Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումը
Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղական Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ: Նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաեւ խստացված վարչական պատասխանատվություն՝ լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաեւ արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար: Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը եւ դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ:
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին:
Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 դրամը գերազանցող գումարը:
Պատգամավորները կարեւորել են ապօրինի ջրօգտագործման եւ ձկնագողության դեմ պայքարը, ներկայացրել որոշ առաջարկներ: Մտահոգիչ է համարվել նաեւ Սեւանա լճից մեծածավալ ջրառը նախորդ տարի: Անհրաժեշտ է համարվել իրականացնել աշխատանքներ՝ բարձրացնելու Սեւանի մակարդակը, ինչպես նաեւ կանխելու ջրի կորուստը:
Առաջարկ է եղել օրենսդրական փաթեթը քննարկել նաեւ շահագրգիռ կազմակերպությունների եւ անձանց հետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: