24.11.2024
Զատուլին. Մոսկվան պետք ձգտի մեղմել հակառուսական որոշ տրամադրությունները Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանը քաղաքական պատերա՞զմ է հայտարարելու Սերժ Սարգսյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթի համար. «Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր: Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել: Խոսքը ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարեւոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար: Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով, որ շատ ասելիք ունի: Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերեւս, դժվար չէ հասկանալ: Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթեւի թիրախը: Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի համար ՀՀԿ-ում հրահանգվել է արտակարգ ռեժիմով բերման ենթարկել արտերկիր մեկնած պատգամավորներին, որոնք արդեն գնացել էին Ամանորը նշելու։ Արտահերթը խոստանում է բավականին հետաքրքիր լինել: Օրակարգում «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որով առաջարկվում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ: Այսինքն՝ նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել եւ 100 մլն․-ից դարձնել 500 մլն․ դրամ: Սա ոմանք գնահատում են որպես բյուջեն համալրելուն ուղղված քայլ, ոմանք էլ ոլորտի մոնոպոլացման վտանգ են տեսնում եւ կարծում են, որ արվում է հօգուտ Գագիկ Ծառուկյանի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև ամիսներ շարունակվող «4+4+4» ֆորմատով քննարկումները հանգեցին այն կետին, որ ի թիվս այլ նորամուծությունների՝ Իշխանությունը համաձայնեց հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, տեղամասերի ներսում և դրսում պետք է տեղադրվեին տեսախցիկներ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար։ Սակայն, հիմա պարզվում է, որ դրսում նկարահանումների համար գումարը չի բավականացնում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներին դա բնավ չի մտահոգում։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ընդդիմադիրների մտահոգությունների, նշել է, որ եթե ցանկանում են մնացած տեխնիկական մասն էլ ապահովվի՝ թող իրենք էլ գումարները գտնեն»:

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադեւոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչեւ տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, որ այդ նիստը ոչ թե մինչեւ տարեվերջ, այլ եկող տարվա սկզբին տեղի ունենա: «Երբ խորհուրդը համալրենք, ձեւավորումը ավարտենք, այդ ժամանակ էլ նիստ կանենք: Մեր գրաֆիկը հո Նոր տարու Ձմեռ պապով չի պայմանավորված»,- ասաց նա:

Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է, որտեղ Ռ. Թադեւոսյանը չբացառեց, որ փոփոխություններ կլինեն: Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում թերեւս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը: «Եկեք անուններով չասենք, դա նախագահի իրավունքն է: Մեկ շաբաթ, թե երկու շաբաթ հետո կլինի, կտեղեկանաք»,- այս խուսափողական պատասխանը տվեց Ռ. Թադեւոսյանը»:

«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգեւատրմանը: «Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը: Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու (վերջինս է դե ֆակտո ղեկավարում «Մոնարխը») մանկության ընկերն է, ասել է թե` Վ. Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»: