ագրեսիվ տարածաշրջանային խաղացող», - հավելեց նա:
Թուրքիայի ներսում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, փորձագետների կարծիքով, Հայաստանը պետք է շատ ուշադիր հետեւի այդ գործընթացներին, անի հետեւություններ եւ դրանցից բխող համապատասխան գործողություններ: