Այս իրավիճակում իմ մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ. Ալեն Սիմոնյան
Ես էլ չեմ մասնակցելու ՀԱՊԿ նիստին, որը կայանալու է դեկտեմբերին: Գնամ, ի՞նչ անեմ․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այդուհանդերձ, նա կրկնեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց այս պահին և այս իրավիճակում իր մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները չի կատարում ու չի կատարել։
Տեղեկացրեց. «Իմ չգնալու մասին ես ՀԱՊԿ գործընկերներին զգուշացրել եմ, որևէ արձագանք չկա։ Կարծում եմ՝ չի էլ լինի, քանի որ իրենց համար էլ է հասկանալի մեր քայլը։ ՀԱՊԿ-ը չի շտապում իր պարտավորությունները կատարել, ի՞նչ պիտի գնանք, քննարկենք։ ՀՀ ինքնիշխան տարածք էին ներխուժել, իսկ ՀԱՊԿ-ը գնահատական չի տվել, գնանք ի՞նչ անենք։ Հերթը ՀԱՊԿ-ինն է, ՀԱՊԿ երկրները պետք է գնահատական տան, ոչ թե ապրեն երևակայական մի փուչիկի մեջ, որ կա այլ իրականություն։ Եթե ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, ի՞նչ պիտի ասենք, բացի այն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»,- շեշտեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է դեպի եվրաինտեգրում, Սիմոնյանը նշեց՝ չգիտի, բայց դա մի ուղղություն է, որի հետ կապված ինքը դրական տրամադրվածություն ունի։