Atlantico. 2017-ի աշխարհաքաղաքական միտումները
2016-ը մոտենում է ավատին, ու Atlantico-ն իր ընթերցողներին է առաջարկում մի շարք կանխատեսումներ 2017-ի համար։ Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ ու հրապարակախոս Ալեքսանդր դել Վալի կարծիքով՝ 2017-ը կարող է դառնալ Ռուսաստանի մեծ վերադարձի ու հզորացման տարի, ընդհուպ մինչեւ բարձր դիրքեր միջազգային ասպարեզում։
«Ռուսները ազատագրում են Սիրիայի մի մասը իսլամական ու ջիհադական ընդդիմադիրներից, ինչը նրանց թույլ է տալիս մեծ ազդեցություն ունենալ բանակցությունների վրա ու պարտադրել իրենց ծրագիրը։ Սիրիայում անցումային գործընթացն ավելի հնարավոր է դառնում ու հենց ռուսներն են դրանում վճռորոշ դեր կատարում։ Բացի դրանից Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է նոր համաձայնության հանգեցնել Արեւմուտքի երկրների հետ, որը բարենպաստ կլինի Ռուսաստանի համար,ու այն որպես կարեւոր մասնակից կուժեղացնի իր դիրքերը միջազգային ասպարեզում, ընդհուպ մինչեւ ԱՄՆ–ի հետ դիվանագիտական պարիտետ»,- կանխատեսում է փորձագետը։
«Մոսկվայի հետ մերձենալու Թրամփի ցանկությունը բառացիորեն հեղափոխական է ԱՄՆ-ի համար,- շարունակում է Դել Վալը,- Միաժամանակ, ինչպես Վլադիմիր Պուտինն ասաց վերջերս, նավթի գներն անխուսափելիորեն կշարունակեն աճել, ինչի շնորհիվ Ռուսաստանը կկարողանա դիմակայել սարսափելի տնտեսական ճգնաժամին։ Նույնիսկ հնարավոր է, որ ԱՄՆ-ն չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչից կարող է ոգեւորվել նաեւ Ֆրանսուա Ֆիյոնը, որը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշումով, եթե իհարկե նա հայտնվի իշխանության ղեկին։
«Հաշվի առնելով այս բոլոր պատճառները՝ նավթի գների աճը, Սիրիայում լուրջ բեկումը, Թրամփ/ Ֆիյոնի վարչակարգերի հարաբերությունների վերբեռնումը Մոսկվայի հետ, 2017-ը կարող է դառնալ Ռուսաստանի տարին»,- պնդում է քաղաքագետը։
«Ւսկ տարածաշրջանային մակարդակով ես կարծում եմ, որ հնարավոր է նաեւ Իրանի վերադարձը՝ մասնավորապես Իրաք։ Այս առումով Իրաքում ու Սիրիայում պարտվողի դերում կարող են հայտնվել քրդերը, եթե Թուրքիան շարունակի պայմանավորվել Պուտինի հետ ու նրանք երկու կողմից ճնշման տակ հայտնվեն»,- կարծում է փորձագետը։
«2017-ի մեծ հանելուկը կարող է դառնալ Չինաստանը։ Արդյո՞ք նա Թրամփի հետ առճակատման ուղին կընտրի, թե հակառակը՝ կընտրի իրատեսական դաշինքը, ասել է թե Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքի, որին մինչ այդ դեմ էր»,- շարունակում է հեղինակը։
«Եվ վերջապես ի հակակշիռ երջանիկ գլոբալիզացիա արտահայտությանը՝ ամենուրեք նկատվում է հակառակ երեւույթը ՝ ապագլոբալիզացիան, գրում է հեղինակը,- Դա չի նշանակում, որ գլոբալիզացիան անցյալում է մնացել, սակայն նկատվում է ձգտում դեպի ինքնիշխանություն, պոպուլիզ, ազգայնականություն՝ թե տնտեսական, թե գաղափարական ու քաղաքական տեսակետներից։ Ապագլոբալիզացիայի պահանջը բացառապես կարեւոր գործոն է, որը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի։
«Եվ այսպես, ամփոփենք՝ 2017-ին մենք իրական քաղաքականության մեծ վերադարձի (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԻնաստան, Հնդկաստան, Թուրքիա եւ այլն) ու ինքնիշխանության ականատեսն ենք դառնալու»,- ամփոփում է Դել Վալը։