24.11.2024
Իրավիճակը հասել է քաղաքական բիֆուրկացիայի մի կետի. Արման Աբովյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» այն գործիչներից, որոնք ակնհայտ արևմտամետ չեն, ավելին՝ որոշակի կապեր ունեն ռուսական պաշտոնական քաղաքական շրջանակների հետ: Ըստ այդմ, թվում էր՝ այս պատմությունը «հիանալի» հնարավորություն կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ «ազատվել» Ալեն Սիմոնյանից: Սակայն ուշագրավ է, որ ամբողջ ՔՊ խմբակցությունը փաստացի աջակցեց Սիմոնյանին՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնելով: Խնդիրն այստեղ նույնիսկ երկակի ստանդարտները չեն: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունում հազիվ թե որևէ մեկն ինքնուրույն նման քայլի գնար, ուր մնաց թե փաստացի ողջ խմբակցությունը: Այդպիսի որոշումներն իշխանական կուսակցությունում չեն կարող կայացվել առանց Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իմացության, այլ նաև ուղիղ ցուցումի: Կան կարծիքներ, այդ թվում՝ հենց իշխանության ներսում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն իրավապահներին «մեսիջ» է ուղարկել, այն է՝ որոշակի «կարմիր գծեր» չի կարելի անցնել:


Ըստ տեղեկությունների, պատահական չէ, որ հենց երեկ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող երկու մեղադրյալի, այդ թվում՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանի հարսն ազատ է արձակվել «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տալու «շնորհիվ», իրականությանը չի համապատասխանում. իրականում, մեր տեղեկություններով, Աշոտ Հովհաննիսյանի դեմ ընդհանրապես ոչ ոք ցուցմունք չի տվել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանքը փոխվեց դատախազի նախաձեռնությամբ, սակայն մեզ ասացին, որ դա չի նշանակում, թե ՔՊ խմբակցության միջնորդությունը մերժվել է` այլ մնացել է առանց քննության: Բայց այս ձեւակերպումը ՔՊ-ում, մեր տեղեկություններով, ծանր են տարել, քանի որ սրանով դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին եւ հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է: Եվ շեշտել են, որ կանանց խափանման միջոցը փոխել են, որովհետեւ նրանք ցուցմունք են տվել: ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ իշխանական պատգամավորներն ի սկզբանե երկմտել են՝ միջնորդել միայն կանա՞նց հարցով, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան, թե՞ նաեւ տնօրենի` Աշոտ Հովհաննիսյանի համար, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդմամբ ներառվել է նաեւ տնօրենի անունը, այն հիմնավորմամբ, որ չի կարելի հեղինակավոր ընկերությանը նման հարված հասցնել՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։


Որոշ պատգամավորներ կարծում են, թե սա է պատճառը, որ իրենց միջնորդությունը թողել են առանց  քննության։ ՔՊ-ում խոսում են նաեւ՝ որ եթե այս գործը չհիմնավորվի, Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, ում համար այս գործն ավարտին հասցնելը դարձել է կյանքի-մահվան խնդիր: Նա ոչ միայն կեղծ գործ է հարուցել, այլեւ Փաշինյանին հավատացրել, որ երկաթե ապացույցներ ունի «դարի հանցագործության» հետ կապված, դրա համար է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի համար կալանքի սանկցիա պահանջել։ Դատախազությունից երեկ նաեւ պահանջել էին, որ 2 պատգամավոր նորից միջնորդություն ներկայացնեն` որոշվել է, որ երաշխավոր կկանգնեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, եւ որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը օրերս ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանին։ Քննարկվել են Երեւան-Սանկտ Պետերբուրգ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել Երեւանում Սանկտ Պետերբուրգի բիզնես կենտրոն կառուցելու ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ու Երեւանի միջեւ մշակութային ու տնտեսական ծրագրերի իրականացումը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական պատգամավորների հետ առաջիկայում գործուղումների են պատրաստվում մեկնել նաեւ ընդդիմադիր պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-24-ը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Սարգիս Խանդանյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Մինասյանի հետ Վիեննա կմեկնի նաեւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը: Փետրվարի 14-17-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաեւ Գեղամ Մանուկյանը: Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկվում են այն պատգամավորները, որոնք տվյալ երկրների բարեկամական խմբերում են ընդգրկված. «Հիմնականում ԱԺ-ից խմբակցության ղեկավարությանն են հարցնում՝ ովքեր ընդգրկվեն, իսկ շատ դեպքերում ԱԺ նախագահն ինքնուրույն է որոշում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ ես պետք է պատվիրակության կազմում մեկնեի ՌԴ, բայց ինձ չեն ընդգրկել, այսինքն՝ ԱԺ նախագահը, դատարանի փոխարեն, որոշում է կայացրել, ու ես նրան էլ այս մասին ասել եմ», – ասաց նա:


Նկատեցինք նաեւ, որ ընդդիմության կազմից գործուղումների մեկնում են հիմնականում «Դաշնակցության» ներկայացուցիչները. հատուկ որոշում կա արդյոք նրանց մասով խմբակցությունում, որ միայն «Դաշնակցության» ներկայացուցիչները պետք է լինեն պատվիրակությունների կազմում. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Խմբակցության ներսում մենք որոշումները չենք կայացնում՝ հաշվի առնելով «Դաշնակցության» անդամ լինել-չլինելը: Մենք որոշում կայացնում ենք՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը այս կամ այն միջազգային պատվիրակություններում ու բարեկամական խմբերում: Մենք հարգում ենք «Դաշնակցություն» կուսակցությունը, բայց նրանց մասով միակողմանի որեւէ որոշում չկա»»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաեւ վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 7-ը պետք է տանը լինի։ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս», – ասել է նա:


46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են եւս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Խաչատուրովը երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար նա պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով ու գեներալ-մայորի կոչում ստացավ։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո նա միացավ մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներին, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։


Գործը, որով անցնում է Խաչատուրովը, առնչվում է Արարատի մարզում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանած հողամասի ու շինության վաճառքին։ Պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար գործարքների մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանում ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ այդմ՝ ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում անհանգիստ են՝ կարո՞ղ է օրենսդիր մարմինը` ի դեմս ՔՊ-ի, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ իրեն բնորոշ մանր քինախնդրություն դրսեւորի եւ դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին` Դավիթ Բալայանին չընտրի։ Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը 158 ձայն էր ստացել, իշխանական թեկնածուն` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, 100 ձայն։ Բանն այն է, որ հաջորդ նիստին խորհրդարանը պետք է ՍԴ դատավոր ընտրի` Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր ընտրվելուց հետո թափուր մնացած տեղի համար։ Իսկ Դավիթ Բալայանը ՔՊ-ականներից շատերի հիշողության մեջ մնացել է մի հիշարժան դրվագից, երբ Փաշինյանի հրահանգով վերջինիս աջակիցները փակել էին դատարանների դռները, Բալայանը փորձել էր լուսամուտով մտնել իր աշխատավայր եւ հարցազրույցներ էր տալիս, թե փորձ է արվում խոչընդոտել դատավորների աշխատանքը։ Դատավորները հուսով են, որ ՔՊ-ն չի գնա նման քայլի, մանավանդ՝ կան նախադեպեր, երբ, օրինակ, Սերգեյ Մարաբյանին, ով նիկոլական դատավորների շարքին չի պատկանում, ՔՊ-ն ընտրեց` գործուղելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։ Իսկ ՔՊ-ում առայժմ որոշում չունեն Բալայանի ընտրության հարցով։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի՝ պարտավորեցնելով ՀՀ նախագահին Մոհամմեդ Մուքարմեային ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեան ամուսնացել է ՀՀ քաղաքացի Լ. Տոնոյանի հետ եւ ստացել ժամանակավոր կացության կարգավիճակ։ 2021-ին հայցվորը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է դիմումը մերժելու որոշման նախագիծ ու ստորագրել այն՝ դատարանում պատճառաբանելով, որ «եթե վարչապետը մերժել է, ապա նախագահը չէր կարող չստորագրել»։ Արդյունքում դատարանը փաստարկված չի համարել հանրապետության նախագահի, վարչապետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բերած հիմնավորումները՝ բավարարելով Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը։ Իսկ թե ինչու է Փաշինյանը որոշել, որ անձը չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, պատմությունը լռում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. նախագահությունում նստած է եղել նաեւ Վահե Ղալումյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները փոխքաղաքապետի հետ քննարկել են տրանսպորտի թանկացման նախագիծը: Հիշեցնենք, որ հանրության շրջանում բարձրացած մեծ աղմուկից հետո իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ, որպեսզի փոքր-ինչ պարպեն դժգոհությունների մեծ ալիքը:


Իշխանականները վտանգ են զգում, որ ավտոկայանատեղիների թանկացումից հետո տրանսպորտի գնի կտրուկ թանկացումը լուրջ կրքեր է բորբոքելու հանրության շրջանում, ու այլեւս իրենք էլ չեն կարողանա վերահսկել իրավիճակը, ուստի որոշել են զիջումների գնալ, օրինակ՝ նվազեցնել ուղեվարձի թանկացման չափը: Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի թանկացման նախագծի «համակարգողներից է», ՔՊ-ականներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել նախագծում, որպեսզի այն սեղմ ժամկետում ամբողջական տեսքի բերեն ու կրկին ներկայացնեն ավագանու նիստին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, իշխանական պատգամավորներն էլ կիսել են տեսակետը, որ իրավիճակը ավելի չբորբոքելու համար պետք է որոշակի զիջումների գնալ, ձեռնպահ մնալ առայժմ թանկացումներից կամ դա անել անցումներով՝ ոչ միանգամից»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, հիմա էլ նոր ծրագիր է սկսել: Ինչպես հայտնի է, վերջերս պաշտոնապես բացվեց Ծաղկաձորի Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրը, որը 2022 թվականին գնել էր Նարեկ Նալբանդյանն ու ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել: Վերջերս տեղեկացրել էինք, որ Նարեկ Նալբանդյանը նաև օղու արտադրության շուկա է մտել և արտադրում է «Նալբանդյան» պրեմիում օղիները: Եվ ահա, գործարարը որոշել է սուպերմարկետների ցանց բացել: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ցանցի առաջին խանութի բացման արարողությունը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նալբանդյանը ցանկանում է, որ «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցը Հայաստանում լինի ամենամեծը։ Նպատակ կա այն արագորեն տարածել ամբողջ Հայաստանով մեկ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս: